Մամուլի հաղորդագրություն. Ավարտվեց «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն – 2025» միջազգային համաժողովը

2025թ. սեպտեմբերի 15-16 – ին, Երևանում տեղի ունեցավ «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն – 2025» միջազգային համաժողովը՝ «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի (ԿԳԱՃ) կողմից իրականացվող Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն ծրագրի շրջանակներում:
Համաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի (ԿԳԱՃ) հիմնադիր նախագահ Արմինե Մարգարյանը և Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հիմնական ելույթով, որից հետո՝ հարց ու պատասխանի ձևաչափով, պատասխանեց ներկաների հարցերին:
Համաժողովի բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգասյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, օտարերկրյա հյուրեր, քաղաքացիական հասարակության և մամուլի ներկայացուցիչներ:
Համաժողովի երկու օրերի ընթացքում տեղի ունեցան ներքոնշյալ պանելային քննարկումները՝
- Հայաստանի անվտանգային ռազմավարությունը՝ հարափոփոխ աշխարհաքաղաքական միջավայրում. Մարտահրավերներ և հնարավորություններ, սերտած դասեր
- Ամրապնդելով դիմակայունությունը՝ Հայաստան – ԵՄ գործընկերության միջոցով. Հնարավորություններ և մարտահրավերներ
- Արդիականացնելով պաշտպանությունը. Համապարփակ անվտանգության ռազմական բաղադրիչը
- Կանայք զինված ուժերում. Ռազմականացման աճ թե գենդերային բազմազանություն՝ որպես ռազմավարական առավելություն
- Համապարփակ անվտանությունը որպես հիբրիդային սպառնալիքներից պաշտպանվելու վահան
- Կոգնիտիվ սահմանագիծ. Արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության դեմ ռազմավարական հաղորդակցություն և պաշտպանություն
Համաժողովի փակման արարողությանը ելույթով հանդես եկան Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը, Հայաստանի Հնարապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին և «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի հիմնադիր նախագահ Արմինե Մարգարյանը: