Ինչ կլինի, եթե Բաքուն չկատարի Հռչակագրի դրույթները

«Հայկական ժամանակ»-ը «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար, ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի հետ զրուցել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված եռակողմ փաստաթղթի կետերի, խաղաղության հեռանկարի և որոշ տարակարծությունների շուրջ։
– Տիկի՛ն Մարգարյան, արդեն քանի օր է՝ հանրային-քաղաքական դաշտում քննարկման հիմնական թեման օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում ստորագրված եռակողմ հռչակագիրն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Ե՛վ Ադրբեջանի, և՛ Հայաստանի ԱԳ նախարարությունները հրապարակեցին Խաղաղության պայմանագրի տեքստը, հայտարարեցին տարածաշրջանային ապաշրջափակման պայմանների մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Պայմանագրում տեղ գտած կետերը, ի՞նչ նշանակություն և կարևորություն ունի նախաստորագրված փաստաթուղթը, ի՞նչ է այն տալու կողմերին և հատկապես հայկական կողմին:
– Համաձայնագրի տեքստում դժվար է գտնել գեթ մեկ հոդված, որի բովանդակության մասին չէր խոսվել հանրային տիրույթում: Ըստ փաստաթղթի՝ Հայաստանն ու Ադրբեջանը ոչ միայն չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ, այլ նաև պարտավորվում են հետագայում ևս նման պահանջներ չառաջադրել: Այստեղ հարց է ծագում՝ ի՞նչ ասել է տարածքային ամբողջականություն Հայաստանի և Ադրբեջանի պարագայում: Այս հարցը օրակարգային է՝ հաշվի առնելով Ադրբեջանի՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի միջոցով Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնելը: Համաձայնագիրն այս հարցի պատասխանը տալիս է առանց որևէ երկմտանքի: Մասնավորապես՝ փաստաթուղթը ոչ միայն պարունակում է հղում 1991 թ. դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրին, այլ նաև ամրագրում է, որ նախկին ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միջև սահմանները դարձել են անկախ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջազգային սահմաններ: Հետևաբար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման մասին համաձայնագիրը կնքելու ճանապարհին տեղի ունեցող բանակցություններում առաջնորդվելու են վերոնշյալ պարտավորությամբ: Ավելին՝ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող չկատարել Համաձայնագրի դրույթները՝ հղում անելով իրենց ներպետական օրենսդրության դրույթներին: Կստեղծվի նաև երկկողմ հանձնաժողով, որը կվերահսկի Համաձայնագրի կատարումը, և եթե մենք կամ ադրբեջանցիները պայմանագրի դրույթների վերաբերյալ կունենանք հակոտնյա մեկնաբանություններ կամ վեճեր, տեղի կունենան ուղիղ խորհրդակցություններ: Եթե դրանք 6 ամսվա ընթացքում չտան երկուսի համար էլ ընդունելի արդյունք, ապա և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կփնտրեն խաղաղ կարգավորման այլ միջոցներ:
Թերևս ամենացավոտ հոդվածը վերաբերում է իրավական հարթակներում ներկայացրած միջպետական հայցերին: Եթե դրանք վերաբերում են մինչ Համաձայնագրի ստորագրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրներին, ապա երկուստեք պարտավորվում են հետ կանչել և/ կամ չեղարկել: Ընդգծվում է նաև դրանց այլ կերպ լուծելու տարբերակը: Թե ինչպիսի տեսք կունենան այդ տարբերակները, կարծում եմ՝ մեծապես պայմանավորված է կողմերի միջև վստահության ամրապնդման մակարդակից և Համաձայնագրի տառին ու ոգուն համահունչ գործելաոճից:
Այս Համաձայնագիրն ամենևին չի նշանակում, որ հայերն ու ադրբեջանցիները դրա ստորագրումից անմիջապես հետո սկսելու են միմյանց վստահել և փակել թշնամանքի էջը, միևնույն ժամանակ այն այդ գործընթացի իրավական ֆունդամենտն է գցում, և եթե կողմերը բարեխղճորեն կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները, ապա երկարաժամկետ հեռանկարում Հարավային Կովկասում միջավայրը կարող է փոխակերպվել ի նպաստ կայուն խաղաղության, Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխշահավետ համագործակցության և խաղաղ համագոյակցության:
– Շատ են շահարկումները, թե նախաստորագրված պայմանագիրը ոչ այնքան խաղաղության, որքան նոր սպառնալիքների մասին է: Ի դեպ, նման դիրքորոշում է հայտնել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ գուժելով հայկական կողմին սպասվող մեծ վնասների մասին: Ըստ Ձեզ՝ ստորագրված փաստաթուղթը կյանքի կոչվելու դեպքում ի զորո՞ւ է ապահովել կայուն և երկարատև խաղաղություն տարածաշրջանում, թե՞ ինչպես որոշ ուժեր ու անհատներ են պնդում, նոր պատերազմի և/կամ հարձակման հնարավորություն է ստեղծում:
– Սա դեռ գործընթացի սկիզբն է, եթե կուզեք՝ մեկնարկային կետ: Յուրաքանչյուր հոդված ենթադրում է տարիների քրտնաջան աշխատանք: Պարզ է, որ Հայաստանի և Ադրբեջանի ազգային անվտանգային շահերը նույնական լինել չեն կարող: Պարզ է նաև, որ Ադրբեջանը շարունակելու է ձգտել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» թեզի իմպլեմենտացմանը, խառնվել մեր ներքին գործերին, փորձելու է դիվանագիտական, քաղաքական ճնշումների միջոցով իր համար առավելագույն լուծումներ ստանալ: Բայց պարզ է նաև, որ ռազմական ուժով խնդիրները լուծելու գործիքակազմը նվազագույնի է հասցված: Բացի այդ՝ ես կառաջարկեի այս Խաղաղության համաձայնագիրը չդիտարկել այլ գործընթացներից դուրս: Այսինքն՝ մենք դրա իմպլեմենտացման ժամանակ միայն դրանով չենք զբաղված լինելու, շարունակելու ենք խորացնել ԵՄ-ի հետ մեր գործընկերությունը, ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության ողջ սպեկտորը, համապարփակ պաշտպանություն և անվտանգություն ներդնելը՝ միտված մեր դիմակայունության ամրապնդմանը, շարունակելու ենք բազմազանեցնել մեր արտաքին քաղաքականությունը, կյանքի կոչել TRIPP-ը, վաշինգտոնյան եռակողմ հռչակագիրը և այլն: «Ամեն ինչ կամ ոչինչ» բանաձևն այլևս ապացուցել է իր անարդյունավետությունը, և այս Համաձայնագիրը հնարավորություն է տալիս փոխել այդ բանաձևը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար:
– Շատ են շահարկումները, թե ստորագրված փաստաթուղթը ոչ միայն չի բխում մեր, այլ նաև մեզ համար կարևոր ու կենսական դաշնակիցների շահերից, ինչպես, օրինակ, ՌԴ-ն է, կամ Իրանը, և որ մեր հարևանները մեզ դրա համար «չեն ներելու»: Այս պայմանագրով ո՞ւմ շահերն են գերադասվում և կամ ստորադասվում՝ հաշվի առնելով վերոնշյալ շահարկումները, և ովքե՞ր են փաստաթղթի գլխավոր շահառուները (կրկին հաշվի առնելով այն շահարկումները, որ այս փաստաթղթից կարող են շահել ԱՄՆ-ն, Ադրբեջանը, բայց ոչ Հայաստանը):
– Սույն Համաձայնագրի առաջնային շահառուները Հայաստանը, Ադրբեջանը և ԱՄՆ-ն են: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա եթե վերջինիս կենսական շահերը տեղավորվում էին Հայաստանից արտատարածքային միջանցք կորզելու, այն վերահսկելու, Հայաստանի սուվերենությունը ոտնահարելու տիրույթում, ապա արձանագրենք, որ այդ կենսական շահերը ոտնահարված են, ընդ որում՝ անդառնալիորեն: Իսկ եթե Ռուսաստանի համար կենսական շահ կարող է համարվել, օրինակ, ապագայում TRIPP-ի ընձեռած հնարավորություններից բարեխղճորեն և փոխշահավետ օգտվելը, ապա այդ շահերը ոտնահարված չեն:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա նախագահ Փեզեշքիանն արդեն հայտարարել է, որ TRIPP-ը համապատասխանում է Իրանի տարածքային ամբողջականության և Հայաստանի ու Եվրոպայի հետ կապի պահպանման պահանջներին: Ապագայում առաջացող հնարավոր մտահոգությունների կառավարման առումով Հայաստանն ու Իրանը կշարունակեն ինտենսիվ աշխատանքները, քանի որ Իրանը կարող է ունենալ մտահոգություններ իր սահմանի մոտ ամերիկյան առևտրային շահերի առկայության առումով: Թեպետ ըստ իս՝ դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ, օրինակ, Ամերիկյան ներդրումներով կառուցվող ենթակառուցվածքների հարևանությամբ կարող են լինել Իրանի ֆիզիկական անվտանգությանը սպառնացող գործողություններ: Բացի այդ՝ ԻԻՀ նախագահ Փեզեշքիանը օգոստոսի 19-ին կայցելի Հայաստան, և որոշ տեղեկությունների համաձայն՝ ամենայն հավանականությամբ կողմերը կստորագրեն Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ: Ավելին՝ որքան էլ որ ամբիցիոզ կարող է հնչել, կարծում եմ՝ հայկական կողմը պետք է դիտարկի Իրանի և ԱՄՆ-ի միջև տարվող/տարվելիք բանակցություններում իր կողմից կամրջի դեր ստանձնելու հնարավորությունը՝ թեկուզ գոնե իր տարածքը տրամադրելով կողմերին բանակցելու համար:
– Շատ են շահարկումները, թե ինչու Խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում չկա, ինչպես նաև գերիների վերադարձի վերաբերյալ, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը ադրբեջանական կողմի պահանջով լուծարվեց: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը հարցերի վերաբերյալ, և ի՞նչ կարող էր տալ Մինսկի խումբը ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակում (նկատի ունեմ ԼՂ կորուստը):
– Եթե Մինսկի խումբը չլուծարվեր, և/կամ Արցախի մասին հիշատակում լիներ, կողմերը չէին կարող խոսել միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին: Այլ հարց է, որ մեզ հստակ երաշխիքներ էին պետք, որ ՄԽ լուծարումից հետո Ադրբեջանը այլ թարմացումներ չէր մտցնի հակամարտության շարունակականությունը ապահովելու համար և դրանք չէր բերի բանակցային սեղան: Վաշինգտոնյան հռչակագրից հետո այս ռիսկը նվազագույնի է հասցված: Գերիների վերադարձի թեման ամենացավոտն է ու ամենաշահարկվածը: Օբյեկտիվ հարց է առաջ գալիս՝ ինչպե՞ս կարող են կողմերը խոսել խաղաղության մասին, եթե Բաքվի բանտերում ապօրինաբար պահվում են հայ ռազմագերիներ և այլ պատանդառուներ: Միևնույն ժամանակ այս հարցը բոլոր ժամանակներում եղել է Հայաստանի առաջնայնություններից թիվ մեկ առաջնայնությունը, և լիահույս եմ, որ ամերիկյան կողմի միջնորդությամբ հարցն ի վերջո կլուծվի: Իսկ թե փոխարենը ինչ կստանա Ադրբեջանը ԱՄՆ-ից, արդեն այլ հարց է:
– Տիկի՛ն Մարգարյան, թեև պաշտոնապես բազմիցս խոսվել է այն մասին, որ որևէ միջանցքային տրամաբանություն չկա, սակայն որոշ ընդդիմադիրներ պնդում են, որ ՀՀ-ն միջանցք է տրամադրել, պարզապես ոչ թե ՌԴ-ին, այլ ԱՄՆ-ին: Ի վերջո, ի՞նչ ասել է ճանապարհների ապաշրջափակում և/կամ «Թրամփի ուղի», և արդյոք նոր ստորագրված փաստաթղթով Հայաստանն իրեն դո՞ւրս է դնում Նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանությունից և հատկապես դրա 9-րդ կետից: Ինչո՞ւ ենք դեռ որոշ ուժեր, անհատներ, այդ թվում՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պնդում, որ փաստաթուղթը դեռ ուժի մեջ է:
– Նոյեմբերի 9-ի փաստաթղթի բոլոր դրույթները Ադրբեջանը և Ռուսաստանը ոտնահարել են: 9-րդ կետը խեղաթյուրվել է և օգտագործվել Հայաստանից արտատարածքային միջանցք կորզելու համար: Արցախի էթնիկ զտումից, ռուս խաղաղապահների դուրս գալուց հետո Ադրբեջանն ու Ռուսաստանը իրենք են փաստացի դենոնսացրել այդ փաստաթուղթը: Իսկ արդեն հիմա՝ Վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո, այն ուժի մեջ է այնքան, ինչքան ռուս խաղաղապահները ապահովեցին Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգությունը։
Ինչ վերաբերում է «Թրամփի ուղի» մեգածրագրին, ապա այս փուլում պատասխանները պետք է փնտրել վաշինգտոնյան հռչակագրի 3-րդ հոդվածում, քանի որ դետալները դեռ համաձայնեցված չեն: Ընդհանուր առմամբ խոսքը վերաբերում է ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացմանը ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիմնարար սկզբունքների հարգման հիման վրա: Ադրբեջանը Հայաստանի տարածքով կունենա կապ իր հիմնական մասի և Նախիջևանի միջև, իսկ Հայաստանը կստանա միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններ։ Այլ բառերով՝ Հայաստանը ոչ միայն հնարավորություն կունենա Ադրբեջանի հիմնական մասով և Նախիջևանի տարածքով երկաթուղային կապ ունենալ Սյունիքի մարզի հետ, այլ նաև հասանելիություն ստանալ միջազգային երկաթուղային ցանցին դեպի Ռուսաստան, Իրան, Կենտրոնական Ասիա, Չինաստան: «Թրամփի ուղի» մեգածրագիրը «Միջին միջանցք»-ի բաղկացուցիչն է դառնալու՝ դրանից բխող բոլոր ներդրումային, առևտրային և լայն իմաստով անվտանգային առավելություններով Հայաստանի համար: Միևնույն ժամանակ այդ առավելությունները տեսական տիրույթից գործառնական հարթություն տեղափոխելու համար Հայաստանը պետք է եռապատկի իր ջանքերը:
– Իսկ ի՞նչ ակնկալել հայ-թուրքական հարաբերությունների դինամիկայի տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ Թուրքիան մշտապես հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորել է հայ-ադրբեջանական հարաբերություններով ու հատկապես Խաղաղության պայմանագրով: Հավանական համարո՞ւմ եք, որ մոտ ժամկետում հայ-թուրքական սահմանը բացվի 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձանց համար, և հայ-թուրքական հարաբերությունները դուրս գան նոր մակարդակի վրա:
– Չափավոր լավատեսություն ունեմ: Բացի այդ՝ եթե Հայաստան-Թուրքիա նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, ապա դա կդառնա վաշինգտոնյան գործընթացին հաջորդող առաջին շոշափելի ձեռքբերումը: