ԿԳԱՃ – ն այսօր
Կարծիք. Ինչո՞ւ է ընդդիմությունը կրկին փորձում քաղաքական կրքեր բորբոքել եկեղեցու շուրջ
Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը մեկնարկեց առաջին հայացքից արարողակարգային թվացող մի հարցի շուրջ ընդդիմության բարձրացրած աղմուկով․ ինչո՞ւ ԱԺ անդրանիկ նիստին ներկա չէր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն։ Ընդդիմադիր պատգամավորները կաթողիկոսի՝ ԱԺ–ի անդրանիկ նիստին ներկա չլինելու հանգամանքը քաղաքական կոնֆրոնտացիայի առիթի վերածեցին՝ հարցը զուտ արարողակարգային դաշտից քաղաքական հակադրության հարթություն տեղափոխելով։
Հայաստանի Հանրապետությունը կրոնապետություն չէ, որպեսզի Ազգային ժողովի կամ որևէ այլ պետական ինստիտուտի գործունեության մեկնարկը պայմանավորվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի պարտադիր ներկայությամբ կամ օրհնությամբ։ Հայաստանի պետական ինստիտուտները գործում են Սահմանադրության և օրենքների համաձայն, ոչ թե եկեղեցական արարողակարգով։ Ուստի իններորդ գումարման Ազգային ժողովի հենց առաջին նիստում ընդդիմության կողմից այս թեման նման աղմուկով օրակարգ բերելը միանգամայն բնական հարց է առաջացնում․ ո՞ր պահից է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությունը կամ օրհնությունը դարձել Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի աշխատանքի մեկնարկի նախապայման։
Կաթողիկոսին, ինչպես պետական և հասարակական նշանակալի պաշտոններ զբաղեցնող այլ անձանց, անշուշտ կարող են հրավիրել պետական տարբեր միջոցառումների։ 2012 և 2021 թվականներին կաթողիկոսը ներկա է եղել 5-րդ և համապատասխանաբար՝ 8-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստերին: Բայց նման հրավերը չի կարելի դիտարկել իբրև պաշտոնից ինքնաբերաբար բխող արտոնություն կամ, առավել ևս, պետական արարողակարգի կատեգորիկ պահանջ։ Այն, նախ և առաջ, տվյալ անձի վայելած հանրային հարգանքի և հեղինակության հարց է։ Այդպիսի հեղինակություն ուներ, օրինակ, Վազգեն Ա–ն՝ հատկապես Հայաստանի անկախության առաջին տարիներին։ Նրա ներկայությունը պետական նշանակության իրադարձություններին պաշտոնական արարողակարգով հիմնավորելու անհրաժեշտություն երբևէ չի եղել, քանզի Վազգեն Ա–ի հեղինակությունը պայմանավորված չէր իր տիտղոսով․ այն վաստակված էր իր հոգևոր և հանրային գործունեությամբ։
Գարեգին Բ–ի դեպքում պատկերը բոլորովին այլ է։ Նրա՝ ավելի քան քառորդդարյա գահակալությունը հանրային հեղինակության կուտակման փոխարեն ուղեկցվել է դրա հետևողական մսխմամբ․ ներեկեղեցական սկանդալներից ու հարստության վերաբերյալ աղմկահարույց հրապարակումներից մինչև քաղաքական գործընթացներին բացահայտ ներգրավվելու ակնհայտ դեպքեր, ինչպես նաև ռուսաստանյան իշխանական շրջանակների հետ խնդրահարույց կապեր։ Հետևաբար, նախքան Հայաստանի խորհրդարանում Գարեգին Բ–ի բացակայությունը ազգային ողբերգության աստիճանի հավասարեցնելը, թերևս արժե հարցնել․ «Իսկ կոնկրետ ո՞ւմ ներկայությունն են այդքան համառորեն պահանջում և ինչո՞ւ»։
Խոսքը մի հոգևորականի մասին է, որը նախ իր հոտի առջև պետք է պատասխան տա իր ղեկավարած եկեղեցում կուտակված բազմաթիվ հարցերի վերաբերյալ։ Գարեգին Բ–ն վերջին տարիներին փաստացի Հայաստանի ներքաղաքական պայքարի կիզակետում է հայտնվել՝ պայմանավորված իր քաղաքական բնույթի հայտարարություններով և ակնհայտ հակաիշխանական կեցվածքով։ Վաղուց հանրային պարզաբանման կարիք ունեն նաև նրա և իր եղբոր՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ ՌԴ իշխանությունների և Ռուս ուղղափառ եկեղեցու հետ ունեցած հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև Եզրաս Ներսիսյանի՝ խորհրդային ՊԱԿ–ի գործակալ լինելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ–ի հրապարակած տեղեկությունները։
Այդ հարցերն առավել այժմեական են դառնում, երբ «քրիստոնեական արժեքների պաշտպանության» լեզուն Հայաստանում քաղաքական օրակարգի վերածելու փորձ է արվում։ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլ Պատրիարքը, որի հետ Գարեգին Բ–ն սերտ հարաբերություններ է պահպանում, Ռուսաստանի կողմից միջուկային զենքի ստեղծումը ներկայացրել է որպես «Աստծո օրհնություն»։ Այդպիսի հայտարարությունների համատեքստում միանգամայն օրինաչափ է հարցնելը, թե արժեքային ի՞նչ ընդհանրությունների վրա են կառուցված այդ հարաբերությունները և որքանո՞վ են դրանք տեղավորվում Հայաստանում այսօր շրջանառվող «քրիստոնեական արժեքների պաշտպանության» քաղաքական հռետորաբանության մեջ։
Խնդիրն այստեղ ոչ այնքան Գարեգին Բ–ի անձն է, որքան վերը շարադրված իրադարձությունների քաղաքական ենթատեքսը․ ինչո՞ւ է կաթողիկոսի՝ Ազգային ժողովի առաջին նիստին չհրավիրվելու հարցը հենց հիմա քաղաքական կոնֆրոնտացիայի վերածելու փորձ արվում։ Այս հարցը հատկապես կարևոր է, որովհետև պահանջը հնչում է այն քաղաքական ուժերի կողմից, որոնք վերջին տարիներին եկեղեցու և դրա բարձրաստիճան ներկայացուցիչների հետ արդեն մեկ անգամ փորձել են եկեղեցու հեղինակությունը վերածել քաղաքական մոբիլիզացիայի ռեսուրսի։
Ընտրություններում պարտություն կրելուց հետո «Ուժեղ Հայաստան» դաշինքի դե ֆակտո ղեկավար Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ փողոցային պայքար լինելու է, սակայն դրա համար անհրաժեշտ է համապատասխան քաղաքական «տրիգերի»։ Այդ հայտարարության ֆոնին խորհրդարանական գործունեության հենց առաջին օրը կաթողիկոսի բացակայության շուրջ բարձրացված աղմուկը բոլորովին այլ նշանակություն է ստանում․ հարցն այլևս միայն այն չէ, թե ինչու կաթողիկոսը չի հրավիրվել։ Հարցն այն է՝ արդյոք կաթողիկոսին և եկեղեցին հերթական անգամ քաղաքական կոնֆրոնտացիայի դաշտ բերելով՝ նորաթուխ ընդդիմությունը չի փորձում ստեղծել հենց իր նախապես հայտարարված «տրիգերը»։ Առավել ևս, որ նման սցենար Հայաստանում արդեն մեկ անգամ փորձարկվել է։
Նախորդ անգամ այսպես կոչված՝ քաղաքական «տրիգերը» Տավուշում սահմանազատման գործընթացն էր։ Դրանից առժամանակ առաջ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ խոսել էր ընդդիմադիր շարժումը ժողովրդի շրջանում հեղինակություն վայելող մեկի կողմից առաջնորդելու անհրաժեշտության մասին՝ ցանկալի համարելով, որ այդ մարդը հոգևորական լինի։ Տավուշում սահմանազատման գործընթացի մեկնարկից հետո երկու բաղադրիչները փաստացի հանդիպեցին։ «Տրիգերը» կար, հոգևորական առաջնորդն էլ գտնվեց։ Արդյունքում ստացանք Բագրատ Գալստանյանի գլխավորած այսպես կոչված «Սրբազան շարժումը»։
Շարժման հիմքում բավականին պարզ քաղաքական հաշվարկ էր․ եկեղեցականի հոգևոր կարգավիճակն ու հեղինակությունը վերածել քաղաքական կապիտալի, ինչը թույլ կտար եկեղեցու նկատմամբ հասարակության մի մասի վստահությունն ավտոմատ փոխանցել քաղաքական շարժմանը, իսկ սահմանազատման գործընթացից առաջացած դժգոհությունն այդ ճանապարհով վերածել իշխանափոխության հնարավորության։ Փորձը, սակայն, ձախողվեց, թեպետ շարժումն ուներ Գարեգին Բ–ի աջակցությունը, ինչպես նաև գործի էր դրվել եկեղեցական ազդեցության հասանելի ողջ գործիքակազմը։ Այդուհանդերձ, հոգևոր հեղինակությունը քաղաքական լեգիտիմության փոխարկելու հաշվարկը չաշխատեց, և հասարակական լայն մոբիլիզացիա ապահովել չհաջողվեց։
Այս անգամ խնդիրն ավելի բարդ է․ անմիջապես «փրկելու» կարիք ունեցող Տավուշ կամ այլ վայր չկա։ Փոխարենը՝ կա նախապես հայտարարված «տրիգերի» սպասում և խորհրդարանական գործունեության հենց առաջին օրը կաթողիկոսի բացակայությունը քաղաքականացնելու փորձ։ Հենց այստեղ է, որ կաթողիկոսի՝ ԱԺ նիստին ներկա լինել–չլինելու հարցը դադարում է զուտ արարողակարգային վեճ լինելուց․ այն ավելի լայն քաղաքական գործընթացի մաս է դառնում, որի շրջանակում եկեղեցին հերթական անգամ ներքաղաքական պայքարի գործիք դարձնելու փորձ է արվում՝ թեև նախկին փորձերը ձախողվել են:
Արդյո՞ք սա քաղաքական երևակայության բացակայության արդյունք է, թե նույն հնամաշ ռուսական «մետոդիչկայի» հերթական կիրառումը, թողնում եմ ընթերցողի դատին։ Բայց եթե հաշվարկն իսկապես այն է, որ Գարեգին Բ–ի շուրջ արհեստականորեն ստեղծված հակամարտությունը կարող է նոր փողոցային շարժման վառելիք դառնալ, ապա «Ուժեղ Հայաստան» դաշինքում ճիշտ կանեն նախ ուսումնասիրեն իրենց այսօրվա խորհրդարանական գործընկերների՝ «Հայաստան» դաշինքի ոչ այնքան վաղ անցյալի փորձը, որը շատ պարզ բան է ցույց տվել․ արդեն մեկ անգամ չաշխատած քաղաքական տեխնոլոգիան երկրորդ անգամ կիրառելու համար միայն դերակատարների անունները փոխելը բավարար չէ։
Հեղինակ՝ Էլեն Հոխիկյան