Արդեն տևական ժամանակ է, Հայաստանի Հանրապետության դեմ վարվում է համակարգված, լավ պլանավորված հիբրիդային տեղեկատվական պատերազմ, որում ներգրավված են թե՛ ներսից և թե՛ դրսից գործող ազդեցության գործակալներ։ Նրանց թվում առանձնանում են մի շարք հին ու նոր դերակատարներ, քաղաքական կուսակցություններ, որոնք վաղուց արդեն փաստացի ծառայում են ոչ թե հանրային շահին, այլ օտար քաղաքական օրակարգերին, ինչպես նաև՝ բազում փորձագետներ, վերլուծաբաններ և հանրային գործիչներ, ում միակ նպատակը հանրության շրջանում թերահավատություն և անելանելիության զգացողություն սերմանելն է։ Ցավալիորեն, ազգային ինքնության կարևորագույն հենասյուներից մեկը՝ Հայ Առաքելական եկեղեցին, մի շարք կրոնական ու քաղաքական ֆիգուրների միջոցով, նույնպես տեղեկատվական ճակատում հայտնվել է հակապետական դաշտում։
Սա չի արվում հանուն ազատ խոսքի կամ «այլընտրանքային կարծիքի» բազմազանության։ Արշավի հիմնական նպատակը ՀՀ քաղաքացիների մոտ մշտական անհանգստության, ապատիայի և անելանելիության զգացում արմատավորելն է։ Այն նպատակ ունի ստեղծել մթնոլորտ, որտեղ մարդիկ դադարում են հավատալ՝ թե՛ փոփոխությանը, թե՛ պետական ինստիտուտներին, թե՛ ապագային առհասարակ։ Նույնիսկ փոքր դրական տեղաշարժերը ներկայացվում են որպես մոլորեցնող կամ անիմաստ՝ ընդամենը «անկարողությունն ու ապաշնորհությունը» շղարշելու նպատակ ունեցող խայծեր։
Վերը նկարագրածը մի նպատակ ունի՝ քայքայել ՀՀ պետականության հիմքերը: Հետևաբար, արշավի ճարտարապետները հետևողականորեն առաջ են տանում՝ «Հայաստանը չի կարող ինքնուրույն գոյություն ունենալ», «պետք է վերադառնալ ՌԴ անվտանգության գոտի՝ որպես միակ փրկություն», «ժողովրդավարությունը շքեղություն է, որը մեզ թույլ չենք կարող տալ» նարատիվները։ Սա իհարկե քողարկվում է ՀՀ ներկայիս իշխանությունների պետականամետությունը կասկածի տակ առնող «ուռա-հայրենասիրական» հայտարարություններով, նրանց գործողություններն ու նպատակները ապազգային որակելով, արտաքին ճակատում որևէ հաջողություն «դավաճանական» պիտակելով: Եվ վերջապես, այս ամենն ուղեկցվում է նորանկախ Հայաստանի պատմության ռևիզիայով, անկախության իդեալների արժեզրկմամբ ու ՀՀ ներկայիս որդեգրած արտաքին կուրսի անխնա պախարակմամբ:
Բայց առավել վտանգավորն այն է, որ այս քարոզչական մեքենան աշխատում է՝ օգտագործելով հենց Հայաստանի ներսի ազգային, կրոնական և մշակութային ինստիտուտները։ Երբ ազգային եկեղեցու անունից խոսում են գործիչներ, ովքեր բացահայտ սպասարկում են օտարերկրյա շահեր, երբ պատմական ցավերը շահարկվում են հանուն քաղաքական, նեղ կլանային շահի, հանրությունը կորցնում է իր դիրքորոշման բարոյական հենասյուները։
Ինչո՞ւ սա չի կարելի անտեսել
Տեղի ունեցողը սոսկ տեղեկատվական դաշտում ընթացող սովորական գզվռտոց չէ: Սա մշակութային և հոգեբանական պատերազմ է՝ ընդդեմ Հայաստանի քաղաքացիների, պետության ու պետական ինստիտուտների նկատմամբ նրանց վստահության և հավատի, ինչն արդյունքում կարող է հանգեցնել բարոյալքման եվ ապատիայի՝ մարդկանց ստիպելով կասկածի տակ առնել սեփական ու պետական կարողությունները: Այս համատեքստում իշխանությունների հիմնական թերացումը՝ անհրաժեշտ ներքին բարեփոխումների և խոստացված վեթինգի գործընթացների մասնակի կամ ամբողջական տապալումն է, ինչն էլ մի շարք հակապետական էլեմենտների գործունեության համար պարարտ հող է ստեղծում։
Նման հիբրիդային, համակարգված տեղեկատվական գրոհների դեմ պայքարելու համար բազմաշերտ և խորքային մոտեցում է անհրաժեշտ՝ ինչպես պետական, այնպես էլ հասարակական մակարդակում։ Ստորև ներկայացնում եմ հնարավոր լուծումների շրջանակ՝ բաժանված մի քանի ուղղություններով։
- Պետական մակարդակում
ա) Տեղեկատվական անվտանգության ռազմավարության մշակում
- «Կիբերանվտանգության մասին» օրենքի ընդունմանը զուգահեռ մշակել և կիրարկելլ ազգային տեղեկատվական անվտանգության ռազմավարություն՝ ներառելով մեդիա գրագիտության բարձրացման, տեղեկատվության աղբյուրների մոնիթորինգի և հակազդեցության մեխանիզմներ։
- Արդիականացնել պետական տեղեկատվական համակարգերը՝ ստեղծելով պրոֆեսիոնալ հակազդման թիմեր (օրինակ՝ փաստերի ստուգման, բովանդակության վերլուծության խմբեր)։
բ) Կառուցողական հաղորդակցություն պետական կառույցների կողմից
- Պետական ինստիտուտները պետք է ունենան բաց, հստակ ու թիրախային հաղորդակցության համակարգ։ Տեղեկատվական վակուումը լցվում է մանիպուլյատիվ բովանդակությամբ։
- Բարձրացնել պետական կառույցների թափանցիկությունը և հաշվետվողականությունը՝ ինչը կնպաստի վստահության ճգնաժամի նվազեցմանը։
- Հանրային և կրթական մակարդակում
ա) Մեդիա գրագիտության բարձրացում
- Ներառել մեդիա գրագիտության դասընթացներ դպրոցներում ու բուհերում։ Սովորեցնել՝ ինչպես զանազանել քարոզչական բովանդակությունը, ապատեղեկատվությունը և մանիպուլյացիան։
- Կազմակերպել հանրային արշավներ՝ ուղղված թվային հիգիենային, կեղծ լուրերի զանազանմանը և տեղեկատվական միջավայրի առողջացմանը։
բ) Քաղաքացիական հասարակության առավել ակտիվացում
- Հասարակական կազմակերպությունները, փորձագետները, լրագրողները պետք է ակտիվ դեր ունենան քարոզչությանը հակազդելու հարցում՝ ստեղծելով փաստերի ստուգման հարթակներ, հանրային քննարկումներ, պոդքաստներ:
- Մշակութային և հոգևոր ոլորտում
Վերաիմաստավորել եկեղեցու և ազգային ինստիտուտների դերը
- Պահանջել հաշվետվողականություն այն կառույցներից, որոնք գործում են հակապետական դիրքերից՝ անկախ նրանց սիմվոլիկ նշանակությունից։
- Կրթել նոր, երիտասարդ, արժեհամակարգային առաջնորդների՝ ովքեր իրապես ազգային արժեքների կրող են, բայց և միևնույն ժամանակ առաջնորդվում են պետական շահը մտքում ունենալով։
- Տեխնոլոգիական լուծումներ
ա) Հակապրոպագանդա և հակաֆեյքային մեխանիզմներ
- Ակտիվացնել ֆեյք լուրերի հայտնաբերման ավտոմատացված գործիքներ (ԱԲ բազայով)։
- Սերտորեն համագործակցել միջազգային հարթակների հետ՝ վնասակար բովանդակության արագ հայտնաբերման ու լիկվիդացնելու ուղղությամբ։
բ) Սոցիալական մեդիայի մոդերացիա
- Պետական և մասնավոր հատվածները պետք է համագործակցեն սոցիալական մեդիայի հարթակների հետ՝ հակապետական քարոզչության դեմ կանոնավոր պայքարի համատեքստում։
Հեղինակ՝ Էլեն Հոխիկյան, ԿԳԱՃ մտակենտրոնի ասոցացված փորձագետ