Նորություններ

Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն | Միջազգային համաժողով — 2026

Ծրագիր: Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն ծրագիր | 2026

Ներկայիս միջազգային անվտանգային միջավայրը ենթարկվում է խորքային կերպափոխման, որը բնորոշվում է սուր ռազմավարական մրցակցությամբ, համաշխարհային մասնատմամբ, մատակարարման շղթաների խոցելիությամբ, կրիտիկական ենթակառուցվածքների թիրախավորմամբ, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքների արագընթաց զարգացմամբ։ Աշխարհաքաղաքական հակամարտությունների հորձանուտում հայտնված և անվտանգային խոցելիություններ ունեցող ժողովրդավարությունների համար ազգային ինքնիշխանության ու ռազմավարական ավտոնոմիայի պահպանումը պահանջում է որակական անցում կատարել ավանդական, մեկուսացված պաշտպանական մոդելներից դեպի դինամիկ, բազմաշերտ ու ինստիտուցիոնալացված ազգային դիմակայունության համակարգեր։

Այս հրատապ պահանջին ընդառաջ՝ «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» (ԿԳԱՃ) մտակենտրոնը ս.թ. սեպտեմբերի 17-18-ին Երևանում հյուրընկալում է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն — 2026» ամենամյա միջազգային համաժողովը։ Գործելով «Ռազմավարությունից դեպի գործողություն» կարգախոսի ներքո՝ այս տարվա համաժողովն ազդարարում է այս անվտանգային բազմաշահառու միջոցառման երրորդ տարին անընդմեջ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը և առանցքային ելույթով հանդես գալը վկայում են քննարկվող թեմաների ռազմավարական նշանակության և դրանք պետական քաղաքականության համատեքստում առանձնակի կարևորելու մասին։ Մեկտեղելով միջազգային առաջատար փորձառությունը, համապարփակ դիմակայունության գործիքակազմերն ու Հայաստանի անվտանգային ճարտարապետության առանձնահատկությունները՝ այս առաջատար հարթակը շեշտը դնում է իրական պայմաններում ու ճգնաժամային իրավիճակներում գործնականորեն փորձարկված անվտանգային լուծումների վրա՝ միաժամանակ նպաստելով նորարարական մոտեցումների և ապագայամետ լուծումների որոնմանն ու ձևավորմանը։

Համաժողովն ունի հստակ թեմատիկ ու աստիճանական կառուցվածք, որը զարգանում է բարձր մակարդակի քաղաքական տեսլականից դեպի գործառնական ու ոլորտային լուծումներ։ «Բաց զրույցներ» շարքը հնարավորություն է տալիս անդրադառնալու անվտանգային համակարգի առանցքային չափումներին՝ ներքին անվտանգությանն ու քաղաքացիական պաշտպանությանը, Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի (ՀՊԱՀ) միջազգային լավագույն փորձի տեղայնացմանը և օրենսդրական հենքին, անվտանգային ոլորտի խորհրդարանական վերահսկողությանը, ինչպես նաև տնտեսական դիվանագիտությանն ու արտաքին քաղաքականության վերաձևակերպմանը։

Թեմատիկ, պանելային քննարկումները ծավալվում են հիբրիդային սպառնալիքներին հակազդման, համապետական ու համահասարակական մոտեցումների գործնականացման, համապարփակ անվտանգության ռազմական չափման ու տակտիկական ինքնիշխանության, ինչպես նաև Հայաստան–ԵՄ երկարաժամկետ օրակարգի, գրանցված ձեռքբերումների, առկա հնարավորությունների և մարտահրավերների շուրջ։

Համաժողովի արդյունքները կամփոփվեն քաղաքականության փաստաթղթում՝ ապահովելով գործնական հենք՝ ազգային դիմակայունությանն ուղղված ջանքերը պետական, դիվանագիտական և հանրային մակարդակներում ամրապնդելու համար։