Ս.թ. հոկտեմբերի 13-ից 15-ը, ԿԳԱՃ նախագահ Արմինե Մարգարյանը մասնակցել է Պրահայում տեղի ունեցած «Ֆորում 2000» ավանդական ամենամյա համաժողովին: «Ի՞նչ կարող են անել Արևմտյան ժողովրդավարությունները Հայաստանի Եվրոպական ընտրության համար» խորագիրը կրող պանելային քննարկման շրջանակներում տիկին Մարգարյանը հանդես է եկել որպես բանախոս:
Ստորև ներկայացնում ենք ԿԳԱՃ նախագահի խոսքից հատված՝
(…) Որպես Հայաստանի վերլուծական շրջանակների ներկայացուցիչ, ես հավատացած եմ, որ Հայաստանի անվտանգության մեջ ներդրում կատարելով՝ ԵՄ-ն ներդրում է կատարում տարածաշրջանային անվտանգության և կայունության, իր արևելյան հարևանության անվտանգության և կայունության, իր իսկ անվտանգության և կայունության մեջ: Ինչու՞: Պատասխանը շատ պարզ է. Հայաստանն ու ԵՄ-ն կիսում են նույն ժողովրդավարական արժեքները, նրանք երկուսն էլ հավատարիմ են օրենքի վրա հիմնված աշխարհակարգին: (…)
(…) Կարծում եմ միանգամայն ակնհայտ է, որ Հայաստան – ԵՄ հարաբերությունները զարգանում և խորանում են դինամիկ և իմաստալից կերպով՝ ներառելով համագործակցության ոլորտների լայն շրջանակ՝ լինի դա Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում տրամադրվող աջակցության միջոցները, Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը, առաջիկայում ընդունվելիք Հայաստան-ԵՄ նոր գործընկերության օրակարգը, թե Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության պաշտոնական մեկնարկը: Միևնույն ժամանակ, կարևոր է ընդգծել, որ բոլոր այս դրական զարգացումները տեղի են ունենում գլոբալ անորոշության և մասնատվածության ժամանակաշրջանում: Ավելին, մենք ներկայում ականատես ենք լինում Հարավկովկասյան տարածաշրջանում մի նոր երևույթի առաջացմանը, որը կարելի է բնորոշել որպես բռնակալական ռեժիմների՝ հակաարևմտյան ինտեգրացիոն տարածաշրջայնացում: Հետեևաբար, առաջարկում եմ խորհել, թե ինչքան բարդ է Հայաստանի անմիջական ռազմավարական միջավայրը, և ինչքան կարևոր է Հայաստանի համար, որպեսզի ԵՄ-ն ոչ միայն հետևողականություն ցուցաբերի Հայաստանին աջակցելու հարցում, այլ նաև մշակի և իրականացնի Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմատենչ քաղաքականությունը զսպելու քաղաքականություն: Մինչ այժմ, մենք դեռ ականատես չենք եղել որևէ պատժամիջոցների Ադրբեջանի դեմ: Ճիշտ հակառակը՝ ԵՄ-ն ներկրում է ադրբեջանական գազ և/կամ ռուսական գազ Ադրբեջանի միջոցով: Այստեղ օբյեկտիվ հարց է առաջ գալիս՝ որքանո՞վ կարող է ԵՄ-ն առաջնայնությունը տալ իր հիմնարար արժեքների պաշտպանությանը՝ համեմատած ավտորիտար ռեժիմից գազի մատակարարումներին: Դուք կարող եք հարցնել, թե որն է վերոնշյալի կապը Հայաստան – ԵՄ երկկողմ հարաբերությունների հետ: Ես կասեի կապն ուղղակի է, քանի որ ռուս-ադեբաջանական տանդեմն է, որ մարտահրավեր է նետում Հայաստանի ջանքերին՝ ամրապնդելու իր ժողովրդավարությունը և առավել մոտենալու ԵՄ-ին:
Հայաստանի հասարակությունն ակնկալում է ԵՄ-ից ադրբեջանական բռնակալական ռեժիմին զսպելուն միտված ավելի հստակ քայլեր, ինչը ինքնաշխատ կերպով կհանգեցնի Հայաստանի և դրա շուրջ անտանգության և կայունության ամրապնդմանը: (…)















«Ֆորում 2000»-ը ավանդական ամենամյա համաժողով է, որն անցկացվում է ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության և կրոնական հանդուրժողականության խթանման նպատակով:
Այս տարվա համաժողովը կրում էր «Ապացուցելով, որ ժողովրդավարությունը կարող է լինել դիմակայուն և կարողունակ» խորագիրը՝ անդրադառնալով համաշխարհային կարգին, փխրուն ժողովրդավարություններին, ժողովրդավարության ու տեխնոլոգիաներին, Ուկրաինայի խնդրին, ինչպես նաև թեմատիկ և տարածաշրջանային հարցերին վերաբերող մարտահրավերներին, հնարավոր լուծումներին և առաջ շարժվելու ուղիներին: