Հոդվածներ

Պատերազմի գինը. Իրանի շուրջ ձևավորված դիվանագիտական հնարավորությունների պատուհանը և դրա ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար

Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը կարծես թևակոխել է մի փուլ, երբ ռազմական գործողությունների շարունակման հարցն ուղղակիորեն կապվում է դրանց գնի հետ։ Խոսքը միայն նրանում չէ, թե կողմերից որն ունի հաջորդ հարվածը հասցնելու կարողություն։ Պատերազմի ձգձգումն առաջացնում է այնպիսի ռազմական, տնտեսական և քաղաքական հետևանքներ, որոնք սահմանափակում են ոչ միայն Վաշինգտոնի ու Թեհրանի, այլև Մերձավոր Արևելքի տարածաշրջանային մյուս դերակատարների ընտրության հնարավորությունները։ Այս պայմաններում ձևավորվում է դիվանագիտական հնարավորությունների պատուհան։ Սա դեռ չի նշանակում, որ պատերազմն ավարտվում է, առավել ևս՝ որ կողմերը համաձայնության չեն եկել։ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ, Իրանը պահանջներ է ներկայացնում Վաշինգտոնին, իսկ ռազմական հարվածներն ամբողջությամբ չեն դադարել։ Այդուհանդերձ, մի քանի զուգահեռ գործընթացներ ցույց են տալիս, որ պատերազմի շարունակությունը բոլոր կողմերի համար դառնում է անհամաչափ թանկ, ինչն էլ նրանց մղում է դեպի բանակցություններ։

Նախ՝ ԱՄՆ-ը հուլիսի 29-ից հետո Իրանի ուղղությամբ նոր խոշոր հարվածներ չի հասցրել։ Միևնույն ժամանակ, նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 6-ին հայտարարեց, որ պատերազմը կարող է ավարտվել շատ շուտով։

Երկրորդը՝ Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և Օմանի միջև ընթացող բանակցությունները հասել են մի փուլի, որտեղ քաղաքական հայտարարություններից անցում է կատարվում նավագնացության կոնկրետ մեխանիզմների քննարկմանը։

Երրորդ՝ տարածաշրջանի պետությունները, որոնք պատերազմի հետևանքով հայտնվել են տնտեսական և անվտանգային փակուղում, առավել քան շահագրգռված են Իրանի հետ կայուն պայմանավորվածությունների հասնելու հարցում։ Սա, իհարկե, դեռ փխրուն, բայց արդեն ավելի հստակ ուրվագծվող գործընթաց է:

Էսկալացիայի նոր տրամաբանությունը

Պատերազմի ընթացքում էապես փոխվել է Իրանի վարքագիծը։ Սկզբնական փուլում կողմերի գործողությունները մեծապես հենվում էին «ակն ընդ ական» սկզբունքի վրաամերիկյան հարվածին հետևում էր իրանական համարժեք պատասխանը, որին կարող էր հաջորդել ԱՄՆ-ի նոր գործողությունը։ Փաստացի, Վաշինգտոնը պահպանում էր էսկալացիոն գերակայությունը՝ միանձնյա կերպով թելադրելով պատերազմի ընթացքը։ Վերջին փուլում, սակայն, Թեհրանն ավելի նախաձեռնողական է դարձել։ Իրանական հարվածների աշխարհագրությունը ներառել է ԱՄՆ-ի ռազմական ներկայության հետ կապված օբյեկտներ Հորդանանում, Քուվեյթում, Բահրեյնում և տարածաշրջանի այլ հատվածներում։ Միաժամանակ ակտիվացել են Իրանի հետ փոխկապակցված դերակատարները, այդ թվում՝

Եմենի հութիները։ Սաուդյան Արաբիան օգոստոսի սկզբին հաղորդեց հութիների հարվածների հետևանքով քաղաքացիական անձանց վիրավորվելու մասին:

Այս շրջադարձը վկայում է էսկալացիոն տրամաբանության խորքային փոփոխության մասին․ Իրանն այլևս չի սահմանափակվում ամերիկյան հարվածներին պատասխանելով և սկսել է կանխարգելիչ հարվածներ հասցնել ԱՄՆ-ի գործընկեր պետությունների ու տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայությունը հյուրընկալող երկրների ուղղությամբ։ Այս քայլով Իրանը փորձում է արձանագրել, որ Վաշինգտոնը, չնայած իր ռազմական ակնհայտ գերազանցությանը, այս պատերազմում այլևս չունի էսկալացիոն գերակայություն։ Այս մարտավարությունը Թեհրանին թույլ է տալիս ռազմական ճանապարհով ապահովել բանակցային առավել նպաստավոր դիրքեր:

Առանցքային է նաև ամերիկյան ռազմական պաշարների գործոնը։ Ըստ մի շարք վերլուծությունների՝ ԱՄՆ-ն դեռևս ունի Իրանի դեմ պատերազմը շարունակելու բավարար կարողություն։ Այդուհանդերձ, երկարատև ռազմական գործողությունների հետևանքով նկատելիորեն նվազել են որոշ առանցքային, բարձրարժեք զինատեսակների պաշարները։ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) գնահատականներով՝ Patriot համակարգերի հակահրթիռային ամերիկյան պաշարները նվազել են 1000 միավորից, իսկ THAAD համակարգերինը՝ մոտեցել 250-ի։ Միաժամանակ կրճատվել են հեռահար հարվածային միջոցների, այդ թվում՝ Tomahawk և ATACMS հրթիռների պաշարները։ Հրթիռային արսենալի էական կրճատումը խնդրի միայն ամենատեսանելի շերտն է․ գործնականում որոշ համակարգերի արագ համալրումը գրեթե անհնար է։ Ժամանակակից բարձրտեխնոլոգիական զինատեսակների արտադրությունը պահանջում է երկարատև արտադրական ցիկլեր և մատակարարման բարդ շղթաներ, որոնց առանցքային օղակներում ԱՄՆ-ը շարունակում է կախվածության մեջ մնալ Չինաստանից։ Հետևաբար, նույնիսկ արտադրական հզորությունների արագ ընդլայնումը չի երաշխավորում սպառված պաշարների արագ վերականգնում, մինչդեռ նույն զինամթերքն անհրաժեշտ է ոչ միայն իրանական ճակատում, այլև ԱՄՆ-ի համար ռազմավարական այլ թատերաբեմերում։ Այսպիսով, պատերազմի շարունակման յուրաքանչյուր հաջորդ փուլ սկսում է ունենալ ոչ միայն օպերատիվ, այլև ռազմավարական այլընտրանքային գին (opportunity cost)։

Հորմուզը՝ պատերազմի կենտրոնական հանգույց

Թեհրանը գործնականում ապացուցեց, որ ունակ է էապես խաթարել նեղուցով անցնող էներգետիկ և առևտրային հոսքերը։ Արդյունքում՝ այն, ինչ սկզբնական փուլում դիտարկվում էր որպես Իրանի վրա ճնշման լծակ, վերածվեց համաշխարհային տնտեսության համար լուրջ մարտահրավերի։

Նախքան պատերազմը Հորմուզի նեղուցով օրական անցնում էր մոտ 20 միլիոն բարել նավթ և նավթամթերք, ինչը ծովով իրականացվող համաշխարհային առևտրի շուրջ մեկ չորրորդն է։ Այս հոսքերի հիմնական հասցեատերերը ասիական երկրներն են։ Այլընտրանքային խողովակաշարային երթուղիներն ի վիճակի են փոխարինելու այդ ծավալների միայն չնչին մասը։

Արժույթի միջազգային հիմնադրամը հուլիսին զգուշացրել էր, որ թեև Հորմուզի նեղուցում մատակարարումների խափանման սկզբնական շոկը որոշ չափով մեղմվել է ռազմավարական պահուստների հաշվին, այլընտրանքային մատակարարումների և պահանջարկի վերաբաշխման անվտանգային այդ բուֆերների զգալի մասն արդեն իսկ սպառված է։ Ավելին, Հորմուզի տնտեսական նշանակությունը չի սահմանափակվում միայն նավթով։ Նեղուցի տրանսպորտային հոսքերի խափանումը միաժամանակ շոկային ազդեցություն է թողնում մի քանի փոխկապակցված շուկաների վրա։ Նեղուցով է անցնում ծովային ճանապարհով տեղափոխվող պարարտանյութերի համաշխարհային առևտրի մոտ մեկ երրորդը, իսկ Պարսից ծոցի էներգետիկ ենթակառուցվածքների խաթարումն անմիջականորեն հարվածում է հելիումի համաշխարհային մատակարարումներին։ Այսպիսով, Հորմուզի ճգնաժամը վերածվում է էներգետիկ, պարենային և արդյունաբերական մատակարարումների համաժամանակյա շոկի։ Ահա թե ինչու Հորմուզի հարցն այլևս լոկ ԱՄՆ-Իրան երկկողմ հարաբերությունների խնդիր չէ։ Այն դարձել է համաշխարհային տնտեսական համակարգի գլոբալ մարտահրավեր։

Ծոցի երկրները՝ երկընտրանքի առջև

Այս իրողությունն առավել ցայտուն է դրսևորվում Ծոցի արաբական պետությունների պարագայում։ Տարածաշրջանի երկրները հայտնվել են երկակի ճնշման տակմի կողմից նրանք ստիպված են հաշվի նստել Իրանի ռազմական կարողությունների և սեփական տարածքում ամերիկյան ուժերի տեղակայման պատճառով պատերազմի մեջ ներքաշվելու ուղղակի ռիսկերի հետ։ Մյուս կողմից՝ Հորմուզի պարալիզացումն անմիջականորեն հարվածում է նրանց տնտեսական շահերին։

Սաուդյան Արաբիայի օրինակը հատկապես խոսուն է։ Ըստ The National-ի հուլիսի 30-ի հրապարակման՝ 2026 թվականի երկրորդ եռամսյակում սաուդական տնտեսությունը տարեկան կտրվածքով կրճատվել է 4.8%-ով, ինչը COVID-19 համավարակից ի վեր ամենամեծ անկումն է։ Ընդ որում, նավթային հատվածի անկումը կազմել է ռեկորդային 24.7%։ Վերլուծաբաններն այս տնտեսական գահավիժումն ուղղակիորեն կապում են Իրանի շուրջ պատերազմի և Հորմուզի նեղուցի խափանման հետևանքով նավթի արտահանման սահմանափակումների հետ։ Սա առանցքային փոփոխություն է տարածաշրջանային հաշվարկներում։ Ծոցի պետությունների համար խնդիրն այլևս միայն Իրանից պաշտպանվելը չէ․ նրանց համար նույնքան կենսական է նավթի արտահանման հոսքերի վերականգնումն ու տնտեսական անկման կասեցումը։ Այսինքն՝ պատերազմը նրանց կանգնեցրել է միաժամանակյա անվտանգային և տնտեսական մարտահրավերների առջև։ Եվ այս երկու խնդիրների հանգուցալուծումն է՛լ ավելի է կապվում Թեհրանի հետ գործուն, կայուն պայմանավորվածությունների հասնելու անհրաժեշտության հետ։

Հենց այդ պատճառով Հորմուզի նեղուցի շուրջ ընթացող դիվանագիտական գործընթացը պետք է դիտարկել ոչ միայն ԱՄՆ–Իրան բանակցային տրամաբանության մեջ, այլև տարածաշրջանային պետությունների տնտեսական կենսական շահերի համընկման համատեքստում։

Հորմուզի շոկը չի սահմանափակվում Մերձավոր Արևելքով

Ճապոնիան սրա առավել ցայտուն օրինակներից է։ Տոկիոն ավանդաբար իր հում նավթի ներմուծման ավելի քան 90%-ն ապահովում էր հենց Հորմուզի երթուղով։ Պատերազմի բռնկումից հետո Ճապոնիան ստիպված եղավ գործարկել ռազմավարական պաշարները և արագորեն վերանայել մատակարարումների աշխարհագրությունը։

Ապրիլին Ճապոնիայում հում նավթի ներմուծման ծավալները կտրուկ նվազել էին, իսկ արդեն հունիսին ներմուծման ծախսերը նկատելիորեն աճել էին՝ նավթի գների թանկացման և Հորմուզի նեղուցի փակ լինելու պատճառով։ Ճապոնիայի կենտրոնական բանկն իր հերթին զգուշացրել է, որ ճգնաժամի ձգձգման դեպքում հում նավթի մատակարարման խափանումը կարող է հանգեցնել ոչ միայն վառելիքի, այլև նավթաքիմիական հումքի սղության՝ հարվածելով արդյունաբերության տարբեր ճյուղերին։ Այստեղ առանցքային է պատճառահետևանքային կապի հստակ արձանագրումը․ Հորմուզի խափանումն ինքնին չի բացատրում Ճապոնիայի տնտեսական բոլոր դժվարությունները, սակայն այն ցույց է տալիս, թե ինչպես է մեկ նեղուցի կաթվածահարումը հարուցում տնտեսական հետևանքների ավելի լայն շղթա։

նավթի դեֆիցիտ և թանկացում → էներգետիկ ծախսերի աճ → ներմուծման արժեքի բարձրացում → արտադրական ու ֆինանսական ճնշում → տնտեսական աճի դանդաղում։

Եվ հենց այս հանգուցակետում է, որ հակամարտության տնտեսական ծանրությունը սկսում է անդրադառնալ նաև ԱՄՆ-ի վրա։ Վաշինգտոնը չի կարող լիովին մեկուսանալ այն տնտեսական հետևանքներից, որոնք առաջանում են համաշխարհային էներգետիկ շուկայի նման մաշտաբային խափանումից։

Տարածաշրջանի անվտանգային ճարտարապետությունը փոխվում է

Ամերիկյան ռազմական գործոնը շարունակում է մնալ Պարսից ծոցի անվտանգային համակարգի կարևոր բաղադրիչ։ Այդուհանդերձ, հակամարտության ընթացքում ակնհայտ դարձավ, որ ամերիկյան զորքեր հյուրընկալող պետությունները՝ հենց այդ ներկայության պատճառով, հայտնվում են իրանական թիրախում։ Այս միտումն առավել ցայտուն դրսևորվեց Հորդանանում. ամերիկյան ռազմական ներկայության շուրջ քննարկումները սրվեցին իրանական հարվածներից հետո, ինչին հաջորդեցին երկրի ներսում ԱՄՆ ուժերի դուրսբերման վերաբերյալ պահանջները։

Միաժամանակ, տարածաշրջանային դերակատարները սկսում են ավելի ակտիվորեն ձևավորել փոխադարձ անվտանգության նոր ձևաչափեր։ Օգոստոսի 7-ին Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրեցին Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այն բնութագրեց որպես մի մեխանիզմ, որն իր գործնական տրամաբանությամբ մոտ է ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին։ Այս գործընթացները դեռևս չեն վկայում Մերձավոր Արևելքից ԱՄՆ-ի լիակատար հեռացման մասին. առաջնային տեսանելի փոփոխությունն անվտանգային կախվածությունների դիվերսիֆիկացումն է, ինչը փաստում է, որ տարածաշրջանում արդեն իսկ մեկնարկել է անվտանգային ճարտարապետության վերանայման գործընթաց։

Արդյունավետությունից դեպի դիմակայունություն

ԱՄՆ-Իրան ռազմական գործողությունների հետևանքով Հորմուզի նեղուցի փակումը, ինչպես նաև հութիների գործողություններով պայմանավորված՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը ցույց են տալիս էներգետիկ հիմնական երթուղիների խոցելիությունը։

Հորմուզն ու Բաբ էլ-Մանդեբը աշխարհի կարևորագույն ծովային զարկերակներից են. երկուսի խաթարումն էլ անմիջականորեն ազդում է ոչ միայն հարակից տարածաշրջանի, այլև համաշխարհային էներգետիկ ու առևտրային հոսքերի վրա։ Արդյունքում ձևավորվում է հետևյալ տնտեսական և անվտանգային տրամաբանությունը. ծովային փոխադրումները շարունակում են մնալ գլոբալ առևտրի ամենամատչելի և առանցքային բաղադրիչը, սակայն ճգնաժամային պայմաններում բացառապես ծովային ուղիներին ապավինելը դառնում է չափազանց ռիսկային։ Հետևաբար, կենսական է դառնում հուսալի այլընտրանքների ստեղծումն ու լոգիստիկ փոխարինելիության ապահովումը, որպեսզի մեկ երթուղու արգելափակման պարագայում հնարավոր լինի բեռնահոսքերը վերահասցեագրել այլ ուղիներով: Հենց այս համատեքստում է, որ առանձնակի ռազմավարական կարևորություն են ստանում ցամաքային այլընտրանքային միջանցքները, որոնց մաս կազմելու հավակնություն ունի նաև ԹՐԻՓՓ-ը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնությունը։

ԹՐԻՓՓ-ը՝ նոր մատակարարման ուղիների համատեքստում

ԹՐԻՓՓ-ը չպետք է դիտարկել պարզապես որպես Ադրբեջանն ու Նախիջևանը Հայաստանի տարածքով կապող երթուղի։ Դրա բուն նշանակությունը պետք է ընկալել այն նոր իրողությունների լույսի ներքո, որտեղ հաղորդակցային ու մատակարարման հիմնական ուղիների խոցելիությունը վերածվում է տնտեսական և ռազմավարական առանցքային ռիսկի։ Այս տեսանկյունից՝ նախագծի դերակատարումն էապես ավելի ընդգրկուն է. այն Հարավային Կովկասը տարանցիկ ու հաղորդակցային լայն համակարգում ինտեգրող ռազմավարական ենթակառուցվածք է։ Միևնույն ժամանակ, ԹՐԻՓՓ-ի արժեքը

նույնպես չի սահմանափակվում բացառապես տնտեսական արդյունավետությամբ․ դրա առանցքային ռազմավարական առավելությունը լոգիստիկ փոխարինելիության ապահովումն է՝ հիմնական ուղիների խափանման դեպքում մատակարարումների շարունակականությունը պահպանելու միջոցով։

Այս տեսանկյունից՝ ԱՄՆ-ի կողմից TRIPP+ Enterprise Fund-ի ֆինանսավորման կրկնապատկումը ($201 մլն-ից հասցնելով $402 մլն-ի) առանցքային է ոչ միայն ծավալով, այլև որպես տարածաշրջանային ենթակառուցվածքներում Վաշինգտոնի երկարաժամկետ ներգրավվածության ցուցիչ։ Սա փաստում է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ռեսուրսներ ներդնել այնպիսի ենթակառուցվածքներում, որոնց ռազմավարական գինը կտրուկ աճում է հենց ծովային հիմնական երթուղիների խոցելիության պայմաններում։ ԹՐԻՓՓ-ի նախագծային կառուցվածքը ներառում է ոչ միայն երկաթուղային, այլև ավտոմոբիլային, խողովակաշարային և կապի ենթակառուցվածքների զարգացում՝ այն վերածելով լայնածավալ տնտեսական ու հաղորդակցային համակարգի։ Այսպիսով, նախագիծը լիովին տեղավորվում է ԱՄՆ տնտեսական-ռազմավարական այն օրակարգում, որտեղ առաջնային են դառնում մատակարարման շղթաների դիվերսիֆիկացումն ու կախվածությունների նվազեցումը։

Միևնույն ժամանակ, ԹՐԻՓՓ-ը, բնականաբար, չի կարող մրցել ծովային առևտրի հետ ծավալների, թողունակության կամ ինքնարժեքի առումով։ Դրա բուն ռազմավարական արժեքը ոչ թե ծովային ճանապարհներին այլընտրանք դառնալն է, այլ համակարգի ընդհանուր դիմակայունությունը բարձրացնելը: Ի վերջո, հարցն այլևս միայն ամենակարճ կամ ամենաէժան երթուղի գտնելը չէ, այլ այն, թե ինչ այլընտրանքներ են մնում, երբ առանցքային ճանապարհները դառնում են անհասանելի։ Այս համատեքստում Հայաստանի աշխարհագրությունը կարող է վերածվել ռազմավարական առավելության։ Եթե նախկինում Հարավային Կովկասի տրանսպորտային նախագծերի կարևորությունը հիմնականում դիտարկվում էր տարածաշրջանային տնտեսական ինտեգրման տեսանկյունից, ապա այժմ դրան ավելանում է նոր՝ լոգիստիկ և ռազմավարական դիմակայունության շերտը։ Հայաստանը կարող է դառնալ Կենտրոնական Ասիան, Կասպյան տարածաշրջանը, Հարավային Կովկասն ու Եվրոպան կապող ցամաքային համակարգի մաս՝ որոշակիորեն նվազեցնելով այդ տարածաշրջանների կախվածությունը առանձին խոցելի երթուղիներից։

ԹՐԻՓՓ-ը և Իրանի Շահերը

ԹՐԻՓՓ-ի նկատմամբ Իրանի վերաբերմունքը ևս պետք է դիտարկել ավելի լայն աշխարհաքաղաքական հաշվարկի համատեքստում։ Մինչև Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համաձայնության ձևավորումը՝ տարածաշրջանում «միջանցքի» շուրջ հիմնական վեճը ոչ միայն հաղորդակցության բացման, այլև դրա իրավական ռեժիմի և Հայաստանի ինքնիշխանության պահպանման հարցն էր։ Այդ փուլում Իրանը տարածաշրջանի միակ առանցքային պետությունն էր, որն անվերապահորեն հանդես եկավ

Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման օգտին՝ հայտարարելով, որ դեմ է արտատարածքային տրամաբանությամբ որևէ երթուղու և չի ընդունում տարածաշրջանի միջազգային սահմանների փոփոխությունը։

Այս դիրքորոշման հիմքում պարզապես Երևանի հետ քաղաքական համերաշխությունը չէ, որ ընկած է։ Իրանի համար Հայաստանի հարավով անցնող սահմանը ռազմավարական նշանակություն ունի։ Հայ-իրանական սահմանը, որի երկայնքով պլանավորվում է կառուցել ԹՐԻՓՓ-ը, մոտ 44 կմ է, և այն Իրանի համար միաժամանակ սահմանային անվտանգության, առևտրային և դեպի Հարավային Կովկաս ու հետագայում եվրոպական շուկաներ դուրս գալու կարևոր ուղի է։ Իրանական կողմը բազմիցս ընդգծել է, որ Հայաստանի հետ ցամաքային կապի և տարածաշրջանային սահմանների փոփոխության հարցն ուղղակիորեն առնչվում է իր ազգային անվտանգության շահերին։ Դրան գումարվում է Ադրբեջանի և Իսրայելի միջև ձևավորված ռազմավարական հարաբերությունների գործոնը։ Իրանը տարբեր առիթներով բազմիցս մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տարածքի հնարավոր օգտագործման վերաբերյալ՝ Իսրայելի հետախուզական կամ ռազմական նպատակների համար։ 2025-ին այդ հարցի շուրջ նույնիսկ հրապարակային վեճ ծագեց ՀՀ-ում Իրանի դեսպան՝ Մեհդի Սոբհանիի և Ադրբեջանի իշխանությունների միջև. Սոբհանին պնդել էր, որ Իսրայելի անօդաչու սարքերը Ադրբեջանից ներթափանցել են Իրանի տարածք, մինչդեռ Բաքուն այդ պնդումները կտրականապես հերքում էր։ Հետևաբար, Իրանի համար Հայաստանի հետ սահմանային կապի պահպանումը միայն աշխարհագրության հարց չէ. եթե Հայաստանի հարավում ձևավորվեր արտատարածքային միջանցք, որի նկատմամբ Երևանը փաստացի վերահսկողություն չունենար՝ Թեհրանը կարող էր կորցնել ռազմավարական նշանակություն ունցող իր հյուսիսային սահմանային հատվածի նշանակալի մասը՝ բացարձակ կախվածության մեջ հայտնվելով Ադրբեջանից ու Թուրքիայից՝ թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական և թե՛ տարանցիկության առումներով։ Այդ պատճառով Իրանի սկզբունքային «կարմիր գիծը» եղել է ոչ թե տարածաշրջանում նոր կապուղիների ստեղծումը, այլ դրանց հնարավոր արտատարածքային կարգավիճակը և Հայաստանի ինքնիշխանության սահմանափակումը։

Այս տեսանկյունից ԹՐԻՓՓ-ի ներկայիս մոդելը էապես տարբերվում է այն միջանցքային տրամաբանությունից, որին ձգտումէին Ադրբեջանը՝ ՌԴ-ի հետ միասին և որին Իրանը դեմ էր։ Նախագիծը նախատեսվում է իրականացնել Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո, և հայկական կողմը հենց այս հանգամանքն է ներկայացրել իրանական գործընկերներին՝ որպես անվտանգության հիմնական երաշխիք։ 2026-ի մարտին Իրանի դեսպան Խալիլ Շիրգոլամին հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունները հավաստիացրել են՝ ճանապարհը ռազմական նշանակություն չի ունենալու, իսկ Հայաստանի ինքնիշխանությունը պահպանվելու է ամբողջ երթուղու նկատմամբ։ Մայիսին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Իրանի կողմից ԹՐԻՓՓ-ի հնարավոր անվտանգության բաղադրիչի վերաբերյալ բարձրացված մտահոգությունները փարատվել են։

Ավելին՝ ԹՐԻՓՓ-ի տնտեսական և հաղորդակցային տրամաբանությունը կարող է համընկնել նաև Իրանի սեփական տարանցիկ շահերի հետ։ Նախագիծը հնարավորություն է տալիս Հայաստանի տարածքով երկաթուղային կապ հաստատել Նախիջևանի հետ, իսկ այնտեղից՝ միանալ Իրանի երկաթուղային ցանցին։ ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ Իրանը այդ երթուղու միջոցով կարող է Հայաստանի տարածքով հասանելիություն ձեռք բերել դեպի Սև ծով՝ փաստացի ստեղծելով Պարսից ծոց–Սև ծով ավելի լայն հաղորդակցային կապ: Այս իմաստով՝ ԹՐԻՓՓ-ը կարող է Իրանի համար ոչ թե սահմանափակել Հայաստանի ուղղությամբ հաղորդակցային հնարավորությունները, այլ ընդլայնել դրանց միջոցով դեպի հյուսիս և եվրոպական շուկաներ հասնելու հնարավորությունը։

Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության ընդլայնումն արդեն իսկ ընթանում է նաև էներգետիկ ուղղությամբ: Հուլիսի վերջին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ Հայաստանը և Իրանը բանավոր համաձայնության են եկել «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալը առնվազն կրկնապատկելու շուրջ։ Նրա խոսքով՝ գործող Հայաստան–Իրան գազամուղի թողունակությունը գերազանցում է ներկայիս մատակարարումների ծավալը, իսկ երրորդ 400 կՎ էլեկտրահաղորդման գծի գործարկումը հնարավորություն կտա մեծացնել փոխանակման ծավալները։

Այս ամենը ցույց է տալիս, որ ԹՐԻՓՓ-ի ամերիկյան բաղադրիչն ինքնին բավարար չէ այն Իրանի համար հակաիրանական ենթակառուցվածք դարձնելու համար։ Եթե ճանապարհը շարունակում է գործել Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո, չունի ռազմական բաղադրիչ և միաժամանակ ընդլայնում է Հայաստանից դեպի հյուսիս ու արևմուտք հասնող հաղորդակցային հնարավորությունները, ապա Թեհրանի համար առավել էական է դառնում ոչ թե այն, թե ով է մասնակցում նախագծին, այլ այն, թե ինչ հնարավորություններ է այն ստեղծում Իրանի համար։ Այս հաշվարկի դեպքում ԹՐԻՓՓ-ը՝ Հայաստանի միջոցով Իրանի տնտեսական և տարանցիկ հասանելիությունն ընդլայնող լրացուցիչ հնարավորություն կարող է դիտարկվել։

Պատերազմը դեռ չի ավարտվել

Իրանի շուրջ հակամարտության ընթացիկ փուլը դեռ թույլ չի տալիս պնդել, թե հաջողվել է վերջնական պայմանավորվածությունների հասնել։ Այնուամենայնիվ, մի շարք գործոններ մատնանշում են հենց այդ ուղղությամբ. պատերազմի շարունակման գինը աստիճանաբար աճում է ոչ միայն Վաշինգտոնի, Թեհրանի և տարածաշրջանային պետությունների, այլև գլոբալ տնտեսության համար։ Այս իրավիճակում դիվանագիտական հնարավորությունների պատուհանը բացվում է ոչ թե այն պատճառով, որ հակամարտության կողմերը հրաժարվել են իրենց նախապես հայտարարված նպատակներից, այլ որովհետև պատերազմի գինն սկսում է անցնել այն սահմանը, որից այն կողմ դրա քաղաքական ու տնտեսական արդյունավետությունն այլևս արդարացված է։

Հորմուզի շուրջ հնարավոր պայմանավորվածությունը հենց այս տրամադրությունների փոփոխության առաջին լուրջ փորձությունն է։ Եթե այն ձեռք բերվի, հակամարտությունը կարող է մտնել ավարտական փուլ՝ փոխկապակցված համաձայնությունների մի ամբողջական փաթեթով, որը ներառում է Հորմուզի նեղուցի, պատժամիջոցների, միջուկային ծրագրի և տարածաշրջանային ընդհանուր անվտանգության հարցերը։ Հակառակ դեպքում՝ հակամարտության աշխարհագրության ընդլայնումը համաշխարհային տնտեսությունը կկանգնեցնի նոր ու ավելի խորը ցնցումների առջև։ Այդ պարագայում հակամարտության ամենաերկարատև հետևանքը կարող է լինել ոչ միայն Մերձավոր Արևելքում ուժային հավասարակշռության փոփոխությունը, այլև այն, որ աշխարհը ստիպված կլինի արմատապես վերանայել իր էներգետիկ ու լոգիստիկ կախվածությունների ամբողջ ճարտարապետությունը։

Այդ նոր քարտեզում Հարավային Կովկասը, և հատկապես Հայաստանը, կարող են ստանալ էապես ավելի մեծ ռազմավարական նշանակություն, քան պատերազմից առաջ հնարավոր էր պատկերացնել:

Հեղինակ՝ Էլեն Հոխիկյան

Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ։ Հոդվածի բովանդակության համար պատասխանավություն է կրում  «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» (ԿԳԱՃ) մտակենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտացոլի ԺԶՀ պաշտոնական դիրքորոշումը։