«Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» (ԿԳԱՃ) մտակենտրոնը հայտարարում է իր առաջատար նախաձեռնության՝ «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» ծրագրի 2026 թվականի փուլի մեկնարկի մասին։

2024 թվականին մեկնարկած այս ծրագրի գաղափարն առաջացել է ի պատասխան Հայաստանի Հանրապետության հրատապ կարիքների՝ բարեփոխելու, արդիականացնելու և ադապտացնելու սեփական անվտանգային ճարտարապետությունը ներքին և արտաքին ահագնացող մարտահրավերների պայմաններում։ Մեկնարկից ի վեր սույն նախաձեռնությունն ուղի է հարթել ներառական, փորձագիտական և միջազգային լավագույն փորձի վրա հիմնված այնպիսի երկխոսության, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը և Համապարփակ պաշտպանության ու անվտանգության համակարգի (ՀՊԱՀ) առաջամղմանը:

Ծրագրի 2026 թվականի փուլը մեկնարկում է բեկումնային ժամանակահատվածում. 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններին հաջորդիվ Հայաստանը ոչ միայն պետք է իր ժողովրդավարական ընտրությունը ծառայեցնի որպես պետության ռազմավարական ավտոնոմիայի և ինքնիշխանության ամրապնդման հենասյուն, այլ նաև այն ամրագրի ինստիտուցիոնալ հզորության, հասարակական համախմբվածության ու երկարաժամկետ ազգային դիմակայունության տիրույթում։ ՀՊԱՀի աստիճանական ներդրումը համապետական, համահասարակական և անհատական մակարդակներում միտված է հենց վերոնշյալ նպատակների կենսագործմանը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն — 2026» ծրագիրն առաջնորդվում է հետևյալ առանցքային նպատակներով.

  • Ժողովրդավարական լեգիտիմության վերածումը ռազմավարական ուժի Վեր հանել այն մեխանիզմները, որոնք թույլ են տալիս ժողովրդավարական լեգիտիմությունն արդյունավետորեն վերափոխել ինստիտուցիոնալ դիմակայունության, հանրային վստահության բարձրացման և ազգային պատրաստվածության ամուր համակարգերի:
  • «Համապետական» և «համահասարակական» մոտեցման ամրապնդում Նպաստել «համապետական» և «համահասարակական» մոտեցման դերակատարների շրջանում ՀՊԱՀի վերաբերյալ գիտելիքի տարածմանը և Համակարգի աստիճանական ներդրմանը:
  • Հիբրիդային սպառնալիքներին հակազդում Խորացնել հանրային ընկալումները ասիմետրիկ խոցելիությունների, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի ու միջամտության վերաբերյալ և նպաստել հասարակության շրջանում կանխարգելիչ դիմակայունության ձևավորմանը:
  • Մշակել գործնական, փաստահեն քաղաքականության առաջարկներ Իրականացնել խորքային, փաստահեն վերլուծություններ և մշակել գործնական քաղաքական առաջարկներ՝ ի նպաստ «համապետական» և «համահասարակական» մոտեցման կենսագործմանը:
  • Խթանել բարձրակարգ գիտելիքի փոխանակումը Ծառայել որպես բազմակողմ երկխոսության առաջատար հարթակ՝ կապող օղակ հանդիսանալով Հայաստանի և միջազգային գործընկերների հանրային ու մասնավոր հատվածների միջև՝ ՀՊԱՀի վերաբերյալ լավագույն փորձի փոխանակման համար:
  • Դիրքավորել Հայաստանը համաշխարհային անվտանգային դիսկուրսում Համատեքստայնացնել ռազմավարական ադապտացման Հայաստանի յուրահատուկ փորձը ժողովրդավարական դիմակայունությանը վերաբերող միջազգային լայն քննարկումների համատեքստում։

2026թ. ծրագրի առանցքային բաղադրիչները

1. «Համահասարակական» խորհրդակցություններ

ԿԳԱՃը կիրականացնի խորհրդակցություններ, որում կներգրավվեն հայաստանյան ռազմամարզական կազմակերպություններ, անվտանգային հարցերով մասնագիտացված վերլուծական կենտրոններ/ՀԿներ, ռազմաարդյունաբերական ընկերություններ, կիբեռանվտանգության փորձագետներ և գործարար համայնքի ներկայացուցիչներ։ Այս քննարկումների ռազմավարական նպատակն է վեր հանել «համահասարակական» մոտեցման շահառուների առանցքային տեսակետները «համապետական» և «համահասարակական» մոտեցման կենսագործման ճանապարհին առկա կարողությունների, հնարավորությունների և բացերի վերաբերյալ։

2. Ամփոփիչ փաստաթղթեր

Խորհրդակցությունների ավարտից հետո ԿԳԱՃը կմշակի քաղաքականության վերլուծական երկու փաստաթուղթ (առաջարկությունների փաթեթներ)։ Առաջին փաստաթուղթն ամփոփելու է ռազմամարզական կազմակերպությունների, անվտանգային հարցերով մասնագիտացված վերլուծական կենտրոնների/ՀԿների, ռազմաարդյունաբերական ընկերությունների և կիբեռանվտանգության փորձագետների մոտեցումներն ու առաջարկները՝ համադրելով դրանք ԿԳԱՃի անկախ վերլուծության և հատուկ մշակված քաղաքական առաջարկությունների հետ։ Նույն սկզբունքով, երկրորդ փաստաթուղթը համադրելու է գործարար համայնքի դիտարկումները մտակենտրոնի սեփական ռազմավարական գնահատականների հետ։ Փաստաթղթերը կհասցեագրվեն պետական կառավարման պատկան մարմիններին:

3. «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն — 2026» միջազգային համաժողով

Ս.թ. սեպտեմբերի 17-18-ին Երևանում կանցկացվի թվով 3-րդ «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» երկօրյա միջազգային համաժողովը, որը կգործի «Ռազմավարությունից դեպի գործողություն» կարգախոսի ներքո։ Բարձր մակարդակի այս միջոցառումը կմեկտեղի հայաստանյան և միջազգային շահագրգիռ կողմերին՝ վերլուծելու տարածաշրջանային և համաշխարհային անվտանգային միտումների փոփոխությունները, ներկայացնելու «համապետական» և «համահասարակական» պատրաստվածության տարբեր մոդելները, ինչպես նաև քննարկելու հիբրիդային սպառնալիքներին և օտարերկրյա միջամտությանը հակազդելու միջոցները։ Բացի այդ, մասնակիցները կհասցեագրեն մատակարարման շղթաների անվտանգությանը, կրիտիկական ենթակառուցվածքների դիմակայունությանը, ինչպես նաև ՀՊԱՀի ռազմական բաղադրիչի գործարկման մեխանիզմներին առնչվող հարցեր։

4. Համաժողովի արդյունքներով մշակվող քաղաքականության փաստաթուղթ և ջատագովության արշավներ

Համաժողովին հաջորդիվ՝ ԿԳԱՃը կմշակի ամփոփիչ քաղաքականության փաստաթուղթ, որը կհամադրի համաժողովի ընթացքում վերհանված առանցքային դիտարկումները, տվյալներն ու ինստիտուցիոնալ լուծումները։ Հաջորդիվ, Մտակենտրոնը թիրախային ջատագովություն կիրականացնի պատկան մարմինների շրջանում, որպեսզի առկա առաջարկները ներառվեն ազգային անվտանգության համակարգերում։ Արտաքին ճակատում ԿԳԱՃը կօգտագործի հանրային դիվանագիտությունը՝ միջազգային գործընկերների աջակցությունն ապահովելու նպատակով, իսկ մեդիատիրույթում հանդես կգա հանրային հարցազրույցներով՝ բարձրացնելու հանրության իրազեկվածությունը։