Ծրագիր 2025, Նորություններ

Պանել 4: Կանայք զինված ուժերում. Ռազմականացման աճ, թե գենդերային բազմազանություն՝ որպես ռազմավարական առավելություն

Ժամանակակից սպառնալիքներին դիմագրավելու համար անհրաժեշտ է կառուցել ադապտացվող և ներառական ինստիտուտներ։ Այսօր, աշխարհի տարբեր երկրներում կանայք ավելի ու ավելի են ներգրավվում զինված ուժերում՝ ոչ միայն որպես զինծառայողներ, այլև որպես սպասարկող անձնակազմի ներկայացուցիչներ, ռազմավարներ և ինստիտուցիոնալ առաջնորդներ։ Այն զինված ուժերը, որը ողջունում է գենդերային բազմազանությունը և ներկայացնում է ողջ հասարակության սպեկտրը, ավելի դիմակայուն է, լեգիտիմ և ռազմավարական առումով ունակ։ Միևնույն ժամանակ, սույն զարգացումների համատեքստում առաջ են գալիս հարցադրումներ. արդյո՞ք զինված ուժերում գենդերային բազմազանությունը նպաստում է ազգային անվտանգության առավել արդյունավետ ապահովմանը, կամ արդյո՞ք կանանց ներգրավումը իրական ներառական քաղաքականության դրսևորում է, թե ռեակտիվ ռազմականացում՝ միտված ճգնաժամերին արձագանքելուն։ 

Սույն պանելային քննարկումը կներկայացնի, թե ինչպես է կանանց ներգրավումը պաշտպանության և ռազմական որոշումների կայացման գործընթացներում բարձրացնում օպերատիվ արդյունավետությունը, ինստիտուցիոնալ լեգիտիմությունը և ժողովրդավարական հաշվետվողականությունը։ Քննարկումը կանդրադառնա նաև ավանդաբար տղամարդկանց կողմից գերիշխվող կառուցվածքներում գենդերային տեսանկյունների ինտեգրման մարտահրավերներին, ինչպես նաև առանց իրական կառուցվածքային բարեփոխումների իրականացվող սիմվոլիկ ներառականության վտանգներին։ Զրույցը հիմնված կլինի գենդերի, պաշտպանական քաղաքականության, ռազմական մշակույթի և անվտանգության ոլորտի բարեփոխումների հատման կետում։

Պանելիստները կքննարկեն՝

  • Հայաստանի և գործընկեր երկրների պաշտպանական բարեփոխումների, մարզում-զորավարժությունների, հավաքագրման և վերահսկողության գործընթացներում «Կանայք, Խաղաղություն և Անվտանգություն» օրակարգի իրականացմանը վերաբերող հարցեր
  • Ներառական զինված ուժերի ռազմավարական առավելությունները՝ ստորաբաժանման ներդաշնակությունից մինչև առավել բազմազան առաջնորդություն և որոշումների կայացում
  • Սիմվոլիկ ներգրավվածությանը, գենդերային կարծրատիպերին և հակամարտությունների ժամանակ կանանց դերերի ռազմականացման ռիսկերին վերաբերող հարցեր