ԿԳԱՃ – ն այսօր
«Ռազմավարությունից դեպի գործողություն». Երևանում կայացավ «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն — 2026» ամենամյա երկօրյա միջազգային համաժողովը
ԵՐԵՎԱՆ, Հայաստան — Ռազմավարական մրցակցությունը, տեխնոլոգիական ընդհատումներն ու հիբրիդային սպառնալիքները խաթարում են գլոբալ աշխարհակարգի կայունությունը՝ անվտանգային տեսանկյունից խոցելի ժողովրդավարություններին ենթարկելով աննախադեպ ճնշման: Այս հրատապ հրամայականին արձագանքելու նպատակով «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետություն» (ԿԳԱՃ) ուղեղային կենտրոնը սեպտեմբերի 17-18-ին Երևանում անցկացրեց «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն — 2026» ամենամյա միջազգային համաժողովը:
Գործելով «Ռազմավարությունից դեպի գործողություն» կարգախոսի ներքո՝ այս առաջատար բազմաշահառու հարթակը երրորդ տարին անընդմեջ համախմբեց Հայաստանի Հանրապետության պետական բարձրաստիճան ղեկավարությանը, միջազգային գործընկերներին, պաշտպանական ոլորտի փորձագետներին և քաղաքացիական հասարակության առաջնորդներին՝ ճգնաժամային իրավիճակներում գործնականորեն փորձարկված անվտանգային լուծումները կիրառական հուն փոխադրելու, ինչպես նաև նորարարական մոտեցումների և ապագայամետ լուծումների ձևավորմանը նպաստելու համար։
Համաժողովը մեկնարկեց ԿԳԱՃ նախագահ Արմինե Մարգարյանի բացման և ողջույնի խոսքով, որի ընթացքում վերջինս մատնանշեց ավանդական, մեկուսացված պաշտպանական համակարգերից դեպի ճկուն, բազմաշերտ դիմակայունության էկոհամակարգերին անցում կատարելու ռազմավարական անհրաժեշտությունը.
«Ժամանակակից ասիմետրիկ և հիբրիդային սպառնալիքները պահանջում են համակառավարական և համահասարակական մոտեցումների ներդաշնակ սիներգիա: Համապարփակ պաշտպանության համակարգի կառուցումը շարունակական ինստիտուցիոնալ ուղի է, որը պահանջում է քաղաքացիական համակարգված մասնակցություն, այլ ոչ թե միայն պետական аппараտի վրա հենվել»:
Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. տիկին Կիրստի Նարինենն իր բացման խոսքում ընդգծեց համահասարակական մոտեցմամբ անվտանգային համակարգի դիմակայունության հանգամանքը.
«Համապարփակ անվտանգությունը նշանակում է, որ հասարակության կենսական գործառույթները պաշտպանված են բոլոր շահագրգիռ կողմերի հորիզոնական համագործակցության միջոցով: Ժողովրդավարական ինստիտուտները, պետական մարմինները, բիզնեսը, ՀԿ–ները, հետազոտական կենտրոններն ու քաղաքացիները աշխատում են միասին»:
Զարգացնելով հավաքական պատասխանատվության այս հայեցակարգը՝ Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. տիկին Ալեքսանդրա Քոլն ընդգծեց համապարփակ անվտանգության մոդելների գործնական իրագործման և ակտիվ քաղաքացիական ներգրավվածության հրամայականը.
«Քաղաքացիներն ու ինստիտուտները չպետք է դիտարկվեն որպես պասիվ դերակատարներ կամ զուտ զոհեր անվտանգային ընթացիկ սպառնալիքների առջև… Անգլերենում մի ասացվածք կա՝ “հույսը ռազմավարություն չէ“: Մենք պետք է գիտակցենք, որ մեծ աշխատանք է պահանջվելու համապարփակ անվտանգության և դիմակայունության համակարգի վերաբերյալ մեր բոլոր առաջարկները կիրառելի ծրագրի վերածելու համար»:
Երկրորդ տարին անընդմեջ հանդես գալով հիմնական զեկույցով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձևակերպեց պետական ինքնիշխանության և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանն ուղղված Կառավարության ռազմավարական առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ իրական անվտանգությունը պահանջում է ընկալումների հիմնարար փոփոխություն.
«Մեր անվտանգային խնդիրներից շատերը սկսվում են մեր մտքում, իրականության և մեր միջավայրի մեր ընկալումներում… Մարտունակ բանակ չունեցող երկիրը կարող է պարզապես գայթակղիչ դառնալ ագրեսիայի համար՝ դառնալով ագրեսիա հրավիրող թիրախ, իսկ մեր անվտանգային ճարտարապետության շրջանակներում մարտունակ բանակը գործում է բացառապես միջազգային լեգիտիմության շրջանակներում»:
Մակրոմակարդակի ռազմավարություններից անցում կատարելով գործադիր իրականացման տիրույթ՝ համաժողովն ընթացավ համապարփակ անվտանգության օպերատիվ առանձին հենասյուներին նվիրված «Բաց զրույցների» և պանելային քննարկումների ձևաչափերով:
«Համապարփակ անվտանգության գործառնականացում. Լավագույն փորձի տեղայնացումը Հայաստանում» Բաց զրույցի ընթացքում Cyberwatch Finland-ի տնօրեն Աապո Սեդերբերգն ընդգծեց, որ ազգային դիմակայունության արդյունավետությունը հենվում է ռիսկերի կանխարգելիչ կառավարման, թվային ենթակառուցվածքներում «իսկզբանե ներդրվող անվտանգության» սկզբունքների, ինչպես նաև հասարակության բոլոր շերտերում համապարփակ պաշտպանության շարունակական ուսուցման մոդելների ձևավորման վրա:
«Հակազդում հիբրիդային սպառնալիքներին. Ի՞նչ միջոցներ ենք ձեռնարկում» պանելային քննարկման մասնակիցները վերլուծեցին, թե ինչպես են օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներն ու միջամտությունները և ապատեղեկատվությունը շահագործում կոգնիտիվ խոցելիությունները: Ընդգծվեց, որ ոչ կինետիկ սպառնալիքները Եվրոպայում և Հարավային Կովկասում ակտիվացել են կրիտիկական ենթակառուցվածքները թիրախավորող կիբեռհարձակումների և DDoS գործողությունների միջոցով: Եզրահանգումն էր՝ անհրաժեշտ են ամուր կարգավորող շրջանակներ, տեղեկատվության փոխանակում և երկարաժամկետ հանձնառություն մեդիագրագիտությանը:
«Համապետական և համահասարակական մոտեցումների գործնականացում» պանելային քննարկման ընթացքում Համահասարակական մոտեցումը ձևակերպվեց որպես քաղաքացիական պատրաստվածության ժամանակակից մեխանիզմ: Պանելիստները շեշտեցին, որ ֆունկցիոնալ դիմակայունությունը պահանջում է միջգերատեսչական շարունակական պատրաստվածություն, քաղաքացիական–ռազմական համատեղ վարժանքներ և վաղ ազդարարման համակարգեր:
Համաժողովի առաջին օրն եզրափակեց «Անվտանգության ներքին ճակատը. Ինստիտուցիոնալ կայունություն, քաղաքացիական պաշտպանություն և հասարակական դիմակայունություն» խորագիրը կրող բարձր մակարդակի Բաց զրույցը՝ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ: Տիկին նախարարն իր խոսքում ընդգծեց.
«Ժամանակակից քաղաքացիական պաշտպանությունը չի կարող մնալ որպես առանձնացված արտակարգ ծառայություն. այն պահանջում է ինստիտուցիոնալացված համակարգում, արագ հանրային հաղորդակցություն և խորը ինտեգրում տեղական համայնքների հետ՝ հիբրիդային ճգնաժամերին դիմակայելու համար»:
Համաժողովի երկրորդ օրը մեկնարկեց «Ժամանակակից պատերազմներ և տակտիկական ինքնիշխանություն. Համապարփակ անվտանգության ռազմական չափումը» պանելային քննարկումով, որի ընթացքում բանախոսները վերլուծեցին բարձր ինտենսիվության հակամարտությունների դասերը՝ ընդգծելով արագ տեխնոլոգիական հարմարվողականության, ապակենտրոնացված հրամանատարման և տեղական պաշտպանական արդյունաբերության կենսական անհրաժեշտությունը:
Այնուհետև տեղի ունեցավ «Խորհրդարանի դերը համապարփակ անվտանգության համակարգում. Օրենսդրական հենք և ժողովրդավարական վերահսկողություն» թեմայով Բաց զրույցը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանի հետ: Վերջինս իր խոսքում ընդգծեց.
«Ժողովրդավարական վերահսկողությունը խոչընդոտ չէ ազգային պաշտպանության համար. այն ինստիտուցիոնալ ամբողջականության և օրենսդրական ճկունության գերագույն երաշխիքն է»:
Երկկողմ ձևաչափով զրույցների շարքն ամբողջացրեց «Վերաձևակերպելով արտաքին քաղաքականությունը. Առևտրի, դիվանագիտության և ազգային դիմակայունության համադրում» խորագրով Բաց զրույցը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ: Վերջինիս բնորոշմամբ.
«Դիվանագիտական ներգրավվածությունն այսօր էապես կապված է տնտեսական դիվերսիֆիկացիայի, մատակարարման շղթաների անվտանգության և ռազմավարական առևտրային գործընկերությունների հետ, որոնք նվազեցնում են ասիմետրիկ խոցելիությունները»:
Համաժողովի աշխատանքային մասն եզրափակվեց «Հայաստան–ԵՄ օրակարգը. Ձեռքբերումներ, հնարավորություններ և մարտահրավերներ» պանելային քննարկմամբ, որի մասնակիցները քարտեզագրեցին ՀՀ–ԵՄ մերձեցման հեռանկարները՝ շեշտելով տնտեսական դիմակայունության ընդլայնումը, վիզաների ազատականացումը, քաղաքացիական հասարակության մոնիթորինգն ու ռազմավարական էներգետիկ և տրանսպորտային ուղիների ապահովումը:
Երկօրյա համաժողովի պաշտոնական մասն արժևորվեց Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. տիկին Մարգե Մարդիսալու–Կահարի եզրափակիչ ուղերձով: Տիկին դեսպանի ձևակերպմամբ.
«Համապարփակ անվտանգության կենտրոնում իսկապես հասարակությունն է՝ որպես մեկ ամբողջություն. այն անհերքելի ընկալումը, որ առանց հասարակության համախմբվածության, առանց շղթայի բոլոր օղակների ամրության, երկիրն ու հասարակությունը չեն կարող ուժեղ լինել… Ձեզ անհրաժեշտ է իսկապես պլանավորել, և մեզ անհրաժեշտ է վարժվել, վարժվել և կրկին վարժվել»:
Գնահատելով համաժողովի ձեռքբերումները և ներկայացնելով հետագա քայլերը՝ Արմինե Մարգարյանը վերահաստատեց «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ինստիտուցիոնալ առաքելությունը՝ բարձր մակարդակի անվտանգային երկխոսությունը շոշափելի քաղաքական արդյունքների վերածելու գործում.
«Դիմակայունությունը ոչ ստատիկ վիճակ է, ոչ էլ պասիվ պաշտպանություն. այն ակտիվ, շարունակական ազգային կարգապահություն է: Այս համաժողովի ընթացքում ձևավորված պատկերացումները, ռազմավարական մոդելներն ու միջգերատեսչական աշխատանքային հոսքերն ուղղակիորեն կամփոփվեն Սպիտակ թղթում՝ աջակցելու Հայաստանի Հանրապետությունում Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրմանն ու արագացնելու երկրի անցումը ռազմավարությունից դեպի հստակ գործողությունների»: