Ծրագիր 2025, Նորություններ

Պանել 1: Հայաստանի անվտանգային ռազմավարությունը՝ հարափոփոխ աշխարհաքաղաքական միջավայրում. Մարտահրավերներ և հնարավորություններ, սերտած դասեր

Ներկայումս, Հայաստանի Հանրապետությունը գտնվում է իր անվտանգային և պաշտպանական համակարգի փոխակերպումների կարևորագույն փուլում։ Այս փուլը նշանավորվում է Համապարփակ պաշտպանության և անվտանգության հայեցակարգի ընդունմամբ, ինչպես նաև դրա իրականացմանը միտված ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակմամբ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի կառավարությունը մշակում է նոր Ազգային անվտանգության ռազմավարություն, բազմազանեցնում է ռազմական արտադրանքի մատակարարման աղբյուրները և ձևավորում նոր ռազմավարական գործընկերություններ։ Սույն գործընթացներն ի ցույց են դնում Հայաստանի ձգտումը՝ կառուցելու առավել կայուն, թափանցիկ և ներառական անվտանգային ճարտարապետություն՝ հիմնված ժողովրդավարական արժեքների վրա և համահունչ եվրոպական չափանիշներին։

Որպես աշխարհաքաղաքական առումով անկայուն տարածաշրջանում գտնվող փոքր պետություն՝ Հայաստանի ձգտումը դեպի ռազմավարական ինքնուրույնության և համապարփակ դիմակայունության իր մեջ պարունակում է և՛ մարտահրավերներ, և՛ հնարավորություններ։ Տարածաշրջանային զարգացումներն ու գլոբալ աշխարհակարգի փոխակերպումները բնորոշվում են գերտերությունների միջև մրցակցության աճով, տարածաշրջանային անկայունությամբ, հիբրիդային սպառնալիքներով և վիճարկվող դաշինքներով: Այս ամենը ստիպում է Հայաստանին շարունակաբար ադապտացվել, բազմազանեցնել իր արտաքին գործընկերային հարաբերությունները և ամրապնդել ներքին համախմբվածությունը։

Սույն պանելային քննարկումը Հայաստանի փոխակերպվող անվտանգային առաջնահերթությունների վերաբերյալ բարձր մակարդակի ռազմավարական անդրադարձ է։ Այն կվերլուծի, թե ինչպես է Հայաստանի Հնարապետությունը վերահաշվարկում իր պաշտպանական և անվտանգային դիրքավորումը՝ արձագանքելով առկա և առաջացող սպառնալիքներին։

Պանելիստները կանդրադառնան հետևյալ հարցերին`

  • Հայաստանի Համապարփակ պաշտպանության և անվտանգության հայեցակարգն ու Ազգային անվտանգության ռազմավարությունը ձևավորող հիմնական խթաններն ու առաջնահերթությունները
  • Պաշտպանության և անվտանգային նպատակների շուրջ կառավարությանը, հասարակությանը և ինստիտուտներին միավորող դիմակայունության համընդհանուր ազգային նարատիվ կառուցելու ուղիները 
  • Դիմադրության, դիմակայունության և ադապտացիայի միջև օպտիմալ հավասարակշռությունը՝ Հայաստանի երկարաժամկետ անվտանգային տեսլականի շրջանակներում
  • Ինչպես կարող է հասարակական դիմակայունությունը  (կրթություն, քաղաքացիական վստահություն, սոցիալական համախմբվածություն) վերածվել ազգային պաշտպանության ռազմավարական ակտիվի