- Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն | 2025
- «Քաղաքականությունից դեպի գործնական քայլեր. «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի ներառումը Հայաստանի պաշտպանական բարեփոխումներում. վերահսկողություն, հաշվետվողականություն և արդյունավետ անվտանգություն»
- Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն | 2024
Ինչու բիզնեսում հաջողությունը ինքնաբերաբար չի վերածվում լավ պետական առաջնորդության
Հայաստանի քաղաքական և հանրային դիսկուրսում վերստին շրջանառվում է այն թեզը, թե հաջողակ գործարարը կարող է նաև արդյունավետ պետություն կառավարել, քանի որ նա «հասկանում է, թե ինչպես է աշխատում տնտեսությունն» ու «տիրապետում է բանակցային հմտություններին»։ Այս թեզն ամենևին նոր չէ և սկիզբ չի առել Հայաստանում։ Այն արտացոլում է ժամանակակից քաղաքականության մեջ տարածված մի համոզմունք, ըստ որի գործարար ոլորտում հաջողության հասած անձինք բնականոն կերպով կարող են արյունավետ գործել նաև պետություն կառավարման ոլորտում: Այլ բառերով՝ բիզնես արդյունավետությունը, գործարքներ կնքելու հմտությունները և շուկայական փորձը կարող են մասնավոր ոլորտից անխափան տեղափոխվել հանրային կառավարման դաշտ:
Հայկական մեդիադաշտում այս պատումի շրջանառումը վերաակտիվացավ ռուսաստանահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի՝ քաղաքականություն մտնելու հայտ ներկայացնելուց հետո: Հայաստանի ներկայիս կառավարության ներքին կառավարման և աշխարհաքաղաքական դիրքավորման վերաբերյալ խորը վերապահումներ ունեցող բազմաթիվ քաղաքացիների համար նման պատկերացումները կարող են ականջահաճո թվալ։ Դրանք խոստանում են կոմպետենտություն՝ առանց գաղափարախոսության, արդյունավետություն՝ առանց քաղաքականության և արդյունքներ՝ առանց ինստիտուցիոնալ դիմադրության։
Այդուհանդերձ, քաղաքական փիլիսոփայությունը, հանրային կառավարման տեսությունը և միջազգային փորձը հակառակն են փաստում: Բիզնեսն ու պետությունը արմատապես տարբեր համակարգեր են՝ ղեկավարվող տարբեր տրամաբանություններով, սահմանափակումներով և բարոյական մոտեցումներով։ Երբ գործարար ռացիոնալությունը ներմուծվում է կառավարման ոլորտ, այն հաճախ երաշխավորում է ոչ թե առաջընթաց, այլ ժողովրդավարական հաշվետվողականության, պլյուրալիզմի և իրավունքի գերակայության համար կենսական նշանակություն ունեցող հանրային ինստիտուտների աստիճանական քայքայում։
Ընկերությունը հիմնված է կամավորության վրա, իսկ պետությունը՝ ոչ
Բիզնեսը գործում է կամավոր փոխանակման համակարգում: Աշխատակիցներն իրենք են ընտրում աշխատել տվյալ ընկերությունում, հաճախորդները՝ գնել դրա արտադրանքը, իսկ գործընկերները՝ համագործակցել: Ընկերության կառավարող խորհուրդը կամ սեփականատերը կարող է փակել համապատասխան ստորաբաժանումներ, կրճատել անձնակազմը, փոխել ընկերության ռազմավարությունը կամ ամբողջությամբ փակել ձեռնարկությունը։
Պետությունն, ի տարբերություն բիզնեսի, կառավարում է մի ամբողջ բնակչություն, որի առնվազն մի հատվածը չի ընտրել իր կառավարիչներին, չի կարող հեշտությամբ հրաժարվել նրանց իշխանությունից և չի կարող նրանց արագ փոխարինել՝ «անհարմար» կամ «անարդյունավետ» լինելու համար։ Ըստ Մաքս Վեբերի՝ պետությունը հենվում է սահմանված տարածքում լեգիտիմ իշխանության իրացման, այլ ոչ թե կամավոր-պայմանագրային հարաբերությունների վրա:
Հայաստանի հետխորհրդային քաղաքական տնտեսությունը լավագույնս արտացոլում է այս տարբերակումն անտեսելու հետևանքները: Երկրի քաղաքական վերնախավը տասնամյակներ շարունակ պետությունը կառավարել է ձեռնարկատիրական կառավարման տրամաբանությանբ՝ պետական լծակները սեփական շահի սպասարկմանը ծառայեցնելով։ Օլիգարխիկ կառավարման մոդելի պայմաններում քաղաքական պաշտոնը հաճախ օգտագործվում էր ոչ թե քաղաքացիներերի շահերի սպասարկման, այլ սեփական մասնավոր տնտեսական շահերի պաշտպանության և ընդլայնման համատեքստում, ինչն էլ ի վերջո հանգեցրեց լեգիտիմության խորը պակասի, ուղղակիորեն նպաստեց 2018 թվականի զանգվածային մոբիլիզացիային և ժամանակի քաղաքական համակարգի փլուզմանը:
Իրադարձությունների նույնօրինակ տրամաբանություն է դրսևորվում նաև Վրաստանում՝ 2012 թվականին Բիձինա Իվանիշվիլիի իշխանության գալով։ Վերջինս քաղաքականություն մուտք գործեց իբրև տնտեսական գործընթացներից քաջատեղյակ մենեջեր, ով խոստանում էր հաղթահարել պետական լճացումը և վերջ դնել քաղաքական վերնախավի կողմից իշխանության յուրացմանը: Արդյունքում՝ Վրաստանում պետական կառավարումը ծայրահեղ անձնավորվեց, իսկ ոչ ֆորմալ ազդեցությունը փոխարինեց պաշտոնական ինստիտուցիոնալ իշխանությանը։ Իվանիշվիլիի կուսակցության կողմից պետական ինստիտուտների յուրացումը և փոխզսպումների համակարգի քայքայումը հանգեցրին պետականության բովանդակազրկմանը: Պետությունը վերափոխվեց մասնավոր կառավարվող մի սուբյեկտի, որտեղ հանրային պատասխանատվությունը տեղի տվեց կորպորատիվ տրամաբանությանը:
Եթե բիզնեսի համար առաջնայինն արդյունավետությունն է, ապա պետության համար՝ լեգիտիմությունը
Բիզնեսում հիմնական հարցը հետևյալն է․ ո՞ր որոշումն է ապահովում առավել արդյունավետություն և շահութաբերություն։ Պետական կառավարման ոլորտում առաջնորդող հարցը սկզբունքորեն այլ է․ ո՞ր որոշումն է լեգիտիմ, արդար և սոցիալապես նպաստավոր:
Հանրային կառավարման տեսաբաններ՝ Հերբերտ Սայմոնից մինչև Դուայթ Ուոլդո, վաղուց արձանագրել են, որ կառավարությունները չեն կարող առաջնորդվել բացառապես արդյունավետության չափանիշներով, քանի որ նրանք գործում են որոշակի բարոյաքաղաքական հարացույցի շրջանակներում։ Ոչ շահութաբեր ձեռնարկության լուծարումը կորպորատիվ տեսանկյունից կարող է ռացիոնալ թվալ, սակայն պետության պարագայում որևէ քաղաքի միակ գործարանի փակումը քաղաքական անպատասխանատվություն է՝ հղի սոցիալական ապակայունացման հետևանքներով:
Այս երկընտրանքը լավագույնս դրսևորվեց 2015-ին՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման շուրջ ստեղծված ճգնաժամի ժամանակ։ Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ղեկավարությունը գերադասեց արտաքին կայունությունն ու Ռուսաստանի առջև պայմանագրային պարտավորությունները՝ զոհաբերելով ներքին լեգիտիմությունը։ Թափանցիկության պակասն ու արդարության զգացողությունը հանգեցրեցին «Էլեկտրիկ Երևան» շարժմանը։ Իշխանություններն այս հարցում ձախողվեցին ոչ թե քաղաքացիների տնտեսական գիտելիքների պակասի պատճառով, այլ ներքին լեգիտիմության բացակայության պատճառով. ՀՀ քաղաքացին չէր դիտարկվում որպես սեփական իշխանության որոշումների հասցեատեր և սուբյեկտ:
Նմանօրինակ դինամիկայի ականատեսն ենք լինում նաև Չեխիայում՝ քաղաքականություն մտած մեկ այլ գործարարի՝ Անդրեյ Բաբիշի կառավարման ժամանակահատվածում։ Կառավարման տեխնոկրատական և արդյունավետության վրա հիմնված հռետորաբանությունը ավելի շատ միտված էր քողարկելու շահերի բախումների խորացումը, լրատվական դաշտի կենտրոնացումը իշխանության շուրջ և ինստիտուցիոնալ վստահության քայքայումը: Սա հերթական անգամ ապացուցում է, որ բիզնես–կարողությունը չի կարող փոխարինել ժողովրդավարական լեգիտիմությանը։
Պետությունները հաճախ ստիպված են ընտրել տնտեսական առումով անարդյունավետ, բայց սոցիալական կայունություն երաշխավորող քաղաքականություններ, քանի որ նրանց գերխնդիրը ոչ թե շահույթի մեծացումն է, այլ ինստիտուցիոնալ կայունության, արդարության և սոցիալական համախմբվածության պահպանումը։
Բիզնես առաջնորդներն անձնավորում են կառավարումը. պետությունները պահանջում են չանձնավորված կառավարում
Ժամանակակից պետությունները խարսխված են իշխանության ապանձնավորված սկզբունքի վրա: Իշխանությունն իրականացվում է ինստիտուտների, օրենքների և ընթացակարգերի միջոցով, որոնք ավելի դիմակայուն են, քան առանձին անհատները և երաշխավորում են հավասար վերաբերմունք բոլոր շահառուների նկատմամբ: Մաքս Վեբերն այս բյուրոկրատական ռացիոնալությունը սահմանել է որպես արդի կառավարման բնորոշ հատկանիշ. իշխանությունը բխում է ոչ թե անձնական սեփականությունից կամ հայեցողությունից, այլ ինստիտուցիոնալ շրջանակներում ներդրված և ամրագրված իրավական կառուցակարգերից:
Բիզնես առաջնորդությունը գործում է սկզբունքորեն հակադիր տրամաբանությամբ: Ընկերությունները սովորաբար կազմակերպվում են կենտրոնացված սեփականության և անձնակենտրոնության շուրջ: Որոշումների կայացման իրավասությունը բխում է ակտիվների և կապիտալի նկատմամբ վերահսկողությունից: Կորպորատիվ մշակույթը խրախուսում է հավատարմությունն ու ռազմավարական գաղտնիությունը՝ դրանք համարելով արդյունավետության և մրցունակության անհրաժեշտ նախապայմաններ:
Երբ գործարարները մուտք են գործում քաղաքականություն, տեղի է ունենում այս երկու հակադիր տրամաբանությունների բախում: Պետական կառավարումը դառնում է խոցելի անձնակենտրոնության հանդեպ, քանի որ իշխանությունն իրացվում է ոչ թե ինստիտուտների, այլ ոչ պաշտոնական ազդեցության և մասնավոր կապերի միջոցով: Պետությունը սկսում է նմանվել մասնավոր կառավարվող ձեռնարկության, այլ ոչ թե քաղաքացիների առջև հաշվետու հանրային ինստիտուտի:
Այս հակասականությունն էլ ավելի է սրվում շահերի կառուցվածքային բախման պատճառով: Բիզնեսից քաղաքականություն մուտք գործած անձինք իրենց հետ բերում են հսկայական տնտեսական շահեր, կախվածություններ ու պարտավորություններ, որոնցից ձերբազատվելը գրեթե անհնար է: Նույնիսկ բացահայտ կոռուպցիոն դրսևորումների բացակայության դեպքում, կառավարման տրամաբանությունը խեղվում է. հարկային քաղաքականությանը, պետական գնումներին կամ ռազմավարական ոլորտներին առնչվող որոշումներն անխուսափելիորեն բախվում են մասնավոր տնտեսական շահերին: Սա հանրային իշխանությունը սեփական շահի համար չարաշահելու մշտական ռիսկեր է առաջացնում։
Սույն օրինաչափությունն իր ուղղակի արտացոլումն է գտել Հայաստանի հետխորհրդային քաղաքական–տնտեսական համակարգում: Քաղաքականության և բիզնեսի սերտաճումը հանգեցրեց ոչ ֆորմալ կառավարման համակարգերի ձևավորման, որոնցում պետական ինստիտուտները ստորադասվեցին մասնավոր շահին: Չեզոք արբիտրի դերում հանդես գալու փոխարեն՝ պետական ինստիտուտները վերածվեցին տնտեսական իշխանությունը սպասարկող գործիքների: Սա հիմքից քայքայեց հանրային վստահությունը պետական հաստատությունների հանդեպ՝ ի վերջո հանգեցնելով ժողովրդավարական հաշվետվողականության աստիճանական էրոզիայի:
Հետևաբար, խնդիրը բնավ բիզնես առաջնորդների կարողությունների կամ կառավարչական հմտությունների պակասը չէ։ Պարզապես ժամանակակից պետականաշինությունը պահանջում է որոշումների կայացման ինստիտուցիոնալ ինքնավարություն՝ զերծ սեփականատիրական շահերից, անձնական կախվածություններից և հայեցողական վերահսկողությունից:
Այնտեղ, որտեղ իշխանությունը դառնում է անձնակենտրոն, իսկ շահերի բախումը մնում է կառուցվածքային առումով չլուծված, պետությունը դադարում է լինել հանրային շահի սպասարկող և վերածվում է մասնավոր իշխանության կցորդի։
Շուկայական տրամաբանությամբ անհավասարությունը խթան է, սոցիալական տրամաբանությամբ՝ էկզիստենցիալ սպառնալիք
Շուկայական տրամաբանությունը պարգևատրում է արտադրողականությունը և պատժում թուլությունը. ռեսուրսները հոսում են դեպի առավել շահութաբեր ոլորտներ, իսկ անմրցունակ մասնակիցները դուրս են մղվում: Մինչդեռ հասարակության արդարացիությունը համաձայն Ջոն Ռոուլսի հայեցակարգի, չափվում է հենց նրանով, թե որքանով է այն հոգ տանում իր առավել խոցելի անդամների մասին: Պետական կառավարումը չի կարող առաջնորդվել շուկայի տրամաբանությամբ: Պետության առաքելությունը թույլերին պաշտպանելը, ոչ արտադրողական օղակների կենսունակությունն ապահովելը և սոցիալական ներառականություն երաշխավորելն է նրանց համար, ովքեր տնտեսական հավելյալ արժեք չեն ստեղծում: Բիզնես–էլիտաների կողմից ուղղորդվող վրացական քաղաքական մոդելը վերահաստատում է այն համոզմունքը, որ տնտեսական ցուցանիշներն ի զորու չեն լրացնելու ժողովրդավարության դեֆիցիտը։ Պետության նպատակը չպետք է լինի սոսկ տնտեսական աճը, այլ հասարակական համախմբվածությունը:
Բիզնեսն ընտրում է գործընկերներ, պետությունը ժառանգում է հարևաններ
Գործարար բանակցություններում ընտրության հնարավորությունն ուժի նշան է։ Ընկերությունները կարող են լքել ոչ շահութաբեր շուկաները, խուսափել անվստահելի գործընկերներից և խզել անբարենպաստ հարաբերությունները։ «Հեռանալու» կարողությունը հաճախ համարվում է ռազմավարական հզորության առանցքային ցուցանիշ։ Պետություններն իրենց նման շռայլություն թույլ տալ չեն կարող. նրանք չեն ընտրում իրենց հարևաններին և չեն կարող սեփական հայեցողությամբ մեկուսանալ թշնամական միջավայրից կամ տարածաշրջանային հակամարտություններից: Միջազգային քաղաքականությունը գործում է կառուցվածքային սահմանափակումների տիրույթում, որտեղ աշխարհագրությունը, պատմությունն ու ուժերի անհամաչափությունը հաճախ կանխորոշում են պետությունների գործողությունների շրջանակը ։
Հայաստանի աշխարհաքաղաքական իրականությունն առավել ցայտուն է դարձնում այս տարբերությունը։ Հարաբերությունները Թուրքիայի հետ, Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ ձգձգվող հակամարտությունը և անվտանգային երկարամյա կախվածությունները ոչ թե ընտրովի ձևաչափեր էին, այլ օբյեկտիվ իրողություններ։ 2020 թվականի պատերազմը և Լեռնային Ղարաբաղի բռնի հայաթափումը նշանավորեցին ոչ միայն ռազմական պարտություն, այլև Հայաստանի շուրջ ձևավորված տարածաշրջանային անվտանգային միջավայրի արմատական կերպափոխում։
Տասնամյակներ շարունակ չկարգավորված հակամարտությունը ծառայել է իբրև արտաքին վերահսկողության մեխանիզմ՝ սահմանափակելով Հայաստանի ռազմավարական ինքնավարությունը և շղթայելով տարածաշրջանային անվտանգության դինամիկան Ռուսաստանի ազդեցությանը։ 2020 թվականից հետո ստեղծված իրավիճակը խաթարեց այդ ստատուս քվոն։ Արդյունում, արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու և Ռուսաստանից ունեցած անհամաչափ կախվածությունը նվազեցնելու Հայաստանի ջանքերն ընթանում են արտաքին ճնշումների, սուր մրցակցության և համատարած անորոշության մթնոլորտում:
Նման աշխարհաքաղաքական խնդիրների առկայության պարագայում՝ զուտ պրագմատիկ–գործարքային տրամաբանությամբ հարցերին մոտենալը կարող է հանգեցնել լրջագույն ռազմավարական ձախողումների: Այն, ինչ բիզնեսում համարվում է առավելություն՝ գործընկերոջը փոխելու կամ խաղից դուրս գալու հնարավորությունը, պետական կառավարման մեջ հաճախ անհնարին է։ Փոքր և խոցելի պետությունների համար կառավարումը ոչ թե օպտիմալ պայմանների ընտրություն է, այլ անխուսափելի սահմանափակումների հաղթահարումը՝ առանց ինքնիշխանության կամ լեգիտիմության կորստի։
Վճռականությունը բիզնեսի առաքինությունն է, զսպվածությունը՝ պետական կառավարման
Կորպորատիվ կառավարման գրականությունը մշտապես գովերգում է արագությունը, համարձակությունն ու ռիսկի դիմելու պատրաստակամությունը։ Հաջողությունը հաճախ չափվում է նրանով, թե որքան արագ է ղեկավարը հաղթահարում բարդությունները, շրջանցում խոչընդոտներն ու ապահովում արդյունք։ Մրցակցային շուկաներում վճռականությունը ոչ միայն խրախուսվում է, այլև հաճախ դառնում է գոյատևման անհրաժեշտ պայման։
Պետական կառավարումը սկզբունքորեն այլ տրամաբանությամբ է առաջնորդվում։ Քաղաքական առաջնորդության տեսությունը կարևորում է համբերատարությունը, կշռադատված որոշումների կայացումը և ինստիտուցիոնալ զսպվածությունը, քանզի հանրային որոշումների հասցեատերերը միլիոնավոր մարդիկ են և դրանց հետևանքները՝ հաճախ անշրջելի: Հետևաբար, պետական կառավարման աստիճանականությունը ոչ թե անարդյունավետության նշան է, այլ ինստիտուցիոնալ ապահովագրություն՝ մասշտաբային ձախողումներից խուսափելու համար:
Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, թե ինչպիսի ռիսկեր են ի հայտ գալիս այս տարբերությունն անտեսելիս: Այն գործարարները, ովքեր ստանձնում են հանրային պաշտոններ՝ պետական ինստիտուտները «վերափոխելու» կամ «օպտիմալացնելու» մանդատով, հաճախ թերագնահատում են ինստիտուցիոնալ էկոհամակարգերի խոցելիությունը՝ դրանք վերածելով բիզնես տրամաբանությամբ վերաձևվող փորձադաշտերի: Մինչդեռ, պետական ինստիտուտները չեն կարող արագ կլանել ու մարսել իրար հաջորդող ձախողումների շրջափուլերը, ագրեսիվ վերակազմավորումները կամ կանոնների մշտական փոփոխությունները՝ առանց սեփական կարողությունների ու լեգիտիմության կորստի:
Իլոն Մասկը վերը նկարագրածի ակնառու օրինակն է։ Բիզնես աշխարհում նա արդարացիորեն հեռատես և հաջողակ առաջնորդի համբավ ունի՝ ում վճռականությունը, ռիսկի դիմելու պատրաստակամությունն ու ոչ ստանդարտ լուծումների գնալու խիզախությունը մի շարք ոլորտներում հանգեցրել են ֆենոմենալ նորարարությունների։ Սակայն հենց այս հատկանիշներն են ի հայտ բերում բիզնես տրամաբանության սահմանափակումները, երբ փորձ է արվում դրանք ներդնել պետական կառավարման համակարգում։ Այն մոտեցումները, որոնք արագությունը գերադասում են ընթքցակարգային կայունությունից, անձնական հեղինակությունը՝ սահմանված նորմերից, իսկ կտրուկ վերափոխումները՝ շարունակականությունից, պետական ինստիտուտներում կարող են հանգեցնել ֆունկցիոնալ խաթարումների:
Այն, ինչ բիզնեսում համարվում է առավելություն՝ անձնակազմի կտրուկ կրճատումները, ոչ պաշտոնական որոշումներն ու ընթացակարգային բարդությունների հանդեպ անհանդուրժողականությունը, կարող է կործանարար լինել այն հաստատությունների համար, որոնց հիմքում կանխատեսելիությունը, արդարությունն ու հաշվետվողականությունն են։ Բյուրոկրատական համակարգերի նպատակը ոչ թե արագությունը, այլ գործառնական հուսալիությունն է: Երբ զսպվածությունը փոխարինվում է կտրուկ մոտեցումներով, արդյունքը ոչ թե բարեփոխումն է, այլ ինստիտուտների քայքայումը։
Այս առումով ուսանելի է նաև Հայաստանի և Վրաստանի նախկին փորձը: Որոշումների կայացման գերկենտրոնացված ու ոչ թափանցիկ համակարգը, որը հաճախ քողարկվում է «ուժեղ առաջնորդության» կամ «օպերատիվության» կարգախոսներով, բազմիցս քայքայել է հանրային վստահությունն ու խաթարել կառավարման կայունությունը։ Այն, ինչ բիզնես տրամաբանությունում ընկալվում է որպես «վճռականություն», պետականաշինության մեջ հաճախ վերածվում է արկածախնդրության: Սրա պատճառը ոչ թե առաջնորդների ցուցաբերած խիզախությունն է, այլ ինստիտուցիոնալ զսպման մեխանիզմների անտեսումը։
Հիերարխիան՝ բիզնեսի, բազմակարծությունը՝ ժողովրդավարության հիմք
Մասնավոր ընկերություններում հիերարխիկ կառուցվածքը գործառույթային անհրաժեշտություն է։ Իշխանությունը կենտրոնացված է, իսկ հրամանների շղթան՝ հստակ: Որոշումների կայացման լիազորությունը կենտրոնացված է սեփականատիրոջ կամ գործադիր ղեկավարության ձեռքերում իսկ այլախոհությունը զսպելը բնավ խնդիր չէ:
Ժողովրդավարական պետությունները գործում են սկզբունքորեն այլ տրամաբանությամբ։ Ըստ Ռոբերտ Դալի պլյուրալիզմի տեսության՝ քաղաքական իշխանությունը միտումնավոր կերպով ապակենտրոնացված է տարբեր ինստիտուտների միջև՝ օրենսդիր և գործադիր մարմիններ, դատարաններ, անկախ կարգավորողներ, լրատվամիջոցներ, քաղաքացիական հասարակություն և ընդդիմադիր ուժեր։ Այս կառույցները ոչ թե կառավարչական խոչընդոտներ են, այլ պետական համակարգի հենասյուները: Դրանց նպատակը ոչ թե օպերատիվ արդյունավետությունն է, այլ հաշվետվողականությունը, հավասարակշռությունը և լեգիտիմությունը։
Քաղաքականություն մուտք գործող ձեռնարկատերերի համար այս տարբերությունը հաճախ ընկալելի չէ։ Լինելով հիերարխիկ մտածողության կրողներ՝ նրանք հակված են ինստիտուցիոնալ սահմանափակումները դիտարկել որպես շրջանցման ենթակա «խոչընդոտներ», այլ ոչ թե պաշտպանիչ մեխանիզմներ: Նրանց տրամաբանությամբ՝ դատարաններն ընկալվում են որպես արգելակող գործոն, խորհրդարանը՝ որոշումների օպերատիվությունը կաշկանդող ատյան, անկախ մամուլը՝ քաղաքական հաղորդակցությունը խաթարող խոչընդոտ, իսկ քաղաքացիական հասարակությունը՝ անկանխատեսելիության աղբյուր։ Ուստի, նրանք փորձում են ոչ թե գործել այդ կառուցակարգերի շրջանակներում, այլ գտնել դրանք շրջանցելու կամ չեզոքացնելու ուղիներ։
Հետխորհրդային տրանսֆորմացիաների շրջանակում Հայաստանն ու Վրաստանը բախվել են նույն մարտահրավերին: Հայաստանի օլիգարխիկ անցյալում քաղաքական իշխանությունը հաճախ իրացվում էր ստվերային մեխանիզմներով, ինչը ոչ թե կայացնում, այլ բովանդակազրկում էր պետական ինստիտուտները:
Եզրակացություն
Հաջողակ գործարարների գրավչությունը քաղաքականության մեջ հասկանալի է։ Ճգնաժամերի, անարդյունավետության կամ հուսահատության պահերին կառավարչական կոմպետենտությունը կարող է հուսադրող թվալ։ Սակայն պետական կառավարումը մեկանգամյա լուծումներ պահանջող կամ արագության համար օպտիմալացվող համակարգ չէ։ Այն մշտական բարոյական և ինստիտուցիոնալ պատասխանատվություն է։
Գործարարը կարող է դառնալ լավ քաղաքական առաջնորդ, բայց միայն այն դեպքում, եթե «ազատվի» բիզնես մտածելակերպի վերը քննարկված սահմանափակումներից։ Բիզնեսին բնորոշ «հրամայելու և օպտիմալացնելու» մոլուցքն ու հարաբերությունների հանդեպ գործարքային մոտեցումը ներսից քայքայում են այն ինստիտուցիոնալ հիմքերը, որոնց վրա հենված է պետությունը:
Պետական կառավարումը բիզնես կառավարումից տարբերվում է ոչ թե մասշտաբով, այլ էությամբ և հետևանքներով։ Բիզնեսում ձախողումը տեղային է, պետության դեպքում այն հավաքական է և սերնդեսերունդ փոխանցվող։ Ինստիտուցիոնալ փոխզսպումների մեխանիզմների քայքայումն ու հանուն արդյունավետության՝ օրենքի շրջանցումը անխուսափելիորեն տանում են պետականության կազմալուծման:
Հայաստանի նման փոքր և խոցելի պետությունների համար, որոնք գտնվում են ասիմետրիկ աշխարհաքաղաքական միջավայրում, սա պարզապես տեսական մոտեցում չէ։ Այլ ուժային կենտրոններից ուղղորդվող հնարավորությունների և քաղաքական հավակնությունների միահյուսումը, հատկապես երբ ներկայացվում է որպես ապագաղափարական կամ զուտ պրագմատիկ մոտեցում, պարունակում է ռիսկեր, որոնք ոչ մի անհատական կարողություն չի կարող հավասարակշռել։
Հետևաբար, դասը ոչ թե այն է, որ բիզնես առաջնորդները պետք է մեկուսացվեն քաղաքականությունից, այլ այն, որ բիզնես հաջողությունը քաղաքական կառավարման պիտանիության երաշխիք չէ: Պետականաշինությունը պահանջում է զսպվածություն՝ արագության փոխարեն, բազմակարծություն՝ ստորակարգության փոխարեն, և ինստիտուտներ՝ անհատների փոխարեն։ Այս սկզբունքներից նահանջը ոչ թե առաջընթաց է, այլ պետության դիմադրողականության խարխլում։ Խոցելի պետականությունների պարագայում ինստիտուցիոնալ անկայունությունը զուտ վերացական մտահոգություն չէ, այլ գոյութենական վտանգ:
Վերլուծական էսսեի հեղինակ՝ ԿԳԱՃ ավագ փորձագետ Էլեն Հոխիկյան