ԿԳԱՃ – ն այսօր
Հորմուզի ճգնաժամի ազդեցությունը նավթային շուկայի և պատժամիջոցների քաղաքականության վրա
Հորմուզի նեղուցը, որպես համաշխարհային էներգետիկ համակարգի առանցքային ռազմավարական հանգույց, վաղուց արդեն հանդիսանում է ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ ռազմավարական հավասարակշռության հիմնասյուներից մեկը։ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը և տարածաշրջանային անկայունությունը՝ զգալի փոփոխություններ են մտցրել համաշխարհային նավթային շուկայի կառուցվածքում։ ԱՄՆ–ն, նպատակ ունենալով կայունացնել էներգակիրների գները, ժամանակավորապես վերանայել է Իրանի և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշման ինտենսիվությունը։ Սա հանգեցրել է մի շարք ուշագրավ տնտեսական և ռազմավարական հետևանքների։
Իրանի նավթային արտահանման դինամիկան
Վերջին շրջանում Իրանի նավթային ոլորտում արձանագրվել են էական փոփոխություններ, որոնք վկայում են պատժամիջոցների ազդեցության հարաբերական թուլացման մասին։ Եթե պատերազմից առաջ Իրանն արտահանում էր օրական մոտ 1.1 միլիոն բարել նավթ՝ այն վաճառելով մոտ $65-ով, ապա այսօր արտահանման ծավալները հասել են օրական շուրջ 1.5 միլիոն բարելի։ Միաժամանակ նկատվում է գնագոյացման կտրուկ բարելավում Թեհրանի համար․ նավթի համաշխարհային գների աճի ֆոնին ($110/բարել) պատժամիջոցային ռիսկերը փոխհատուցող զեղչը նախկին $18-ից կրճատվել է մինչև ընդամենը $2–$4։
Այս միտումները պայմանավորված են ոչ միայն արտաքին ճնշման թուլացմամբ, այլև Իրանի կողմից ձևավորված այլընտրանքային արտահանման և ֆինանսական մեխանիզմներով։ Մասնավորապես, «ստվերային նավատորմի» օգտագործումը, միջնորդավորված առևտրային սխեմաները, ինչպես նաև Չինաստանի հետ խորացող էներգետիկ համագործակցությունը հնարավորություն են տալիս Թեհրանին շրջանցել արևմտյան վերահսկողական սահմանափակումների զգալի մասը։ Արդյունքում, Իրանը ոչ միայն մեծացրել է արտահանման ծավալները, այլև կարողանում է իր նավթը վաճառել գրեթե շուկայական գներով՝ էականորեն ավելացնելով բյուջետային մուտքերը։
Ռազմավարական դիմակայունություն. Թեհրանի բանակցային դիրքերը
Իրանը հաջողությամբ ներդրել է այլընտրանքային ֆինանսական և առևտրային մեխանիզմներ՝ զգալիորեն նվազեցնելով կախվածությունը միջազգային ավանդական հարթակներից և արևմտյան վերահսկողությունից։ Այս գործընթացը ոչ միայն ապահովել է տնտեսական կայունություն, այլև էապես փոխել է բանակցային դինամիկան։ Ունենալով կայուն և աճող եկամուտներ՝ Իրանը այսօր ռազմավարաական տեսանկյունից գտնվում է առավել նպաստավոր դիրքում, ինչը սահմանափակում է արտաքին ճնշման արդյունավետությունը։
Ստեղծված իրավիճակում ժամանակն այլևս չի աշխատում Իրանի դեմ՝ ինչպես պատժամիջոցների սկզբնական փուլում, այլ հակառակը՝ աստիճանաբար ամրապնդում է նրա դիրքերը։ Արդյունքում պաշտոնական Թեհրանը ավելի քիչ է հակված գնալու մասնակի փոխզիջումների՝ նախընտրելով առավել համապարփակ և երկարաժամկետ լուծումներ։ Ժամանակավոր հրադադարներն ու միջանկյալ համաձայնությունները այլևս չեն դիտարկվում որպես բավարար տարբերակ, և Իրանը հակված է առաջ քաշել վերջնական կարգավորման պահանջ՝ ներառյալ անվտանգության հստակ երաշխիքներ և պատժամիջոցների լիակատար ու վերջնական չեղարկում։
Տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները
Ռազմական տեսանկյունից իրավիճակը մնում է բարդ և բազմաշերտ։ Իրանի կողմից տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի հնարավոր շրջանցումը մեծացնում է էսկալացիայի ռիսկերը՝ զգալիորեն ընդլայնելով հավանական թիրախների աշխարհագրությունը։ Հակամարտության սրումը կարող է դուրս գալ Պարսից ծոցի սահմաններից՝ ներառելով նոր ռազմավարական ուղղություններ և դերակատարներ։ Մասնավորապես, Եմենի հուսիների ներգրավվելու հանգամանքը և արդյունքում՝ Բաբ էլ–Մանդեբի նեղուցի հնարավոր շրջափակումը կարող են կտրուկ խաթարել Կարմիր ծովով անցնող առևտրային և էներգետիկ հոսքերը։
Թեև Բաբ էլ–Մանդեբի նեղուցով անցնում է համաշխարհային ծովային նավթային առևտրի շուրջ 5-10%-ը և ընդհանուր ծովային բեռնափոխադրումների մոտ 12%-ը, դրա խափանումը կունենա անհամաչափ մեծ ազդեցություն՝ հաշվի առնելով էներգետիկ շուկաների ներկայիս լարվածությունը։ Նման սցենարի դեպքում գլոբալ էներգետիկ ճգնաժամը կարող է թևակոխել կրիտիկական փուլ, հատկապես այն երկրների համար, որոնք ունեն էներգակիրների ներկրման բարձր կախվածություն, ինչպիսիք են Պակիստանը, Հնդկաստանը, Թայվանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և անգամ Չինաստանը։
Միևնույն ժամանակ, Հորմուզի նեղուցը մնում է համաշխարհային էներգետիկ համակարգի ամենաառանցքային հանգույցը՝ ապահովելով ծովային նավթային փոխադրումների մոտ մեկ երրորդը և հեղուկ բնական գազի (LNG) շուրջ 20%-ի տարանցումը։ Սակայն դրա նշանակությունը չի սահմանափակվում միայն էներգակիրներով։ Հորմուզը գլոբալ մատակարարման շղթաների զարկերակն է, որով տեղափոխվում են համաշխարհային պարարտանյութերի (հատկապես ֆոսֆատների) մոտ մեկ երրորդը և բարձր տեխնոլոգիական արտադրության (այդ թվում՝ կիսահաղորդիչների) համար անհրաժեշտ հազվագյուտ մետաղների։ Նեղուցի աշխատանքի խաթարումը կարող է առաջացնել շղթայական ռեակցիա՝ միաժամանակ հարվածելով թե՛ պարենային անվտանգությանը, թե՛ տեխնոլոգիական արդյունաբերությանը։
Հակամարտության հնարավոր սրումը կարող է թիրախավորել նաև Պարսից ծոցի երկրների կենսական ենթակառուցվածքները, հատկապես՝ ջրազատման գործարանները։ Քանի որ տարածաշրջանի մի շարք պետություններ (օրինակ՝ Սաուդյան Արաբիան, Քաթարը, Քուվեյթը) խմելու ջրի 70-90%-ը ստանում են հենց այս ճանապարհով, նման հարվածները կհանգեցնեն ոչ միայն տնտեսական կոլապսի, այլև անվերահսկելի հումանիտար ճգնաժամի։ Այսպիսով, անվտանգային սպառնալիքներն այլևս չեն սահմանափակվում լոկ էներգետիկ շուկաներով. դրանք վտանգում են գլոբալ մատակարարման շղթաներն ու կենսական ռեսուրսների հասանելիությունը՝ մեծացնելով համաշխարհային ապակայունացման հավանականությունը։
Եզրակացություն. Գլոբալ ապակայունացման համակարգային ռիսկերը
Այսպիսով ձևավորվում է փոխկապակցված համակարգային խոցելիությունների միջավայր, որտեղ էներգետիկ, լոգիստիկ և տեխնոլոգիական շուկաների խաթարումները այլևս չեն գործում մեկուսացված, այլ փոխադարձաբար ուժեղացնում են միմյանց ազդեցությունը՝ մեծացնելով համաժամանակյա ճգնաժամերի հավանականությունը։
Իրանի շուրջ ընթացող գործընթացները վաղուց դուրս են եկել լոկալ հակամարտության սահմաններից՝ վերածվելով գլոբալ համակարգային ռիսկի գործոնի։ Էներգետիկ շուկաների ապակայունացումը, նավթի գների անկառավարելի աճը և մատակարարման շղթաների խաթարումը կարող են դառնալ այն «սև կարապը», որը կհանգեցնի համաշխարհային ֆինանսական համակարգի խորը ճգնաժամի և երկարատև տնտեսական անկման։
Ռեսուրսների՝ էներգակիրների, պարենային և տեխնոլոգիական բաղադրիչների հասանելիության շուրջ սրվող մրցակցությունը կարող է շղթայական ռեակցիայով հանգեցնել տարբեր տարածաշրջաններում սառեցված հակամարտությունների ակտիվացման և նոր ճգնաժամային օջախների առաջացման։ Այս պայմաններում Իրանի հետ ռազմական բախման ցանկացած սցենար այլևս չի կարող դիտարկվել որպես սահմանափակ կամ վերահսկելի գործողություն․ այն վերածվում է գլոբալ ապակայունացման պոտենցիալ ձգանի՝ վերաձևավորելով միջազգային ուժային հավասարակշռությունը։
Այս համատեքստում առանց համակարգային դիվանագիտական ներգրավման և բազմակողմ ձևաչափերով կայունացման փորձերի՝ էներգետիկ շուկաների կանխատեսելիությունն ու գլոբալ տնտեսական կայունությունը վերականգնելը գործնականում անհնար է դառնում։
Հեղինակ՝ Էլեն Հոխիկյան