ԿԳԱՃ – ն այսօր
Երկակի ստանդարտներ կայսերական արսենալում. ինչո՞ւ է Մոսկվան զգուշավոր Աստանայի հետ և կոշտ՝ Երևանի
Արտաքին քաղաքականության մեջ «կողմնորոշվելու» կամ աշխարհաքաղաքական վերջնագրերի լեզուն, որով Մոսկվան ավանդաբար խոսում է հետխորհրդային երկրների հետ, կիրառվում է ընտրողաբար։ Այս իրողությունն առավել ակնառու է դառնում, երբ համադրում ենք Ռուսաստանի վարքագիծը ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ երկու պետությունների՝ Ղազախստանի և Հայաստանի հանդեպ:
Օրերս Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի այցը Բրյուսել, բանակցությունները ԵՄ ղեկավարների հետ և մասնակցությունը Ղազախստան–Եվրոպա բիզնես ֆորումին ևս մեկ անգամ փաստեցին Աստանայի՝ անկախ և սուվերեն դիվանագիտություն ունենալու հանգամանքը։ Աստանան Եվրոպային առաջարկեց հստակ, պրագմատիկ բանաձև. ղազախական ռեսուրսների տրամադրում՝ եվրոպական տեխնոլոգիաների, ներդրումների և համատեղ արտադրական կարողությունների հիմնման դիմաց։ Այս քաղաքականությամբ Ղազախստանը հետևողականորեն խորացնում է համագործակցությունն Արևմուտքի հետ՝ զուգահեռաբար պահպանելով անդամակցությունը ռուսակենտրոն կառույցներին։ Ուշագրավ է, որ Կրեմլի կողմից այս կուրսը կոշտ հակազդեցության չի արժանանում:
Մինչդեռ Հայաստանի ցանկացած քայլ՝ ուղղված արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացմանը, Ռուսաստանն ընդունում է սվիններով և պահանջում «հստակեցնել դիրքորոշումը»։ Այս ֆոնին օրինաչափ հարց է առաջանում․ եթե Մոսկվան Երևանից պահանջում է «կողմնորոշվել», ապա ինչո՞ւ նույնը չի պահանջում Աստանայից։ Ի վերջո, խոսքը նույն ինտեգրացիոն կառույցների անդամ պետության մասին է, որն անթաքույց ընդլայնում է իր կապերը Եվրամիության և, ընդհանուր առմամբ, հավաքական Արևմուտքի հետ: Ավելին՝ Աստանա–Բրյուսել խորացող փոխգործակցությունը Մոսկվայի ռազմավարական շահերի համատեքստում անհամեմատ ավելի զգայուն է, քան Երևան–Բրյուսելհարաբերություններիներկայիսդինամիկան։
Եթե Հայաստանի եվրոպական կուրսը հիմնված է քաղաքական երկխոսության, ժողովրդավարական ինստիտուտների արդիականացման, անվտանգության, պաշտպանության, տնտեսական դիմակայունության և տարածաշրջանային կապակցվածության խորացման վրա, ապա Ղազախստանի դեպքում խոսքը վերաբերում է Եվրամիության համար անհամեմատ ավելի մեծ ռազմավարական և տնտեսական նշանակություն ունեցող գործընկերոջ՝ նավթի, գազի, ուրանի և այլ կրիտիկական հումքային ռեսուրսների խոշոր մատակարարի, ինչպես նաև Միջին միջանցքի առանցքային օղակի մասին։
Ռազմավարական կշիռ և կրիտիկական կախվածություններ
Այսօր Ղազախստանը դարձել է այն բացառիկ դերակատարից մեկը, որն ի զորու է Եվրոպային մատակարարել այնպիսի ռեսուրսներ, որոնց մենաշնորհն ավանդաբար պատկանում էր Ռուսաստանին։ Թվերն ինքնին խոսուն են. ԵՄ ներմուծվող նավթի մոտ 13 տոկոսը և բնական ուրանի շուրջ 16 տոկոսը տրամադրում է հենց Ղազախստանը՝ օբյեկտիվորեն թուլացնելով Մոսկվայի նշանակությունը եվրոպական շուկաներում և լոգիստիկ շղթաներում։ Ղազախստանը քայլ առ քայլ զբաղեցնում է Ռուսաստանի աշխարհատնտեսական դիրքերը՝ հազվագյուտ մետաղների, հացահատիկի, էներգակիրների և եվրասիական տրանսպորտային միջանցքների տեսքով։ Ուստի պատահական չէ, որ Աստանա–Բրյուսել տանդեմը Մոսկվայի համար անհամեմատ ավելի իրական և ռազմավարական սպառնալիք է, քան Երևանի քաղաքական մերձեցումը Եվրամության հետ:
Բացի այդ, Ռուսաստանի համար Ղազախստանի կարևորությունը պայմանավորված է վերջինիս ինստիտուցիոնալ և տնտեսական կշռով։ Ռուսաստանից հետո Ղազախստանը ԵԱՏՄ երկրորդ խոշոր տնտեսությունն է. նրա ՀՆԱ–ն ավելի քան տասն անգամ, իսկ բնակչությունը՝ շուրջ վեց անգամ գերազանցում է Հայաստանի համապատասխան ցուցանիշները։ Ավելին՝ լինելով ՀԱՊԿ անդամ և Ռուսաստանի հետ ունենալով աշխարհի ամենաերկար ցամաքային սահմաններից մեկը՝ Ղազախստանն առանցքային դեր ունի ոչ միայն ԵԱՏՄ տնտեսական տիրույթում, այլև Ռուսաստանի տարածաշրջանային անվտանգության ու լոգիստիկ համակարգում: Եթե առաջիկայում Աստանան որոշի դուրս գալ ԵԱՏՄ–ից և ՀԱՊԿ–ից, ապա դրանց գոյությունն ու կենսունակությունը ոչ միայն լրջագույն հարցականի տակ կդրվեն, այլև դրանք կարող են հայտնվել փլուզման եզրին։ Հենց այդ պատճառով էլ Մոսկվան ստիպված է շատ ավելի զգուշավոր լինել Ղազախստանի նկատմամբ։ Ավելին՝ ի տարբերություն Հայաստանի, Ղազախստանի աշխարհաքաղաքական թիկունքում առկա է Չինաստանի հզոր գործոնը, որը հստակ երաշխիքներ է սահմանել Կենտրոնական Ասիայի երկրների սուվերենության համար՝ Մոսկվային ստիպելով կրկնակի զգուշավորություն ցուցաբերել:
Կովկասյան նկրտումներ և ազդեցության հիբրիդային լծակներ
Հայաստանի պարագայում պատկերն արմատապես այլ է։ Թեև վերջին տարիներին Հայաստանի ռազմավարական նշանակությունը մեծանում է, և Հարավային Կովկասը դիտարկվում է իբրև Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող Միջին միջանցքի կարևոր օղակ, Երևանը դեռևս չունի այն տնտեսական կշիռն ու գործելու անկախությունը, ինչպիսին ունի Ղազախստանը: Ռուսաստանի նման տարբերակված ու կոշտ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ բացատրվում է նրանով, որ Մոսկվան դեռևս ամբողջությամբ չի հրաժարվել Հայաստանն իր ազդեցության գոտում պահելու նկրտումներից։ Մոսկվայում հասկանում են, որ Հայաստանում իրենց ազդեցության լծակները վերջնականորեն կորցնելուց հետո նրանք կկորցնեն Հարավային Կովկասն ամբողջությամբ՝ արդյունքում զրկվելով նաև Կենտրոնական Ասիայում ազդեցություն բանեցնելու կարողությունից: Պատահական չէ, որ ռուսաստանյան փորձագետներից ոմանք տարածաշրջանի կապուղիների բացումը, և հատկապես ԹՐԻՓՓ–ը (Թրամփի ուղղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) իր կարևորությամբ համեմատում են Հորմուզի նեղուցի հետ և նշում, որ այդ կապուղու նկատմամբ վերահսկողությունը կորցնելը արդյունքում բերելու է Կենտրոնական Ասիայի նկատմամբ ազդեցության բացարձակ կորստի:
Չնայած արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանն ուղղված Երևանի քայլերին՝ Ռուսաստանը շարունակում է Հայաստանը դիտարկել ոչ թե որպես լիարժեք ու ինքնիշխան գործընկեր, այլ որպես սեփական ազդեցության գոտու բաղադրիչ։ Այդ ընկալումն առավել ակնառու դարձավ վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված միջամտությունների ֆոնին, երբ միջազգային և տեղական հետաքննությունները, ներառյալ Reuters–ի և The Insider–ի հրապարակումները, ներկայացրեցին ռուսական տեղեկատվական և հիբրիդային ազդեցության փորձերը։ Հայկական մուլտիպլեքսում հասանելի ռուսական պետական հեռուստաալիքները ամիսներ շարունակ բացահայտ աջակցում էին ռուսամետ քաղաքական դերակատարներին՝ գործող իշխանություններին ներկայացնելով խիստ բացասական լույսի ներքո։ Սա ակնառու կերպով փաստում է, որ Մոսկվան Հայաստանի ընտրական գործընթացները դիտարկում է ոչ թե որպես ժողովրդավարական ինստիտուտ, այլ որպես սեփական ազդեցությունը պահպանելու քաղաքական հարթակ։
Այս համատեքստում ուշագրավ է սույն թվականի ապրիլի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում արձանագրված դրվագը։ ՌԴ բախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ վերջինիս կողմից հնչեցված ցանկությունը՝ ՌԴ քաղաքացիություն ունեցող հայաստանյան գործիչներին ներքաղաքական գործընթացներին մասնակցելու հնարավորություն տալու վերաբերյալ, Մոսկվայի կողմից սեփական ազդեցության լծակները պահպանելու ձգտման ակնառու վկայությունն է: ՌԴ նախագահը փաստացի արձանագրեց, որ Կրեմլը դեռևս Հայաստանը շարունակում է դիտարկել իբրև մի տարածք, որտեղ ռուսական անձնագիրը դիտվում է իբրև արտոնյալ կարգավիճակի առհավատչյա։ Մոսկվայում կայսերապաշտական լավագույն ավանդույթներին համաձայն շարունակում են կարծել, որ Հայաստանի իրավապահ և դատական համակարգերը պետք է հաշվի նստեն ոչ թե Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ Ռուսաստանի քաղաքական ցանկությունների հետ։ Սա ոչ թե ինքնիշխան պետությունների միջև իրավաչափ ու գործընկերային հարաբերությունների լեզու է, այլ ազդեցության գոտիների, ծայրագավառների և կայսերապաշտական մտածողության արգասիք։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Ռուսաստանը դեռևս չի հաշտվում Հայաստանի՝ անկախ պետություն լինելու իրողության հետ:
Հանրային պատվերի և կայսերական պատկերացումների բախումը
Ի տարբերություն Ղազախստանի՝ Ռուսաստանի հիմնական լծակները Հայաստանի նկատմամբ տնտեսականից զատ, առաջին հերթին, քաղաքական, տեղեկատվական և հասարակական են։ Տարիներ շարունակ Մոսկվան փորձել է իր ազդեցությունը պահպանել Հայաստանում գործող ռուսամետ քաղաքական, մեդիա և տնտեսական ցանցերի, ինչպես նաև Ռուսաստանում բնակվող հայկական համայնքի խոցելիություններն ու կախվածությունները քաղաքական ճնշման նպատակով օգտագործելու միջոցով։ Սակայն 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ այդ տրամաբանությունն աստիճանաբար բախվում է նոր քաղաքական իրողություններին։ Չնայած արտաքին միջամտության փորձերին, տեղեկատվական արշավներին և ռուսամետ ուժերի կողմից ներդրված զգալի ռեսուրսներին, Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը չաջակցեց այդ քաղաքական ուժերին: Ավելին, վերջին տարիների սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը աջակցում է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը, Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը և անվտանգության «մեկ երաշխավորի» տրամաբանությունից աստիճանական հեռացմանը։ Սա չի նշանակում Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման հանրային պահանջ, բայց նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիներն այլևս չեն ցանկանում իրենց երկրի ապագան կապել որևէ մեկ ուժային կենտրոնի հետ։ խնդրի հիմքում ընկած է Մոսկվայի և Երևանի միջև առկա հայեցակարգային խզումը․ Հայաստանը որպես հնազանդ արբանյակ տեսնելու Կրեմլի նկրտումներն այլևս անհամատեղելի են ինքնիշխան պետությունում ապրելու հայաստանյան հասարակության ձգտումների հետ:
Այս տիրույթում չի կարելի չնշել համայնքային գործոնի յուրօրինակ պարադոքսը, որն ի հայտ է գալիս Ղազախստան–Հայաստան համեմատականում։ Ի տարբերություն Հայաստանի՝ Ղազախստանն ունի բազմամիլիոնանոց ռուսական համայնք, սակայն Մոսկվային չի հաջողվում նրանց վերածել դասական «հինգերորդ շարասյան» և օգտագործել Աստանայի դեմ՝ ներքին ապակայունացում առաջացնելու համար։ Աստանայի հավասարակշռված ներքին քաղաքականությունն ու պետական վերահսկողությունը լիարժեքորեն կառավարելի են դարձնում այդ ռիսկը:
Մինչդեռ, լիովին հակառակ պատկերն է դրսևորվում Հայաստանի պարագայում․ Մոսկվան, իր աշխարհաքաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ՌԴ հայկական համայնքի մեդիա, տնտեսական ու քաղաքական էլիտաներին հաջողությամբ գործիքայնացնում է Երևանի դեմ։ Դրա վառ օրինակն է Ռուսաստանի հայկական համայնքի ներկայացուցիչ, խոշոր գործարար Սամվել Կարապետյանի ակտիվ ներգրավումն ու ուղղորդումը հայաստանյան ներքաղաքական գործընթացներումը: Այսպիսով, եթե Ղազախստանի պարագայում սեփական տարածքում բնակվող մեծաթիվ ռուս բնակչությունը Կրեմլի համար այդպես էլ չի վերածվում ճնշման հուսալի լծակի, ապա Հայաստանի դեպքում՝ ՌԴ–ում գտնվող հայկական համայնքային ու ֆինանսական ռեսուրսը Մոսկվան հաջողությամբ վերածում է ներհայաստանյան ազդեցության և միջամտության արդյունավետ գործիքի:
Հայաստանի ուղին դեպի ռազմավարական ազատություն
Որպեսզի Ռուսաստանը ի վերջո ընդունի Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, և երկկողմ հարաբերությունները որակական անցում կատարեն դեպի փոխադարձ հարգանքի վրա հիմնված գործընկերության՝ Երևանն արմատապես պետք է նվազեցնի իր կրիտիկական կախվածությունները ՌԴ–ից և մեծացնի սեփական ռազմավարական կշիռը:
Այս տիրույթում առաջնային նշանակություն ունի տնտեսական և էներգետիկ անվտանգության դիվերսիֆիկացումը, քանի որ կախվածությունը ռուսական գազից, ատոմակայանի վառելիքից և հացահատիկից երկրի գլխավոր խոցելիություններից է։ Հայաստանը պետք է առավելագույնս ընդլայնի էներգետիկ կապերը տարածաշրջանային դերակատարների, մասնավորապես՝ Թուրքմենստանի, իսկ Վաշինգտոնի հետ համաձայնության դեպքում՝ նաև Իրանի հետ։ Սրան զուգահեռ, անհրաժեշտ է ներդրումներ կատարել վերականգնվող էներգետիկայի ոլորտում և ակտիվորեն փնտրել հացահատիկի ու առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրման այլընտրանքային շուկաներ Սևծովյան ավազանում և Կենտրոնական Ասիայում:
Տնտեսական գործոններին զուգահեռ՝ Հայաստանը պետք է կապիտալիզացնի իր աշխարհագրական դիրքը տարածաշրջանային նոր տրանսպորտային նախագծերի և հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում։ «Խաղաղության խաչմերուկի» տրամաբանությամբ երկրի վերածումը միջազգային առևտրային անփոխարինելի հանգույցի, որը կապում է Կենտրոնական Ասիան ու Պարսից ծոցը Եվրոպայի հետ, կձևավորի մի միջավայր, որտեղ Հայաստանի անվտանգությամբ ու կայունությամբ շահագրգռված կլինեն համաշխարհային խոշորագույն դերակատարները։ Սա, իր հերթին, կդառնա բնական զսպաշապիկ ցանկացած արտաքին ճնշման ու ագրեսիայի դեմ:
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է պաշտպանել երկրի տեղեկատվական ու ինստիտուցիոնալ ինքնիշխանությունը։ Սա ենթադրում է հանրային մուլտիպլեքսից այն օտարերկրյա հեռուստաալիքների հեռացումը, որոնք ներգրավված են հիբրիդային արշավներում և ապատեղեկատվության տարածման մեջ, ինչպես նաև կիբերանվտանգության ուժեղացում և պետական կառավարման համակարգի աստիճանական ազատում ռուսական տեխնոլոգիական հարթակներից՝ ներառյալ՝ տրանսպորտային–լոգիստիկ էկոհամակարգերը, ֆինանսական հաշվառման պլատֆորմներն ու կիբերպաշտպանության համակարգերը: Այս ուղղությամբ քայլերն ամրապնդվում են անվտանգային այլընտրանքների գործնական ընդլայնմամբ։ Ֆրանսիայի, Հնդկաստանի, ԱՄՆ–ի և եվրոպական այլ գործընկերների հետ ընթացող ռազմատեխնիկական համագործակցության խորացումն արդեն իսկ նվազագույնի է հասցնում Մոսկվայի՝ որպես անվտանգության «միակ երաշխավորի» մենաշնորհային քաղաքական կապիտալը։
Ղազախստանի և Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վարքագծի տարբերությունը պայմանավորված չէ համակրանքով կամ հակակրանքով. այն բխում է ուժերի հարաբերակցության սառը հաշվարկից։ Այն պետությունները, որոնք վարում են բազմավեկտոր արտաքին քաղաքականություն և ունեն այլընտրանքային դաշնակիցներ, Ռուսաստանի կողմից ընկալվում են որպես սուբյեկտներ, որոնց հետ հնարավոր չէ հաշվի չնստել։ Իսկ նրանք, ում կրիտիկական կախվածությունը ՌԴ–ից պահպանվում է, շարունակում են դիտարկվել որպես ազդեցության գոտու մաս։ Հետևաբար, Հայաստանի ռազմավարական խնդիրը Ռուսաստանին հակադրվելը չէ, այլ այնպիսի պետության կայացումը, որի նկատմամբ ճնշման քաղաքականությունը կդառնա անարդյունավետ և թանկ։ Միայն այդ դեպքում երկկողմ հարաբերությունները միակողմանի ազդեցության տրամաբանությունից կանցնեն փոխադարձ հարգանքի վրա հիմնված գործընկերության։
Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ։ Հոդվածի բովանդակության համար պատասխանավություն է կրում «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» (ԿԳԱՃ) մտակենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտացոլի ԺԶՀ պաշտոնական դիրքորոշումը
Հեղինակ՝ Էլեն Հոխիկյան