Նորություններ

Արմինե Մարգարյանն ընդգծել է փոքր պետության դիմակայունության, համապետական և համահասարակական մոտեցումների սինխրոնացման կարևորությունը «EVN Մեդիա Փառատոն 2026»-ի շրջանակում

Ս.թ. նոյեմբերի 22-ին WGSA-ի նախագահ Արմինե Մարգարյանը, EVN Report-ի կազմակերպած «EVN Մեդիա Փառատոնի» շրջանակում, որպես բանախոս մասնակցեց «Գոյատևումից դեպի ռազմավարություն. վերաիմաստավորելով Հայաստանի անվտանգությունը» խորագրով պանելային քննարկմանը։

Փոքր պետության դիտանկյունից անդրադառնալով Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգին (ՀՊԱՀ) Հայաստանի անցման գործընթացին՝ Մարգարյանն ընդգծեց, որ թեև վերջին տարիներին Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել արտաքին և անվտանգային գործընկերությունների բազմազանեցման ուղղությամբ, միայն արտաքին դաշտում մանևրելու տարածության ընդլայնումը չի կարող երաշխավորել ազգային անվտանգությունը՝ առանց երկրի ներսում համապետական և համահասարակական մոտեցումների սինխրոնացման։ Մարգարյանը նշեց, որ Հայաստանի դիմակայունությունը գնահատելու համար նախևառաջ անհրաժեշտ է հասկանալ, թե արդյոք երկիրը գիտակցված կերպով իրեն դիրքավորում է որպես փոքր պետություն և համապատասխանաբար մշակում իր ռազմավարությունները, քաղաքականություններն ու գետնի վրա իրականացվող գործողությունները։ Անդրադառնալով արտաքին քաղաքական վերջին զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության (EUMA) տեղակայումից ի վեր, նա մատնանշեց մեկ ուժային կենտրոնից կառուցվածքային կախվածության թուլացմանն ուղղված բազմաշերտ և միջոլորտային ջանքերը՝ ներառյալ ռազմավարական գործընկերությունների ընդլայնումը տարբեր աշխարհագրություններում, ԵՄ–ի հետ նոր ռազմավարական օրակարգի առաջմղումը և տարածաշրջանային հարաբերությունների կարգավորման գործընթացները։ Թեև այս քայլերն ընդլայնել են Հայաստանի գործելու տարածությունը և ամրապնդել քաղաքական, տնտեսական ու էներգետիկ ճնշումներին դիմակայելու կարողությունը, Մարգարյանն ընդգծեց, որ արտաքին դիվերսիֆիկացիան պետք է զուգակցվի ներքին ինստիտուցիոնալ և հասարակական պատրաստվածությամբ։

Անդրադառնալով 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանում ՀՊԱՀ ձևավորման ընթացքին՝ Մարգարյանն առանձնացրեց քաղաքացիական հասարակության, մասնավորապես՝ ռազմամարզական կազմակերպությունների կարևոր դերը։ Անվտանգության խորհրդի գրասենյակի հովանու ներքո անցկացված հետագա խորհրդակցությունները հանգեցրին ՀՊԱՀ հայեցակարգի ընդունմանը, իսկ այս տարի ԵՄ ֆինանսական աջակցությամբ և ֆիննական փորձագիտական ներգրավմամբ մշակվեց համապատասխան գործողությունների ծրագիրը։ Միևնույն ժամանակ, Ազգային ժողովում աշխատանքներ են տարվում ռազմամարզական կազմակերպությունների հետ պետության համագործակցությունը կարգավորող օրենսդրության ընդունման ուղղությամբ, իսկ ՀՀ կառավարության 2026–2031 թվականների գործունեության ծրագրում անվտանգային քաղաքականությունը խարսխված է ՀՊԱՀ տրամաբանության վրա։

Այնուամենայնիվ, Մարգարյանն ընդգծեց, որ հայեցակարգային մոտեցումից գործնական իրականացման անցնելու համար անհրաժեշտ է համապարփակ անվտանգության շրջանակն ընդլայնել զուտ ռազմական պաշտպանության և քաղաքացիական–ռազմական կապերի սահմաններից անդին։ Հիմնվելով WGSA-ի կողմից վերջերս անցկացված համահասարակական խորհրդակցությունների և դրանց արդյունքում մշակված Սպիտակ թղթի վերլուծությունների վրա՝ նա ներկայացրեց համակարգի սինխրոնացմանը խոչընդոտող հիմնական խնդիրները՝ այդ թվում համակարգման բացերը, պետության կողմից հստակ առաջադրանքների սահմանման բացակայությունը և ինստիտուցիոնալ խոչընդոտները։

«Այս փոխկապակցված մարտահրավերների հաղթահարումը պահանջում է ՀՊԱՀ–ը դիտարկել ոչ թե որպես առանձին կազմակերպությունների մեկուսացված գործողությունների հանրագումար, այլ որպես պետական և ոչ պետական դերակատարների միջև հարաբերությունների շարունակական էկոհամակարգ», — եզրափակեց Մարգարյանը։ «Իրական ազգային դիմակայունությունը պետք է հիմնված լինի փոխգործակցության մշակույթի, նախապես համաձայնեցված դերերի, հստակ պատասխանատվության և համագործակցության կայուն մեխանիզմների վրա»։