ԿԳԱՃ – ն այսօր
Արմինե Մարգարյանը մասնակցել է Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին
Ս. թ. նոյեմբերի 6-ին WGSA-ի նախագահ Արմինե Մարգարյանը, Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի շրջանակում, մասնակցել է «Ժողովրդավար Հայաստան. առաջընթացի նոր մտածողություն» պանելային քննակմանը:
Իր խոսքում տիկին Մարգարյանն անդրադարձել է ժողովրդավարության իրավական և ինստիտուցիոնալ շոշափելիության բաղադրիչներին՝ ընդգծելով. «Ժողովրդավարությունը ենթադրում է, որ իշխանությունը քաղաքացիների կողմից տրված ժամանակավոր մանդատ է։ Հետևաբար, քաղաքացին ունի լծակներ՝ քաղաքացիական հասարակության, ԶԼՄ–ների կամ ԱԺ վերահսկողական մեխանիզմների միջոցով պահանջելու հաշվետվողականություն»։
Ներկայացնելով ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության, մարդկային անվտանգության և հասարակության դիմակայունության փոխկապակցված շղթան՝ տիկին Մարգարյանն ընդգծել է, որ երբ այս երեք տարրերից մեկը խաթարվում է, ամբողջ համակարգը դառնում է խոցելի արտաքին ու ներքին ցնցումների նկատմամբ. «Երբ քաղաքացին վստահում է պետական ինստիտուտներին, արտակարգ իրավիճակներում նա ապավինում է պաշտոնական աղբյուրներին։ Սա կանխում է DIMI-ի և FIMI-ի տարածումը՝ քաղաքացու մոտ ձևավորելով անվտանգության զգացում։ Անվտանգության զգացումն իր հերթին նպաստում է հասարակության դիմակայունության ամրապնդմանը, իսկ դիմակայուն հասարակությունն, իր հերթին, ի վիճակի է պաշտպանել ժողովրդավարական ինստիտուտներն ավտորիտար կամ հիբրիդային ճնշումներից»։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարող է ՀՀ քաղաքացին, դիրքավորվելով որպես պատասխանատու քաղաքացի, միաժամանակ պահպանել իր քննադատական դիրքորոշումը պետության նկատմամբ և վերահսկել իշխանության գործողությունները՝ տիկին Մարգարյանը նախ ընդգծել է, որ պատասխանատու քաղաքացիությունը ենթադրում է պետության հետ քաղաքացու փոխհարաբերությունների այնպիսի մոդել, երբ քաղաքացին հանդիսանում է պետականության համասեփականատեր. «Պետության նկատմամբ քննադատական վերաբերմունք ունենալն ու իշխանությանը վերահսկելը չեն հակասում պատասխանատու քաղաքացիությանը․ դրանք պատասխանատու քաղաքացիության առանցքային պայմաններն են, քանի որ պետության հանդեպ հավատարմությունը դրսևորվում է ինստիտուտները պաշտպանելու և դրանցից հաշվետվողականություն պահանջելու միջոցով»։
Ընդգծելով մեկ առանցքային փոփոխություն, որն ունակ է անմիջական ազդեցություն ունենալ Հայաստանի քաղաքացու ամենօրյա կյանքի վրա՝ տիկին Մարգարյանը նշել է կանխատեսելի և անաչառ արդարադատության համակարգի կայացումը:
