Ծրագիր 2025, Հոդվածներ

Հիբրիդային միջամտություն և ժողովրդավարական դիմակայունություն. Հայաստանի 2026 թվականի ստրես-թեսթը

Հայաստանն անցնում է իր հետխորհրդային պատմության ամենանշանակալի աշխարհաքաղաքական վերափոխումների միջով: Ռուսական անվտանգային ճարտարապետությունից աստիճանական հեռացումն ու Եվրոպական միության ու ԱՄՆի հետ խորացող համագործակցությունն ավելի շատ կառուցվածքային վերակողմնորոշում են, քան  մարտավարական ճշգրտում: Վերոնշյալով և 2026 թվականի հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններով պայմանավորված՝ Հայաստանը հայտնվել է Ռուսաստանի կողմից ղեկավարվող էսկալացիոն հիբրիդային ճնշման արշավի կիզակետում:

Ի տարբերություն այլ խորհրդային պետությունների՝ Մոսկվայի դիրքերը Հայաստանում ավելի քան երկու տասնամյակ եղել են ամուր: Մշտական ռազմական ներկայությամբ, անվտանգության ու իրավապահ մարմինների մեջ խորը ներթափանցմամբ պայմանավորված՝ Ռուսաստանը հետևողականորեն  ներդրել է քաղաքական, մեդիա, տնտեսական և հասարակական լծակներ, որոնք այժմ կազմում են նրա համակարգված հիբրիդային ազդեցության  ճարտարապետության հիմքը: Երբ 2020 թվականի Արցախյան պատերազմին հաջորդած ժամանակահատվածում Հայաստանը սկսեց իրականացնել հստակ քայլեր իր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ուղղությամբ՝ այս «քնած» ակտիվները ակտիվացվեցին ոչ թե կոնկրետ քաղաքական արդյունք պարտադրելու, այլ Հայաստանի ռազմավարական ինքնավարությունը սահմանափակելու համար՝ հանրային տրամադրությունների ձևավորման, ՀՀ քաղաքացիների մոտ տագնապի ուժգնացման և ժողովրդավարական կառավարման նկատմամբ վստահության քայքայման միջոցով:

Լարված տեղեկատվական միջավայր

Հայաստանի խոցելիությունը հիբրիդային ազդեցության նկատմամբ պայմանավորված է ոչ միայն աշխարհաքաղաքական վերջին զարգացումներով, այլև սոցիալական տրավմայով: 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքները, Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը և խաղաղության ու անվտանգության շուրջ առկա անորոշությունը ստեղծել են էմոցիոնալ առումով հագեցած տեղեկատվական միջավայր: Այս համատեքստում ռուսական պետական լրատվամիջոցները, ռուսական պրոքսի լրատվամիջոցները, փոխկապակցված ազդեցիկ անձինք և համակարգված առցանց համակարգերը հետևողականորեն տարածում են նարատիվներ՝ Հայաստանի կառավարությանը պատկերելով անպատասխանատու, ոչ լեգիտիմ կամ դրսից վերահսկվող, իսկ արևմտյան գործընկերներին ներկայացնում իբրև անհուսալի՝ զգուշացնելով, որ Ռուսաստանից ցանկացած հետագա դիստանցավորման փորձ կհանգեցնի գոյաբանական անվտանգային կոլապսի:

Այս նարատիվները դրվագային չենդրանք կայուն են, ադապտացվող և հայկական մտահոգություններին հարմարեցված: Դրանց տեսանելիությունը հասել է պաշտոնական միջազգային ճանաչման մակարդակի: 2025 թվականի վերջին ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հրապարակավ հղում կատարեց հիբրիդային սպառնալիքներին հակազդելու հարցում օգնության վերաբերյալ Հայաստանի խնդրանքին և հաստատեց Եվրոպական միության պատրաստակամությունը՝ աջակցելու դիմակայունության ամրապնդման միջոցառումներին՝ սրանով անուղղակիորեն ընդունելով, որ արտաքին միջամտության համակարգված փորձերը դարձել են ռազմավարական մտահոգություն:

Ռուսական այս գերիշխող ուղղությանը զուգահեռ՝ Ադրբեջանը պարբերաբար կիրառում է ռազմավարական ուղերձներ՝ որոնք նպատակ ունեն շահարկելու հակամարտության վերսկսվելու հնարավորությունը, ինչպես նաև  սահմանների և խաղաղության գործընթացի վերաբերյալ անորոշությունը: Այս հաղորդակցության միջոցները թեև չեն հենվում ներքին պրոքսիների վրա, այնուամենայնիվ դրանք դառնում են արտաքին հոգեբանական ճնշման գործիքներ՝ թիրախավորելով ՀՀ քաղաքացիների առանց այդ էլ գերլարված նյարդերը: Հայաստանի էմոցիոնալ միջավայրում նման հաղորդագրությունները փոխազդում են ռուսական ուղղվածություն ունեցող նարատիվների հետ՝ նույնիսկ առանց համակարգման խորացնելով անորոշությունը:

Ինչու է ապատեղեկատվությունն աշխատում 

ՀՀ  քաղաքացիների էմոցիոնալ նարատիվների նկատմամբ առկա խոցելիությունը բացատրվում է թվային վիրուսայնության վերաբերյալ գլոբալ հետազոտություններով: Այս թեմայի վերաբերյալ իրականացված Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ուղենիշային հետազոտությունը ցույց է տվել, որ կեղծ տեղեկատվությունը տարածվում է մոտավորապես վեց անգամ ավելի արագ, քան փաստարկված լուրերը, հատկապես երբ այդ հաղորդագրությունները վախ, բարկություն կամ ատելություն են սերմանում: Ավելի ուշ արված խաղաղության Նոբելյան մրցանակակիր Մարիա Ռեսսայի հետաքննական աշխատանքը ևս ցույց է տալիս, թե ինչպես նույնիսկ փոքր, փոխկապակցված և լավ համակարգված ցանցերը կարող են գեներացնել անհամաչափ մեծ ազդեցություն: Ֆիլիպիններում նրա թիմը փաստագրել է, թե ինչպես ընդամենը 26 փոխկապակցված հաշիվներ, գործելով համատեղ, ի վիճակի են եղել ձևավորելու նարատիվներ, որոնք հասել են ավելի քան երեք միլիոն օգտատերերի:

Դա պայմանավորված է սոցիալական հարթակների կառուցվածքային առանձնահատկություններով. հարթակների ալգորիթմներն առաջնահերթություն են տալիս ոչ թե ճշմարտությանը, այլ այն հաղորդագրություններին, որոնք օգտատերերի կողմից ներգրավվածություն են ապահովում: Բովանդակությունը, որն առաջացնում է ուժեղ էմոցիոնալ արձագանք, արտոնյալ տարածման հնարավորություն է ստանում՝ ստեղծելով խթանների կառուցվածք, որը վարպետորեն օգտագործվում է հիբրիդային դերակատարների կողմից: Ապատեղեկատվությունը հաջողում է, որովհետև այն արձագանքում է առկա էմոցիաներին և ավելի արագ է տարածվում, քան փաստահեն լուրերը կամ կեղծ լուրերի հերքումները:

Հիբրիդային ազդեցության քարտեզագրումը Հայաստանում 

Այս դինամիկան Հայաստանում տեսական չէ: Ներքին հետաքննական աշխատանքներն այն լայնորեն փաստագրել են: Տեղեկատվության ստուգման հարթակը (FIP.am) Հայաստանի քաղաքական ղեկավարության դեմ ուղղված համակարգված ապատեղեկատվության բազմաթիվ դեպքեր է բացահայտել, ներառյալ՝ հեղինակավոր լրատվամիջոցներին նմանակող «դոպելգանգեր» կայքեր, կեղծված արտահոսքեր և գաղտնի զիջումների մասին վկայող կեղծ փաստաթղթեր, արհեստական բանականության միջոցով ստեղծված մանիպուլացնող տեսանյութեր և դրանց համակարգված տարածումը Telegram-ում, Facebook-ում, YouTube-ում և մի շարք լրատվական հարթակներում:

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության կողմից արված հետաքննությունը քարտեզագրել է տասնյակ հազարավոր հետևորդներ ունեցող ավելի քան քսան պրոկրեմլյան Telegram ալիքների փոխկապակցված  էկոհամակարգ, որոնցից շատերը ռուսական ծագում ունեն: Այս ալիքները գործում են որպես փոխկապակցված բազմապատկման հանգույցներ՝ տարածելով էմոցիոնալ սցենարներ, արհեստական բանականությամբ գեներացված բովանդակություն և վերամշակված կրեմլյան նարատիվներ՝ միաժամանակ փաթեթավորելով ապատեղեկատվությունը ծանոթ բրենդինգի և վստահելի գեղագիտության միջոցով: Այս բոլոր հետաքննությունների արդյունքները խոսում են համակարգված ճարտարապետության առկայության մասին: Մասնավորապեսփոքր կոորդինացված կլաստերները ստեղծում են էմոցիոնալ ազդեցիկ բովանդակություն, կլոնավորված լրատվամիջոցները և հարթակները տարածում են այդ բովանդակությունը, ալգորիթմները խրախուսում են ներգրավվածությունը, իսկ օգտատերերի օրգանական վարքագիծը եզրափակում է տարածման շղթան: Հիբրիդային պատերազմը, այս իմաստով, գործում է ոչ թե արշավային տրամաբանությամբ, այլ դառնում է պերմանենտ վիճակ:

Հեղինակություն, ինքնություն և նարատիվի ուժը 

Հայաստանը հիբրիդային պատերազմի թիրախ հանդիսացող մի շարք այլ երկրներից տարբերվում է սոցիալական ներդրվածության խորությամբ: Հիբրիդային ազդեցությունը հենվում է ոչ միայն արտաքին պրոյեկցիայի վրա, այլև գործակցում է ներպետական հեղինակավոր կառույցների հետ: Դրանցից ամենանշանակալիներից մեկը Հայ Առաքելական Եկեղեցին է, որը, որպես ազգային ինքնության շտեմարան, եզակի դիրք է զբաղեցնում: Թեպետ այն մոնոլիտ չէ՝ մի քանի բարձրաստիճան հոգևորականներ, այդ թվում՝ եպիսկոպոս Բագրատ Գալստանյանը, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը և Կաթողիկոսի հետ սերտորեն կապված մի շարք այլ գործիչներ, հրապարակավ միացել են այնպիսի նարատիվներին, որոնք Հայաստանի արևմտյան կողմնորոշումը ներկայացնում են որպես քաղաքակրթական դավաճանություն կամ գոյաբանական ռիսկ:

Երբ կրոնական հեղինակությունը համակցվում է էմոցիոնալ լիցք ունեցող հաղորդագրությունների հետ, այն դառնում է հզոր փոխանցման հանգույց: Քարոզները և հրապարակային հայտարարությունները կարող են արագորեն վերափաթեթավորվել և կայծակնային արագությամբ տարածվել ու լեգիտիմացվել թվային հարթակների կողմից: Նմանատիպ դինամիկա դիտվել է Մոլդովայում, որտեղ Ուղղափառ եկեղեցին ծառայել է ԵՄ ինտեգրմանը դեմ հանդես եկող և կրեմլյան նարատիվները տարածող հիմնական խողովակ: Հայաստանի պարագայում, սակայն, եկեղեցին բնորոշվում է ավելի խորը պատմական ազդեցությամբ և խորհրդանշական հեղինակությամբ:

Դասեր Մոլդովայից 

Մոլդովայի վերջին ընտրությունները հրաշալի ուղեցույցային օրինակ են Հայաստանի համար: Այնտեղ ռուսական հիբրիդային միջամտությունը հիմնականում հենվում էր դրսից համակարգվող ցանցերի վրա, մասնավորապես՝ ապօրինի ֆինանսավորում, պրոքսի կուսակցություններ, ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների մոբիլիզացիա, մեդիա մանիպուլյացիաներ և կարճաժամկետ մոբիլիզացիա: Այս ջանքերը անշուշտ իրենց ազդեցությունն ունեցան, բայց ի վերջո կասեցվեցին՝ ինստիտուցիոնալ թափանցիկության, միջազգային մոնիտորինգի և գաղտնի ծառայությունների արագ արձագանքման շնորհիվ: Հիբրիդային ազդեցությունը խիստ տեսանելի էր:

Հայաստանում մարտահրավերները իրենց բնույթով փոքր ինչ այլ են: Այստեղ ռուսական ազդեցությունը պատմականորեն ներքինացված բնույթ ունի: Նախկին հովանավորչական ցանցերի կողմից ձևավորված Մեդիա էկոհամակարգերը, քաղաքական դերակատարները և հանրային հեղինակավոր կառույցները կրեմլամետ շրջանակներին գոյության հնարավորություն են ընձեռում՝ առանց մշտական արտաքին ակտիվացման: Հիբրիդային ճնշումը գործում է որպես ֆոնային աղմուկ, այլ ոչ թե դրվագային ցնցում:

Ճանապարհ դեպի 2026 

2026 թվականի ընտրություններին նախընթաց, հիբրիդային ճնշումները դժվար թե միանվագ կտրուկ միջամտությունների տեսք ստանան: Փոխարենը, ամենայն հավանականությամբ, դրանք կումուլյատիվ կերպով կգործեն կասկածի, էմոցիոնալ հյուծման և անկայունության նորմալացման միջավայրում: Վերջինիս նպատակը ոչ թե կոնկրետ որևէ քաղաքական ուժի հաղթանակն է, այլ ցանկացած կառավարությանը խոցելի, կաշկանդված և քաղաքականապես փխրուն դարձնելը:

Մոլդովայի փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է հասնել դիմակայունության, երբ ինստիտուտները առաջնահերթություն են տալիս թափանցիկությանը, արագ արձագանքմանը և հանրային վստահությանը: Հայաստանի մարտահրավերներն ավելի կառուցվածքային են, բայց ոչ անհաղթահարելի:

Ըստ այդմ՝ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ  անհրաժեշտ է սահմանել հստակ առաջնահերթություններ:

Կարճաժամկետ հեռանկարում ընտրական մարմինները և պետական հաստատությունները պետք է առաջնահերթություն տան ընթացակարգային թափանցիկությանը և կանխարգելիչ հաղորդակցությանը՝ նվազեցնելով այն տարածքը, որտեղ ապատեղեկատվությունը կարող է արմատավորվել նախքան տարածվելը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիբրիդային արշավները հենվում են ոչ թե փաստերի հետևողականության, այլ արագության և էմոցիոնալ հագեցվածության վրա՝ փաստեր ստուգողների, անկախ լրատվամիջոցների և պետական հաստատությունների միջև արագ համակարգումը հավասարապես կարևոր է:

Կառուցվածքային մակարդակում Եվրոպական գործընկերների աջակցությամբ իրականացվող պետական մարմինների և սոցիալական մեդիա հարթակների միջև համագործակցությունը պետք է կենտրոնանա ոչ թե բովանդակության գրաքննության, այլ՝ համակարգված ոչ հավաստի լուրերի, «դոպելգանգեր» լրատվամիջոցների և արհեստական տարածման ցանցերի բացահայտման վրա:

Մոլդովայի փորձը հուշում է, որ նման միջոցառումները, երբ զուգակցվում են տեսանելի միջազգային մոնիտորինգի և ներքին ինստիտուցիոնալ վստահելիության հետ, կարող են զգալիորեն մեղմել հիբրիդային միջամտության ազդեցությունը՝ առանց սահմանափակելու օրինական քաղաքական բանավեճը: Հիբրիդային մանիպուլյացիաների տարածքը փոքրացնելու հարցում վճռորոշ է լինելու ընտրական թափանցիկության, դատական համակարգի վստահելիության և արդյունավետության, սոցիալական հարթակների հետ համագործակցության և քաղաքացիական տեղեկատվական դիմակայունության ամրապնդումը:

Ի վերջո, Հայաստանի 2026 թվականի ընտրություններն ավելին են, քան քաղաքական մրցակցություն: Դրանք ժողովրդավարական դիմակայունության ստուգատես են մի տարածաշրջանում, որտեղ հիբրիդային գրոհներն ու արտաքին ազդեցությունը դարձել են աշխարհաքաղաքական վերահսկողության նախընտրելի գործիք: Հայաստանին դիմակայունության ապագան կախված է ոչ թե ապատեղեկատվությունը լռեցնելուց, այլ արագ արձագանքման համակարգեր և հանրային վստահություն կառուցելու արդյունավետությունից: