Ծրագրեր
«Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» (ԿԳԱՃ) հայտարարում է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» ծրագրի մեկնարկի մասին:
2024 թվականի հունիսի 6-7-ը Երևանում, ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովը: Համաժողովի հիմնական նպատակն էր խթանել Հայաստանի համապարփակ անվտանգության մոդելի ներդրումը՝ խրախուսելով ներհայաստանյան հանրային և մասնագիտական քննարկումները դրա տարբեր բաղադրիչների շուրջ, ինչպես նաև բարձրացնել հանրային իրազեկվածությունը Ֆինլանդիայի, Շվեդիայի և Էստոնիայի փորձի վերաբերյալ:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԿԳԱՃ նախագահ և հիմնադիր Արմինե Մարգարյանը, որին հաջորդեցին ողջույնի ուղերձները հետևյալ պաշտոնյաների կողմից.
- Ն.Գ. տիկին Աննա Աղաջանյան՝ Շվեդիայի Թագավորությունում, Ֆինլանդիայի Հանրապետությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Իսլանդիայում և Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ):
- Ն.Գ. տիկին Կիրստի Նարինեն՝ Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հելսինկի):
- Ն.Գ. տիկին Ռիինա Կալյուրանդ՝ Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի):
- Ն.Գ. պարոն Պատրիկ Սվենսոն՝ Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան:
Երկօրյա համաժողովի ընթացքում տեղի ունեցան 6 պանելային քննարկումներ՝ ժամանակակից պատերազմների ու ժողովրդավարության, համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգում ռազմամարզական կառույցների, պահեստազորի և տարածքային պաշտպանության, մասնավոր հատվածի, թվային տիրույթի և ռազմավարական հաղորդակցության դերերի մասին: