Հոդվածներ

Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս․ դիվերսիֆիկացիայի նոր տնտեսական աշխարհագրությունը

Եվրասիայի տնտեսական աշխարհագրությունն անցնում է խորքային հայեցակարգային և կառուցվածքային փոխակերպման փուլ։ Այս տրանսֆորմացիան դեռևս չի արտահայտվում գործող տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների ինստիտուցիոնալ փլուզմամբ կամ որակապես նոր կառույցների ձևավորմամբ։ Փոխարենն ընթանում է առավել հիմնարար գործընթաց, որն արտահայտվում է պետությունների կողմից ավանդական ասիմետրիկ կախվածությունների վերագնահատմամբ, ինչպես նաև այլընտրանքային շուկաների, տրանսպորտային–լոգիստիկ երթուղիների, տեխնոլոգիական և էներգետիկ ենթակառուցվածքների ձևավորմամբ։

Այս աշխարհատնտեսական վերաձևավորման առանցքային դրսևորումներից է Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի միջև միջտարածաշրջանային փոխգործակցության ակտիվացումը։ Տևական ժամանակ այս երկու տարածաշրջանները դիտարկվել են որպես միմյանցից տարանջատված, ֆրանգմենտացված միավորներ, որոնց տնտեսական, քաղաքական և անվտանգային ճարտարապետությունները կազմակերպված էին տարբեր աշխարհաքաղաքական բևեռների ու կենտրոնաձիգ համակարգերի շուրջ։    Այսօր Կասպից ծովի երկու կողմերում ձևավորվող նոր տրանսպորտային ուղիները, առևտրային հոսքերն ու ներդրումային նախագծերը աստիճանաբար չեզոքացնում են նշված կառուցվածքային խզումները։ «Միջին միջանցքը», որը Կենտրոնական Ասիան Հարավային Կովկասի միջոցով կապում է Եվրոպային, հանդիսանում է այդ աշխարհատնտեսական վերաձևավորման առավել տեսանելի արտահայտությունը։ Այս տրանսֆորմացիան հատկապես նշանակալի է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ֆւոնկցիոնալության համատեքստում։ Թեև ԵԱՏՄ–ն պահպանում է իր առևտրատնտեսական նշանակությունը, կառույցի ներսում առկա ինստիտուցիոնալ անհամաչափությունները և տնտեսական գործիքակազմի քաղաքականացումը մեծացնում են անդամ պետությունների համար այլընտրանքային հասանելիությունների և կապերի ձևավորման հրամայականը։ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառված վերջին առևտրային սահմանափակումները այս կառուցվածքային հակասության ակնառու ցուցադրությունն են։ Երբ տնտեսական փոխկախվածությունը, փոխադարձ տնտեսական օգուտների փոխարեն վերածվում է քաղաքական խոցելիության, դիվերսիֆիկացիան դառնում է տնտեսական անվտանգության հրամայական։ Սակայն Հայաստանի փորձառությունը միայն հայ–ռուսական հարաբերությունների կամ ԵԱՏՄ–ի ներքին ճգնաժամի մասին չէ. այն արտացոլում է ավելի լայն համակարգային գործընթաց, որի շրջանակում Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի պետությունները, պահպանելով գործող տնտեսական ու քաղաքական կապերը, միաժամանակ փնտրում են նոր գործընկերություններ։ Այս համատեքստում Հայաստանը, Ղազախստանը և տարածաշրջանի այլ պետություններ աստիճանաբար ներգրավվում են ձևավորվող առավել սերտ տնտեսական և հաղորդակցային կապերի համակարգերում, որոնց առանցքն են դառնում Միջին միջանցքը, լոգիստիկ նոր նախագծերը, տեխնոլոգիական համագործակցությունը և համաշխարհային մատակարարման շղթաների վերաձևավորումը։

Այս գործընթացն ընթանում է ԱՄՆ–Չինաստան ռազմավարական մրցակցության խորացման պայմաններում, որտեղ մատակարարման շղթաների դիվերսիֆիկացումը, կրիտիկական հանքանյութերի հասանելիությունն ու վերահսկողությունը ինչպես նաև առաջատար տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունը վերածվում են տնտեսական և աշխարհաքաղաքական անվտանգության առանցքային գործոնների։ Այս հարացույցում Կենտրոնական Ասիայի, և հատկապես Ղազախստանի ռազմավարական քաշն աճում է ոչ միայն հարուստ ռեսուրսային ներուժի, այլև եվրասիական տարածքում լոգիստիկ ու տնտեսական նոր հանգույցներ ձևավորելու կարողունակության շնորհիվ։ Հենց այս իրողությունների համատեքստում է ձևավորվում հոդվածի հիմնական հարցադրումը․ կարո՞ղ են ԵԱՏՄ–ի ներսում խորացող ինստիտուցիոնալ անհամաչափություններն ու տնտեսական լծակների քաղաքականացումը, պարադոքսալ կերպով, խթան հանդիսանալ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի միջև առավել դիվերսիֆիկացված ու փոխկապակցված տնտեսական տարածության ձևավորման համար։

Բացառիկ դաշինքներից դեպի ռազմավարական դիվերսիֆիկացիա

Տևական ժամանակ փոքր և միջին պետությունների արտաքին քաղաքական վարքագծի հայեցակարգային տրամաբանությունը կառուցվում էր մեկ կամ սահմանափակ թվով գերիշխող դերակատարների հետ խորացված ռազմավարական դաշինքների ձևավորման շուրջ։ Սառը պատերազմի երկբևեռ համակարգում այդ ընտրությունը մեծապես պայմանավորված էր մրցակցող ճամբարների միջև առկա կառուցվածքային ջրբաժանով, իսկ դրան հաջորդած միաբևեռ փուլում՝ Միացյալ Նահանգների քաղաքական, ռազմական և տնտեսական հեգեմոնիայով։ Այդ մոդելը ներկայումս կորցրել է իր ֆունկցիոնալությունը։ Միաբևեռ աշխարհակարգի տրանսֆորմացիան չի հանգեցրել նոր, հստակ կանոնակարգված միջազգային համակարգի ձևավորմանը, որտեղ պետությունները կրկին հնարավորություն կունենային կառուցելու կանխատեսելի ու երկարաժամկետ հարաբերություններ՝ մեկ աշխարհաքաղաքական բևեռի շուրջ։ Փոխարենը ձևավորվում է առավել ֆրագմենտացված (մասնատված) և անկանխատեսելի մրցակցային միջավայր, որտեղ գլոբալ տերությունները, տարբեր տիրույթներում ռազմավարական մրցակցությանը զուգահեռ, առավել զգուշավոր են դառնում երկարաժամկետ պարտավորություններ ստանձնելու և դրանք երաշխավորելու հարցում։ Նրանց առաջնահերթությունները ենթարկվում են արագ փոփոխությունների, և նոր աշխարհաքաղաքական իրողություններում նրանք հաճախ միակողմանիորեն հրաժարվում են նախկինում ստանձնած քաղաքական–անվտանգային պարտավորություններից՝ կանխատեսելի թվացող դաշինքները վերածելով համակարգային ռիսկերի:

Փոքր և միջին պետությունների պարագայում սա նշանակում է, որ որևէ մեկ արտաքին դերակատարից կրիտիկական կախվածությունը կարող է ստեղծել առավել շատ ռիսկեր, քան հնարավորություններ։ Այս պայմաններում ռազմավարական դիվերսիֆիկացիան վերածվում է ոչ թե քաղաքական նախապատվության, այլ ռիսկերի կառավարման և պետական ինքնավարության պահպանման հիմնարար գործիքի։ Նպատակը ավանդական գործընկերներից հրաժարվելը կամ մեկ ասիմետրիկ կախվածությունը մյուսով փոխարինելը չէ, այլ ռազմավարական ընտրության դաշտի ընդլայնումը՝ տնտեսական, անվտանգային, տեխնոլոգիական և տրանսպորտային–լոգիստիկ ուղղությունների բազմազանեցման միջոցով։ Միջազգային հարաբերությունների ժամանակակից գրականության մեջ նման վարքագիծը նկարագրվում է ռազմավարական հեջավորման (strategic hedging) և բազմավեկտորության (multi-alignment) հասկացությունների շրջանակում․ այն ենթադրում է անորոշության պայմաններում հարաբերությունների դիվերսիֆիկացում՝ ռազմավարական ընտրության հնարավորությունը պահպանելու և որևէ մեկ ուժից կրիտիկական կախվածության մեջ չհայտնվելու նպատակով։ Հետազոտությունները ռազմավարական հեջավորումը բնորոշում են նաև որպես փոքր պետությունների «ապահովագրական» վարքագիծ՝ բարձր անորոշության պայմաններում ռիսկերը բաշխելու և այլընտրանքային հնարավորություններ ձևավորելու համատեքստում։ Սա հատկապես առանցքային է այն պետությունների համար, որոնց արտաքին տնտեսական կամ անվտանգային համակարգը պատմականորեն կառուցվել է մեկ գերիշխող գործընկերոջ շուրջ։ Նման կառուցվածքային կախվածության պայմաններում մեկ ուղղությամբ երկկողմ քաղաքական կամ տնտեսական հարաբերությունների ճգնաժամը կարող է վերածվել պետական մակարդակի համակարգային ռիսկի։

Հայաստանի Հանրապետության ներկայիս արտաքին քաղաքական դինամիկան այս տեսական մոդելի ակնառու ցուցադրությունն է։ Հայաստանի տնտեսության և անվտանգային համակարգի զգալի հատվածը տասնամյակներ շարունակ ձևավորվել է Ռուսաստանի Դաշնության հետ խորն ու բազմաշերտ կախվածության տիրույթում։ Սակայն վերջին տարիների աշխարհաքաղաքական զարգացումները ի ցույց դրեցին նման կառուցվածքի հիմնարար խոցելիությունը․ քաղաքական տարաձայնություների և շահերի բախման պայմաններում տնտեսական, էներգետիկ և լոգիստիկ փոխկախվածությունները արագորեն վերածվում են քաղաքական ճնշման և հարկադրանքի լծակների։ Այս համատեքստում է, որ ԵԱՏՄ–ի շրջանակում Հայաստանի շուրջ զարգացումները ստանում են համակարգային նշանակություն։ Տեսականորեն՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն միավորման նպատակը պետք է լինի անդամ պետությունների միջև առևտրային խոչընդոտների վերացումը, շուկաների հասանելիության ընդլայնումն ու տնտեսական միջավայրի կանխատեսելիության բարձրացումը։ Սակայն երբ տնտեսական ինտեգրացիոն մեխանիզմները գործիքայնացվում են քաղաքական նպատակների առաջմղման համար, դրանք կորցնում են տնտեսական փոխգործակցության խթանման իրենց բուն ֆունկցիան՝ վերածվելով քաղաքական ազդեցության ասիմետրիկ գործիքի։

Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառված վերջին առևտրային սահմանափակումները հենց այս գործիքայնացման կոնկրետ դրսևորումն են։ 2026 թ․ մայիսից Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական մի շարք արտահանվող ապրանքների և տարանցման նկատմամբ՝ այդ քայլերը զուգակցելով Եվրամիության հետ մերձեցման գործընթացը շարունակելու պարագայում էներգակիրների ու այլ ապրանքների մատակարարումները դադարեցնելու կամ վերանայելու բացահայտ սպառնալիքներով։ Այստեղ խնդիրը դուրս է գալիս առանձին ապրանքատեսակների կամ տնտեսվարողների շահերի շրջանակից։ Առավել հիմնարար է այն հարցադրումը, թե ինչպիսի կառուցվածքային ռիսկեր են առաջանում, երբ տնտեսական միության անդամ առանցքային պետությունն ունակ չէ տնտեսական հարաբերությունները տարանջատելու քաղաքական օրակարգից։ Այդ պարագայում տնտեսական ինտեգրումը՝ ռիսկերը նվազեցնող համակարգից, վերածվում է ազգային խոցելիության լրացուցիչ աղբյուրի։ Փաստացի, այս դինամիկան հանգեցնում է պարադոքսալ իրավիճակի․որքան ավելի հաճախ է տնտեսական փոխկախվածությունն օգտագործվում որպես քաղաքական հարկադրանքի գործիք, այնքան ավելի է մեծանում անդամ պետությունների մղումը՝ ձևավորելու այլընտրանքային շուկաներ,տրանսպորտային միջանցքներ և ռազմավարական նոր գործընկերություններ: Այլ կերպ ասած՝ ինտեգրացիոն գործիքակազմի քաղաքականացումը արագացնում է փոքր պետությունների դիվերսիֆիկացման գործընթացը՝ մեկ կենտրոնից ունեցած կախվածությունն ու դրանով պայմանավորված համակարգային ռիսկերը չեզոքացնելու նպատակով։

Հայաստանի Հանրապետության պարագայում խոսքը վերաբերում է արտաքին կախվածությունների կառուցվածքային վերանայմանը և բազմազանեցմանը։ Երևանը հետևողականորեն ընդլայնում է իր ռազմավարական ընտրության տիրույթը՝ զարգացնելով նոր գործընկերություններ, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներ և տնտեսական զարգացման այլընտրանքային ուղղություններ: Այս համատեքստում Հայաստանի որդեգրված բալանսավորված և բալանսավորման քաղաքականությունը բացառիկ երևույթ չէ․ այն տեղավորվում է միջազգային համակարգի ընդհանուր տրամաբանության մեջ, որտեղ փոքր և միջին պետությունները ձգտում են պահպանել գոյություն ունեցող կապերը՝ միաժամանակ զուգահեռաբար կառուցելով ռազմավարական այլընտրանքներ։ Այս քաղաքականության առավել ցայտուն տարածաշրջանային օրինակներից են հանդիսանում Կենտրոնական Ասիայի պետությունները:

Կենտրոնական Ասիան՝ դիվերսիֆիկացիայի նոր աշխարհագրության մեջ

Կենտրոնական Ասիայի պետությունների արտաքին քաղաքականության առանցքային առանձնահատկությունն այսօր գլոբալ և տարածաշրջանային ուժային կենտրոնների հետ հարաբերությունների բազմավեկտոր ու զուգահեռ զարգացումն է՝ տնտեսական, քաղաքական և անվտանգային շահերի հետևողական դիվերսիֆիկացման նպատակով: Այս հայեցակարգային մոտեցումն առավել ցայտուն արտահայտված է Ղազախստանի պարագայում, որը հանդիսանում է Կենտրոնական Ասիայի խոշորագույն տնտեսությունն ու տարածաշրջանային տնտեսական և հաղորդակցային գործընթացների առանցքային դերակատարը։  Աստանան ռազմավարական բարձր մակարդակի երկկողմ հարաբերություններ է պահպանում Մոսկվայի հետ և հանդիսանում է ԵԱՏՄ հիմնադիր անդամ, միևնույն ժամանակ խորացնում է տնտեսական ու քաղաքական կապերը Չինաստանի հետ և ընդլայնում համագործակցությունը Միացյալ Նահանգների ու Եվրոպական միության հետ։ Վերջին տարիներին արևմտյան ուղղությամբ համագործակցությունն ընդլայնվել է՝ ընդգրկելով առևտրաշրջանառությունը, ուղղակի ներդրումները, տրանսպորտային–լոգիստիկ ցանցերը, էներգետիկան, կրիտիկական հումքի արժեշղթաները, թվային տեխնոլոգիաներն ու նորարարությունը։ Ինչպես Երևանի, այնպես էլ Աստանայի արտաքին քաղաքականության հիմնարար նպատակը ազգային տնտեսական անվտանգության ապահովումն ու ասիմետրիկ արտաքին կախվածությունների նվազեցումն է: Այս մոտեցումը պայմանավորված է նաև համաշխարհային աշխարհատնտեսական համակարգում Կենտրոնական Ասիայի ռազմավարական դերի վերարժևորմամբ։ Եթե նախկինում տարածաշրջանի նկատմամբ արտաքին հետաքրքրությունն ուներ հիմնականում հումքային–ռեսուրսային բնույթ, ապա այսօր դրա նշանակությունն ընդլայնվել է՝ ներառելով գլոբալ մատակարարման շղթաների կայունությունը, կրիտիկական հանքանյութերի հասանելիությունը և եվրասիական տրանսպորտային–լոգիստիկ միջանցքները։ Արևմտյան պետությունների համար Կենտրոնական Ասիայի ռազմավարական արժեքն այլևս չի սահմանափակվում սոսկ տարածաշրջանային շուկաներ մուտք գործելու հնարավորությամբ։ Առանցքային է դառնում տարածաշրջանի ինտեգրումը մատակարարման շղթաների դիվերսիֆիկացման գործընթացում՝ մեկ կամ սահմանափակ թվով աղբյուրներից կրիտիկական կախվածությունը նվազեցնելու նպատակով։

Այս համատեքստում ԱՄՆ–Չինաստան և ԱՄՆ–Ռուսաստան մրցակցությունը Կենտրոնական Ասիայի համար ձևավորում է տնտեսական նոր հնարավորություններ՝ միաժամանակ մեծացնելով հակասող տնտեսական ու քաղաքական շահերի միջև դիվանագիտական հավասարակշռություն պահպանելու հրամայականը։ Միացյալ Նահանգների՝ տարածաշրջանի նկատմամբ աճող հետաքրքրությունը հենց այս մրցակցության աշխարհատնտեսական դրսևորումներից է․ այն պայմանավորված է ոչ միայն աշխարհաքաղաքական ազդեցության, այլև մատակարարման շղթաների, տեխնոլոգիական ու արդյունաբերական անվտանգության նկատառումներով։ Կրիտիկական հանքանյութերը, հազվագյուտ մետաղները և դրանց վերամշակման ու մատակարարման շղթաները դարձել են ռազմավարական նշանակության ոլորտներ՝ բարձր տեխնոլոգիաների, կիսահաղորդիչների, արհեստական բանականության, պաշտպանական արդյունաբերության և էներգետիկ համակարգերի վերափոխման տեսանկյունից։ Մի շարք մատակարարման շղթաներում Չինաստանի մոնոպոլ դիրքն է՛լ ավելի է մեծացրել այլընտրանքային աղբյուրների ու երթուղիների որոնման քաղաքական նշանակությունը։

Ղազախստանի ռազմավարական քաշը, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է նրա հարուստ ռեսուրսային ներուժով։ 2024 թվականի վերջի դրությամբ ղազախական նավթի պաշարները գնահատվում էին շուրջ 2.85 միլիարդ տոննա, բնական գազինը՝ 1.3 տրիլիոն խորանարդ մետր, իսկ ածխինը՝ 28.7 միլիարդ տոննա։ Նույն ժամանակահատվածում Ղազախստանն ապահովել է համաշխարհային ուրանի արտադրության մոտ 39 տոկոսը՝ արդյունահանելով շուրջ 23,270 տոննա ուրան։ Երկիրն առանցքային դիրքեր ունի նաև քրոմիտի, լիթիումի, տիտանի, մոլիբդենի, ռենիումի և ռազմավարական նշանակության այլ հանքանյութերի ոլորտում։ ԱՄՆ–ի և Եվրոպայի համար, որոնք փորձում են նվազեցնել տեխնոլոգիական, էներգետիկ ու միջուկային վառելիքի մատակարարման շղթաների կենտրոնացվածությունը, այս ռեսուրսային ներուժը Ղազախստանի դերը դուրս է բերում պարզապես հումքի մատակարարի տրամաբանությունից՝ նրան դարձնելով արդյունաբերական ու տեխնոլոգիական նոր շղթաների ձևավորման առանցքային գործընկեր։

ԱՄՆ–ի հետ ռազմավարական համագործակցության շրջանակն ընդլայնվում է նաև բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում։ 2026 թվականի հունիսին Ղազախստանի կառավարությունը Firebird և NVIDIA ընկերությունների հետ ստորագրել է մոտ 10 միլիարդ դոլարի համաձայնագրերի փաթեթ՝ արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման նպատակով։ Համագործակցության այս ուղղությունը Ղազախստանի տնտեսական դիվերսիֆիկացիան տեղափոխում է բարձր հաշվարկային կարողությունների և արհեստական բանականության ենթակառուցվածքների ոլորտ։

Ղազախստանի աճող նշանակությունը պայմանավորված է ոչ միայն երկրի ռեսուրսային և տեխնոլոգիական կարողություններով, այլև դրանք արտաքին շուկաներին կապող ենթակառուցվածքներով։ Այդ համատեքստում «Միջին Միջանցքը» Ղազախստանի համար ոչ թե պարզապես տարանցիկ երթուղի է, այլ տնտեսական դիվերսիֆիկացիայի գործիք։ 2025 թվականին «Միջին Միջանցքով» բեռնափոխադրումների ծավալն աճել է 62 տոկոսով, իսկ կոնտեյներային փոխադրումները՝ 2.7 անգամ՝ հասնելով մոտ 56,500-ի։ Միջանցքի տարեկան թողունակությունը ներկայումս մոտ 6 միլիոն տոննա է, իսկ մինչև 2030 թվականը նախատեսվում է այն հասցնել 10 միլիոն տոննայի։

Ղազախստանի արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիան դրսևորվում է նաև միջազգային կապիտալի ներգրավմամբ և բազմակողմ համագործակցության ընդլայնմամբ։ 2025 թվականի նոյեմբերին նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Ղազախստանի և ԱՄՆ–ի միջև ստորագրվեցին շուրջ 17 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով 29 առևտրային և ներդրումային համաձայնագրեր, իսկ C5+1 ձևաչափի շրջանակում ԱՄՆ–ի և Կենտրոնական Ասիայի պետությունների միջև կնքված գործարքների ընդհանուր արժեքը գերազանցել է 25 միլիարդ դոլարը։ Համագործակցության օրակարգը ներառում է առևտուրը, ներդրումները, տրանսպորտը և էներգետիկան։ Նույն թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևին անձամբ հրավիրեց հյուրի կարգավիճակով մասնկացելու 2026 թվականի դեկտեմբերի 14-15-ին Մայամիում կայանալիք G20 գագաթնաժողովին, ինչը Ղազախստանի հետ հարաբերությունների տնտեսական օրակարգը փաստացի կապում է առավել լայն միջազգային ձևաչափերի հետ։

Այս համապատկերում է ձևավորվում Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի միջև միջտարածաշրջանային նոր տնտեսական կապերի նշանակությունը։ Կասպից ծովն այս գործընթացում դառնում է ոչ թե երկու տարածաշրջանները բաժանող աշխարհագրական խոչընդոտ, այլ դրանք միմյանց կապող տնտեսական ու լոգիստիկ տարածք՝ երկու տարածաշրջանների միջև ստեղծելով փոխկապակցվածության նոր հնարավորություններ։

Հայաստանը նոր տնտեսական կապերի խաչմերուկում

Կենտրոնական Ասիայի տնտեսական և աշխարհաքաղաքական վերարժևորումը Հարավային Կովկասի համար իրական ռազմավարական հնարավորության կարող է վերածվել միայն այն պարագայում, եթե երկու տարածաշրջանների միջև ձևավորվեն համապատասխան աշխարհագրական և ենթակառուցվածքային հենասյուներ: Հենց այս գործընթացն է Հարավային Կովկասն աստիճանաբար ներառում Կենտրոնական Ասիայից դեպի արևմուտք ձգվող առավել ընդգրկուն աշխարհատնտեսական համակարգում։ Այս համատեքստում առանցքային նշանակություն է ստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, որը կարող է էապես վերափոխել Հայաստանի հասանելիությունը Կասպից ծովի ավազանին և «Միջին Միջանցքի» լոգիստիկ ճարտարապետությանը։

Հայաստանի և Ղազախստանի երկկողմ հարաբերությունների վերջին դինամիկան փաստում է, որ նման վերագնահատումն արդեն իսկ ստանում է առարկայական քաղաքական և տնտեսական բովանդակություն։ 2025 թվականի նոյեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում երկու պետությունները հարաբերությունները բարձրացրեցին ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այցի ընթացքում ստորագրվեց և ընդունվեց համագործակցության ծավալուն իրավապայմանագրային փաթեթ՝ ներառյալ 2026–2030 թվականների առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը, ինչպես նաև  ենթակառուցվածքային, արդյունաբերական, բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, քաղաքացիական ատոմային էներգետիկայի, գիտակրթական և ագրոարդյունաբերական ոլորտների համագործակցության հուշագրերը։ Այս գործընկերության հայեցակարգային արժեքը կայանում է նրանում, որ այն ընդգրկում է ռազմավարական այնպիսի տիրույթներ, որոնք ունակ են տնտեսական հարաբերությունները վերածելու կայուն առևտրային, ներդրումային և տեխնոլոգիական էկոհամակարգի։

Ղազախստանի նախագահ Տոկաևի հայտարարություններն այս համատեքստում ունեն առանցքային նշանակություն․նա հատկապես ընդգծել է Հայաստանի հետ տնտեսական, արդյունաբերական, ենթակառուցվածքային և թվայնացման ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հեռանկարները՝ առաջնահերթություն տալով տրանսպորտային–տարանցիկ ուղիների զարգացմանը։ Նախագահ Տոկաևը նաև վերահաստատել է Աստանայի հետաքրքրվածությունը ԹՐԻՓՓ  (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) նախագծին մասնակցելու հարցում՝ այն դիտարկելով Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ», «Հյուսիս–Հարավ» և «Միջին միջանցք» նախագծերի հետ փոխկապակցվածության տիրույթում:

Հայաստանի համար ԹՐԻՓՓ նախագծի ռազմավարական նշանակությունը հենց այս միջտարածաշրջանային փոխկապակցվածության ապահովման մեջ է։ Տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն ու Տրանսկասպյան և «Միջին միջանցքի» համակարգերում ներգրավվելու հնարավորությունը Հայաստանին կարող են ընձեռել ոչ միայն արտաքին շուկաների հետ կապի լրացուցիչ ուղիներ, այլև պետությունը վերածել տնտեսական երթուղիների ձևավորման և դրանցով անցնող հոսքերի վրա սուբյեկտային ազդեցություն ունեցող դերակատարի։ Այս տեսանկյունից ԹՐԻՓՓ–ի տնտեսական նշանակությունը չի սահմանափակվում սոսկ Հայաստան–Ադրբեջան հաղորդակցությունների ապաշրջափակմամբ․ դրա աշխարհատնտեսական ազդեցությունը պետք է դիտարկել առավել ընդգրկուն տարածաշրջանային փոխկապակցվածության համատեքստում։

Այս փոխակերպումների նկատմամբ ակնառու հետաքրքրություն է նկատվում նաև Կենտրոնական Ասիայի այլ պետությունների կողմից: 2026 թվականի հուլիսին Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների հանդիպման ընթացքում Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը խոսել է Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը միավորող միասնական զարգացման տարածքի ձևավորման «պատմական հնարավորության» մասին։  Մախագահ Միրզիյոևի այս հայտարարությունը կարևոր քաղաքական ազդակ է․ այն վկայում է, որ Կենտրոնական Ասիայի պետությունների օրակարգում Հարավային Կովկասի հետ կապերի ընդլայնումն աստիճանաբար դիտարկվում է ոչ թե որպես առանձին արտաքին ուղղություն, այլ որպես միջտարածաշրջանային զարգացման առավել լայն գործընթացի բաղկացուցիչ մաս։ Ուզբեկստանի որդեգրած արտաքին քաղաքականությունն այս տրամաբանության ցայտուն օրինակ է։ Տաշքենդը շարունակում է ԵԱՏՄ–ի հետ համագործակցությունը դիտորդ պետության կարգավիճակում և 2026 թվականին նույնիսկ առաջարկել է միության հետ առևտրի, արդյունաբերական համագործակցության ու թվային տնտեսական կապերի խորացման նոր ուղղություններ։ Միաժամանակ՝ Ուզբեկստանն ակտիվորեն աշխատում է Կենտրոնական Ասիայի ներքին ինտեգրման, Ադրբեջանի հետ կապերի խորացման և դեպի Հարավային Կովկաս տնտեսական ու տրանսպորտային ուղիների ընդլայնման ուղղությամբ։ Ուզբեկստանը նաև խորացնում է հարաբերությունները ԱՄՆ–ի հետ՝ կրիտիկական հանքանյութերի արժեշղթայի զարգացման և ենթակառուցվածքային ներդրումների տիրույթում՝ արձանագրելով Տաշքենդի՝ նոր տնտեսական ու տեխնոլոգիական գործընկերություններ ձևավորելու ձգտումը:

Վերոնշյալ զարգացումների արդյունքում Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի միջև ձևավորվող կապերն ստանում են առավել հստակ տնտեսական բովանդակություն՝ առևտրային նոր հոսքերի, տեխնոլոգիական համագործակցության, էներգետիկ փոխկապակցվածության և տրանսպորտային ուղիների միջոցով։ Հենց այս համապատկերում է, որ Հայաստանը հնարավորություն է ստանում վերափոխելու իր դիրքավորումը՝ տնտեսական համակարգերի պասիվ մասնակցից վերածվելով ձևավորվող միջտարածաշրջանային կապուղիների ակտիվ և սուբյեկտային հանգույցի։

ԱՄՆ–Հայաստան նոր գործընկերությունը և տնտեսական հնարավորությունների ընդլայնումը

Հայաստանի Հանրապետության տնտեսական դիվերսիֆիկացման ռազմավարական հեռանկարները չեն սահմանափակվում միայն Կենտրոնական Ասիայի պետությունների հետ փոխգործակցության խորացմամբ։ Դրանք ձևավորվում են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների որակական և հայեցակարգային փոխակերպման պայմաններում, որտեղ ավանդական քաղաքական երկխոսությունն աստիճանաբար համալրվում է ենթակառուցվածքային, տեխնոլոգիական, էներգետիկ և ներդրումային ռազմավարական բաղադրիչներով։ Այս որակական փոփոխության առավել տեսանելի դրսևորումը ԹՐԻՓՓ նախագիծն է։ Վերջինս Հայաստանի համար առանցքային նշանակություն ունի ոչ միայն որպես նոր տրանսպորտային–լոգիստիկ ուղի, այլև որպես առավել ընդգրկուն աշխարհատնտեսական ռազմավարության բաղկացուցիչ մաս։ ԱՄՆ–ի ռազմավարական ներգրավվածությունը ենթադրում է ոչ միայն ենթակառուցվածքային զարգացման ֆինանսավորման ու կապիտալ ներդրումների ներգրավման հնարավորություն, այլև ապահովում է Հայաստանի ինտեգրումն այնպիսի տարածաշրջանային տնտեսական ու լոգիստիկ ճարտարապետություններում, որոնցում նախկինում երկրի սուբյեկտայնությունն ու ազդեցությունը զգալիորեն սահմանափակ էին։ ԹՐԻՓՓ–ի շրջանակային համաձայնագիրը նախագիծը ներկայացնում է հենց այս տրամաբանությամբ՝ որպես ենթակառուցվածքների արդիականացման, տնտեսական աճի և տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների երկարաժամկետ հենասյուն։

Միաժամանակ, ԱՄՆ–Հայաստան համագործակցության նոր փուլը դուրս է գալիս զուտ տրանսպորտային–տարանցիկ օրակարգի շրջանակներից։ Երկկողմ համագործակցության տիրույթում արդեն իսկ ներառված են արհեստական բանականության, կիսահաղորդիչների արտադրության, քաղաքացիական միջուկային էներգետիկայի, էներգետիկ անվտանգության, ինչպես նաև կրիտիկական հանքանյութերի ու հազվագյուտ մետաղների մատակարարման ոլորտները։ Այս ուղղությունները առանցքային են ոչ միայն Հայաստանի տնտեսության համար. դրանք այն ոլորտներն են, որոնց շուրջ այսօր վերակառուցվում են նաև գլոբալ տնտեսական ու տեխնոլոգիական մատակարարման շղթաները։

Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի Firebird նախագիծը։ 2026 թվականի օգոստոսին Հրազդանում գործարկվեց տարածաշրջանի խոշորագույն NVIDIA AI գործարանը, իսկ նախագծի հաջորդ փուլերը նախատեսում են Հայաստանում ավելի քան 70,000 NVIDIA GPU–ների տեղակայում։ Firebird-ի առկայությունը թե՛ Հայաստանում և թե՛ Ղազախստանում արտացոլում է զարգացող շուկաներում արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնման ընկերության առավել լայն ռազմավարությունը։

Այս երևույթը կարևոր աշխարհատնտեսական զուգահեռ է ձևավորում Հայաստանի և Ղազախստանի միջև։ Երկու պետություններն էլ ԱՄՆ–ի և արևմտյան տեխնոլոգիական հսկաների կողմից աստիճանաբար դիտարկվում են ոչ միայն որպես տարանցիկ–աշխարհագրական միջանցքներ կամ հումքային գործընկերներ, այլև որպես բարձրտեխնոլոգիական ու տնտեսական նոր ենթակառուցվածքների տեղակայման ռազմավարական հարթակներ։ Այդ իմաստով Firebird–ի ներկայությունը երկու երկրների զարգացման օրակարգերում խորհրդանշում է որակական փոփոխություն․ արտաքին ուժային և տնտեսական դերակատարների համար Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ռազմավարական արժեքն այլևս չի սահմանափակվում սոսկ բնական ռեսուրսներով կամ տարանցիկ աշխարհագրությամբ։

Եզրակացություն

Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի միջև ձևավորվող միջտարածաշրջանային կապերը դեռևս չեն վկայում որևէ նոր տնտեսական բլոկի կամ միասնական աշխարհաքաղաքական տիրույթի ստեղծման մասին։ Այդուհանդերձ, դրանք արտացոլում են տարածաշրջանային տնտեսական հարաբերությունների կառուցվածքային փոխակերպումը․ դերակատար պետությունները հետևողականորեն ընդլայնում են գործընկերների, իրացման շուկաների և տրանսպորտային հաղորդակցությունների աշխարհագրությունը՝ նպատակ ունենալով նվազեցնել ասիմետրիկ կախվածությունն առանձին ուղղություններից և ընդլայնել սեփական տնտեսական մանևրի տիրույթը։ Այս գործընթացի առանցքային տրամաբանությունը ոչ թե նոր դաշինքների ձևավորումն է, այլ այն, թե որքանով տարածաշրջանի պետությունները կկարողանան գերտերությունների մրցակցությունն ու տարածաշրջանի ռեսուրսների, շուկաներիևհաղորդակցայինհնարավորություններինկատմամբաճողհետաքրքրությունըվերածելսեփականտնտեսականզարգացմանհնարավորության։

Հայաստանի Հանրապետության պարագայում սա ենթադրում է ոչ միայն տրանսպորտային երթուղիների ու արտաքին շուկաների հասանելիության դիվերսիֆիկացում, այլև միջտարածաշրջանային փոխկապակցվածության ճարտարապետության վրա սուբյեկտային ազդեցության ապահովում։ Հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, ԹՐԻՓՓ նախագծի իրագործումը և Կենտրոնական Ասիայի պետությունների հետ գործընկերության խորացումը կարող են էապես վերափոխել Հայաստանի դիրքավորումը՝ պասիվ մասնակցից այն վերածելով տարածաշրջանային տնտեսական համակարգի ձևավորման ակտիվ դերակատարի։ Ըստ այդմ, տնտեսական դիվերսիֆիկացման արդյունավետությունը պետք է գնահատել ոչ թե գործընկերների թվային աճով, այլ պետության ռազմավարական ընտրության և ինքնավարության աստիճանի բարձրացմամբ։ Այս չափանիշի համատեքստում՝ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի միջև ձևավորվող նոր հարաբերությունների նշանակությունը դուրս է գալիս զուտ առևտրային կամ տարանցիկ ծավալների ավելացման շրջանակից՝ ստանալով ռազմավարական–աշխարհատնտեսական բնույթ։

Հեղինակ՝ Էլեն Հոխիկյան

Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ։ Հոդվածի բովանդակության համար պատասխանավություն է կրում  «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» (ԿԳԱՃ) մտակենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտացոլի ԺԶՀ պաշտոնական դիրքորոշումը