Հոդվածներ

Հայաստանի 2026 թվականի ընտրությունները․ արտաքին ազդեցություն, ներքին խոցելիություններ և ժողովրդավարական դիմակայունություն

2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած հերթական խորհրդարանական ընտրությունները շրջադարձային էին ոչ միայն երկրի ներքաղաքական դինամիկայի, այլև արտաքին քաղաքական վեկտորի հստակեցման տեսանկյունից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների և դրանք անփոփոխ թողնելու մասին Սահմանադրական դատարանի հուլիսի 4-ի որոշման համաձայն՝ նորընտիր խորհրդարան են անցել երեք քաղաքական ուժեր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը։ Ընդ որում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է կայուն մեծամասնություն ձևավորելու և միանձնյա կառավարություն կազմելու մանդատ։

Այնուամենայնիվ, այս քվեարկության նշանակությունը սովորական ընտրական գործընթացի շրջանակներից դուրս պետք է դիտարկել: Այն, ըստ էության, վերածվեց հանրաքվեի՝ Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման շուրջ։ Ընտրապայքարն ընթանում էր երկու հիմնական բևեռների միջևմի կողմից՝ գործող իշխանության, որը հետևողականորեն առաջ է մղում իր կողմից ազդարարված հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության կուրսը՝ բազմազանեցնելով ՀՀ ռազմավարական գործընկերների ցանցն ու նվազեցնելով կրիտիկական կախվածությունը Ռուսաստանից, մյուս կողմից՝ ընդդիմադիր ուժերի, որոնք դիրքավորվում էին հօգուտ Ռուսաստանի հետ ռազմավարական կապերի խորացման և արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերանայման։ Այս համատեքստում ընտրությունների արդյունքները ոչ միայն ուրվագծեցին կառավարության նոր կազմը, այլև արտաքին ճնշումների և հիբրիդային ազդեցության բազմաշերտ փորձերի պայմաններում հանրային դիմակայունության յուրօրինակ քննություն դարձան: Չնայած ագրեսիվ տեղեկատվական արշավներին, ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգերին և հարուցված քրեական գործերին, «ընտրական տուրիզմի» ակնհայտ դեպքերին և հետընտրական շրջանում գործընթացի ապալեգիտիմացման ճիգերին՝ քաղաքացիների կամարտահայտման հիմնական միտումը մնաց անփոփոխ։

Այդուհանդերձ, սա ամենևին չի նշանակում, թե ընտրական գործընթացը զերծ էր համակարգային խոցելիություններից։ Ընդհակառակը, 2026 թվականի ընտրարշավը ի հայտ բերեց ինստիտուտիոնալ այնպիսի բացեր, որոնք արտաքին որոշ դերակատարների հնարավորություն ընձեռեցին միջամտելու երկրի ներքին ժողովրդավարական գործընթացներին։

Սույն վերլուծության առանցքային նպատակն է ապակոդավորել մեխանիզմները, որոնցով փորձ էր արվում ազդել ընտրողների վարքագծի վրա, գնահատել այդ փորձերի արդյունավետությունը և վեր հանել այն ռազմավարական դասերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության հետագա ամրապնդման համար։

Սոցիոլոգիական կանխատեսումների և քվեարկության իրական պատկերի անհամապատասխանությունը

Նախընտրական շրջանում հրապարակված սոցիոլոգիական հարցումները հիմնականում ճշգրիտ էին արտացոլել հայաստանյան քաղաքական դաշտի կառուցվածքային պատկերը։ Թե՛ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI), թե՛ EVN Report-ի հարցումների արդյունքները փաստում էին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պահպանում էր առաջատարի դիրքերը, մինչդեռ ընդդիմադիր դաշտը մնում էր մասնատված և ունակ չէր ձևավորելու միասնական այլընտրանքային բևեռ։ Զուգահեռաբար, երկու հետազոտություններն էլ արձանագրում էին գործող իշխանության զգալի առավելությունը ոչ միայն կուսակցական վարկանիշների, այլև առաջնորդների նկատմամբ հանրային վստահության մակարդակի տեսանկյունից։ Նիկոլ Փաշինյանը շարունակում էր գլխավորել ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքական գործիչների ցուցակը, մինչդեռ ընդդիմության առաջնորդներից և ոչ մեկին չէր հաջողվում մոտենալ այդ նշաձողին։ Այդուհանդերձ, ընտրությունների վերջնական արդյունքները փոքր ինչ շեղվեցին նախընտրական կանխատեսումներից։ Թեև այդ տարբերությունը չփոխեց ուժերի ընդհանուր հարաբերակցությունը և «Քաղաքացիական պայմանագիրը» ձայների մեծամասնությամբ համոզիչ հաղթանակ տարավ, մի շարք ընդդիմադիր ուժեր՝ ինչպիսիք էին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ու «Հայաստան» դաշինքը, սպասվածից ավելի բարձր արդյունքներ արձանագրեցին։ Ուստի հարց է ծագում. եթե սոցիոլոգիական գործիքակազմը թույլ էր տվել բարձր ճշգրտությամբ ախտորոշել քաղաքական դաշտի ընդհանուր պատկերը, ապա ինչո՞վ էր պայմանավորված վերջնական արդյունքների շեղումըայս հարցին պատասխանելու համար պետք է դուրս գալ խնդիրը զուտ սոցիոլոգիական պրիզմայով դիտարկելու շրջանակներից և վերլուծել նախընտրական ժամանակահատվածում արձանագրված այն երևույթները, որոնք կարող էին շոշափելի ազդեցություն ունենալ ընտրողների վարքագծի վրա:

Մանիպուլյատիվ մեխանիզմներընտրակաշառքից մինչև «ընտրական տուրիզմ»

Նախընտրական հարցումների և քվեարկության փաստացի արդյունքների միջև արձանագրված տարբերությունը ինքնին չի վկայում սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանական սխալի մասին։ Ընդհակառակը, թե՛ IRI-ի, թե՛ EVN Report-ի տվյալները հաջողությամբ որսացել էին հասարակական տրամադրությունների հիմնական ուղղությունը։ Սակայն վերջնարդյունքում ընդդիմադիր որոշ ուժերի օգտին քվեների հավելումը հուշում է զուգահեռ ընթացող ստվերային մեխանիզմների կիրառման մասին։

Առաջին առանցքային գործոնը ընտրողների կամահայտնության վրա ուղղակի նյութական ազդեցության՝ ընտրակաշառքի կիրառման դեպքերն են։ Ընտրական փուլին նախորդած և հաջորդած ժամանակատվածում Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների փաստերով փետրվարի 7-ից մինչ հունիսի 16-ն ընկանած ժամանակահատվածում նախաձեռնել է 125 քրեական վարույթ։ Դրանց շրջանակներում ձերբակալվել է 227 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 248-ի նկատմամբ, իսկ 21 վարույթով նախաքննությունն արդեն ավարտվել է՝ 90 անձի վերաբերյալ գործերն ուղարկելով դատարան։ Հունիսի 16-ին հաջորդած ժամանակահատվածում հակակոռուպցիոն կոմիտեն հանդես է եկել ևս առնվազն 7 ընտրակաշառք տալու և ստանալու մասին հայտարարություններով, որոնց վեաբերյալ ավելի մանրամասն պաշտոնական տեղեկություններ ցայսօր չեն հրապարակվել: Նման ծավալի քրեական գործերի առկայությունը փաստում է, որ ընտրողների կամքի վրա ներազդելու փորձերը կրել են կազմակերպված և համակարգային բնույթ։

Ներքին անօրինական ֆինանսական հոսքերը միակ գործիքը չէին։ Ընտրություններից ամիսներ առաջ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բարձրաձայնում էին ՌԴում բնակվող ՀՀ քաղաքացիներին կազմակերպված կերպով ներգրավելու և քվեարկությունը հօգուտ ռուսամետ ուժերի ուղղորդելու ռիսկերի մասին։ Ընտրարշավի ընթացքում այս մտահոգությունները հաստատվեցին մի շարք տեղեկատվական արտահոսքերով և հետաքննական հրապարակումներով։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի Reuters լրատվական գործակալության հետաքննությունը, որի համաձայն՝ արևմտյան հետախուզական կառույցների տիրապետության տակ հայտնված փաստաթղթերում քննարկվել է ընտրական գործընթացի վրա ազդելու նպատակով շուրջ 100 հազար ռուսաստանաբնակ ՀՀ քաղաքացիների Հայաստան տեղափոխման սցենարը։ Թեև բաց տվյալները թույլ չեն տալիս լիարժեք գնահատել այս ծրագրի իրագործման մասշտաբը, նման սցենարների գոյությունն ինքնին վկայում է Հայաստանի ներքաղաքական կայունության նկատմամբ արտաքին դերակատարների ռազմավարական հետաքրքրվածության մասին։ Այս թեզն անուղղակիորեն ամրապնդվում է նաև քվեարկությանը նախորդած օրերին արձանագրված միգրացիոն դինամիկայով։ Հանրայնացված վիճակագրության համաձայն՝ հունիսի առաջին օրերին Ռուսաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը զգալիորեն գերազանցել է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի միջին ցուցանիշները։ Թեև միգրացիոն այս աճը չի կարող ծառայել որպես «ընտրական տուրիզմի» անվերապահ իրավական ապացույց, նախընտրականտեղեկատվականարտահոսքերիհամատեքստումայնձևավորումէհիմնավորկասկածներ։

Ի վերջո, սոցիոլոգիական կանխատեսումների և վերջնական արդյունքների միջև առկա տարբերությունը բացատրելի չէ զուտ հանրային տրամադրությունների փոփոխությամբ։ Այն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է հիբրիդային միջամտության, ընտրակաշառքների համակարգված կիրառման և արտաքին կազմակերպված ներազդեցության համակցված արդյունքով։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս համախմբված ճնշումները չկարողացան փոխել ընտրությունների ելքը։ Սա նշանակում է, որ կիրառված գործիքներից բացի, առանձին վերլուծության է ենթակա նաև Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ինստիտուտների կայունությունը։

Պաշտոնական Մոսկվայի բազմաշերտ ազդեցության օպերացիան

Եթե ընտրակաշառքի կիրառումն ու «ընտրական տուրիզմի» վերաբերյալ ահազանգերը վերաբերում էին ընտրողների վարքագծի վրա ուղղակի ներազդեցությանը, ապա գործընթացի ընդհանուր դինամիկան վկայում է արտաքին ազդեցության շատ ավելի ծավալուն, բազմաշերտ ու փոխկապակցված մեխանիզմների գործարկման մասին։

2026 թվականի ընտրություններին նախորդած ամիսներին ռուսական պետական հեռուստաալիքները, մի շարք պաշտոնատար անձինք և նրանց հետ ասոցացվող մեդիահարթակներն աննախադեպ ուշադրություն սկսեցին դարձնել Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ Տեղեկատվական քարոզարշավի հիմնական առանցքն անձամբ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած կառավարության կոշտ քննադատությունն էր, Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման բացասական հետևանքների «գուժումը» և պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական կուրսի հնարավոր վտանգների տարածումը։ Հատկանշական է, որ ռուսական տեղեկատվական դաշտում շրջանառվող հիմնական նարատիվները գրեթե հայելային ճշգրտությամբ վերարտադրվում էին Հայաստանի ռուսամետ ու որոշ հակաիշխանական ուժերի, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված տեղական մեդիառեսուրսների կողմից։ Այս սինխրոնիզացիան հավասարապես վերաբերում էր ինչպես անվտանգության ճարտարապետության գնահատականներին, այնպես էլ Եվրամիության, Միացյալ Նահանգների, հայադրբեջանական խաղաղության գործընթացի և տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ թեզերին։

Թեև նմանատիպ համընկնումներն ինքնին իրավականորեն չեն ապացուցում կենտրոնացված կառավարման կամ ուղղակի համակարգման փաստը, դրանք առնվազն վկայում են քաղաքական թեզերի բարձր աստիճանի համաժամեցման մասին։ Սա հատկապես ակնառու դարձավ բուն նախընտրական արշավի փուլում, երբ ռուսական տիրույթում և հայաստանյան ռուսամետ տեղեկատվական հարթակներում գրեթե նույնական ձևակերպումներով էին ներկայացվում Հայաստանի արտաքին քաղաքականության «անխուսափելի ձախողումների», անվտանգային միջավայրի փլուզման և տնտեսական անկման վերաբերյալ կանխատեսումները։

Ընտրությունների կանխարգելիչ ապալեգիտիմացման ռազմավարությունը

Արտաքին միջամտության ամենաուշագրավ դրսևորումը ի հայտ եկավ հետընտրական փուլում։ Դեռևս մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկության վերջնական արդյունքների ամփոփումը, ռուսական քաղաքական և մեդիաշրջանակներն արդեն իսկ շրջանառության մեջ էին դրել կանխակալ գնահատականներ՝ ընտրությունները ոչ ազատ և ոչ ժողովրդավարական որակելու վերաբերյալ։ Այս պնդումները հնչում էին մի փուլում, երբ որևէ միջազգային կամ տեղական հեղինակավոր դիտորդական առաքելություն ընտրությունների ընթացքի կամ անցկացման մասին հայտարարություն կամ եզրակացություն դեռևս չէր հրապարակել։ Ավելին՝ որոշ դեպքերում նման հայտարարություններ են հնչել անգամ մինչև ընտրությունների անցկացումը: Այս գործելաոճը վկայում է այն մասին, որ ընտրությունների լեգիտիմությունը հարցականի տակ դնելու փորձերը նախապես ձևավորված ռազմավարության մաս էինեթե ընտրական գործընթացով հնարավոր չլիներ հասնել ցանկալի քաղաքական արդյունքի, հաջորդքայլըպետքէդառնարդրալեգիտիմությանվիճարկումըևձևավորվածիշխանությանքաղաքականմանդատիարժեզրկումը։

Այդուհանդերձ, արտաքին ներազդեցության այս դինամիկան հնարավոր չէ դիտարկել զուտ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի համատեքստում։ Հայաստանի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական պայքարը վաղուց վեր է ածվել տարածաշրջանային մեծ դիմակայության բաղադրիչի։ Այն ուղղակիորեն շաղկապված է Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցության վերաձևավորման, ռազմավարական հաղորդակցության ուղիների վերահսկողության և Հայաստանի կողմից սեփական արտաքին քաղաքական ինքնիշխանության ընդլայնման փորձերի հետ։ Հենց այս ընդհանուր պատկերի ներքո պետք է դիտարկել վերջին տարիներին պաշտոնական Մոսկվայի աճող մտահոգությունը Երևանի և արևմտյան մայրաքաղաքների միջև հարաբերությունների սերտացման, ինչպես նաև տարածաշրջանային այլընտրանքային լոգիստիկ նախագծերի, հատկապես՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի վերաբերյալ։ Ռուսական փորձագիտական ու վերլուծական շրջանակներում հետևողականորեն հնչում էին գնահատականներ առ այն, որ Հայաստանի արտաքին քաղաքական դիվերսիֆիկացումը կարող է էականորեն սահմանափակել Ռուսաստանի ազդեցության ավանդական լծակները ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ավելի լայն աշխարհագրական տարածքում։ Ուստի, 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները Մոսկվայի համար սովորական ներքաղաքական իրադարձություն չէին։ Դրանք վերածվել էին լակմուսի թղթի՝ պարզելու համար, թե որքանով է հնարավոր պահպանել կամ վերականգնել ազդեցության նախկին լծակները մի երկրում, որը հետևողականորեն ձգտում է իր արտաքին քաղաքականության և անվտանգային համակարգի արդիականացմանը։

Ինչու Մոսկվայի խաղադրույքը չաշխատեց

Չնայած ընտրություններին նախորդած ամիսներին կիրառված ազդեցության բազմաշերտ մեխանիզմներին՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները չհանգեցրին այն քաղաքական արդյունքին, որն ակնկալում էին Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության կողմնակիցները։ Սա առաջ է քաշում մի առանցքային հարցադրումեթե գործարկվել էին տեղեկատվական և կազմակերպչական լայնածավալ գործիքներ, ապա ինչո՞ւ դրանք չվերածվեցին ընտրական հաղթանակի։

Այս ձախողումը պայմանավորված է երեք հիմնական գործոններով.

1. Հանրային ընկալումների տրանսֆորմացիան և աշխարհաքաղաքական նոր առանցքը

Առաջին և ամենախորքային պատճառը վերջին տարիներին հայաստանյան հասարակության ներսում տեղի ունեցած քաղաքական և աշխարհաքաղաքական գիտակցության վերափոխումներն են։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո երկրի ներքաղաքական դաշտի հիմնական բաժանարար գիծը երկար ժամանակ ընկալվում էր որպես պայքար գործող և նախկին իշխանությունների միջև։ Սակայն ժամանակի ընթացքում այդ օրակարգին զուգահեռ ձևավորվեց մեկ այլ՝ ավելի հիմնարար առանցք, որը վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքական ապագայի և անվտանգային մոդելի ընտրությանը։ Սոցիոլոգիական հարցումները փաստում են, որ հայաստանյան ընտրողների զգալի մասը շարունակում է դրական վերաբերվել Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանմանը, սակայն հանրային վերաբերմունքը վաղուց արդեն դուրս է եկել «կամ Ռուսաստան, կամ Արևմուտք» պարզունակ, երկբևեռ կաղապարից։ Քաղաքացիների մեծամասնությունը համաժամանակյա աջակցություն է հայտնում Եվրոպական միության հետ մերձեցմանը, անվտանգային համագործակցության դիվերսիֆիկացմանը և նոր աշխարհաքաղաքական գործընկերների ներգրավմանը։ Այս համատեքստում՝ Մոսկվայից հարաբերական հեռացումը չի վերածվել Արևմուտքի անվերապահ քաղաքական աջակցության, սակայն այն նաև չի ձևավորել նախկին միակողմանի կախվածությանը վերադառնալու հանրային պահանջ։ Սա ռուսական ռազմավարական պլանավորման գլխավոր բացթողումն էր։ Ռուսական վերլուծական և քաղաքական շրջանակներում ենթադրվում էր, որ 2020 թվականի պատերազմում կրած պարտության և Լեռնային Ղարաբաղի վերջնական հայաթափման հետևանքով առաջացած հանրային դժգոհությունն ավտոմատ կերպով կվերածվի ռուսական հովանավորյալ ուժերի քաղաքական վարկանիշի։ Սակայն ընտրությունները ցույց տվեցին, որ դժգոհությունն ու արտաքին կողմնորոշումը նույնական չեն: Իշխանության հասցեին հնչող սուր քննադատությունը կամ ՀայաստանԱդրբեջան խաղաղության գործընթացի շուրջ առկա լեգիտիմ մտահոգությունները չվերածվեցին քաղաքական աջակցության այն ուժերի օգտին, որոնք ասոցացվում են նախկին համակարգի կամ ինքնիշխանության սահմանափակման ռիսկերի հետ։

2. Ընդդիմադիր դաշտի կառուցվածքային մասնատվածությունը

Երկրորդ կարևոր գործոնը վերաբերում է ներքին քաղաքական դասավորվածությանը և ընդդիմադիր դաշտի կառուցվածքին։ Ի տարբերություն 2021 թվականի արտահերթ ընտրությունների, երբ հակաիշխանական ընտրատարածքը մեծամասամբ կենտրոնացած էր մեկ խոշոր բևեռի շուրջ, 2026 թվականին պատկերը որակապես այլ էր։ Ընդդիմադիր դաշտը ոչ միայն մասնատված էր, այլև ներքին մրցակցության մեջ էր մտել նույն սեգմենտի ընտրողների համար։

Ընդդիմադիր ուժերի որդեգրած մարտավարության համաձայն՝ առանձին հարթակներով հանդես գալը պետք է ապահովեր ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր շերտերի առավել լայն մոբիլիզացիա, որը նրանց թույլ կտար ընտրություններից հետո, կոալիցիոն համագործակցության միջոցով, իշխանափոխության հասնել։ Սակայն գործնականում տեղի ունեցավ ոչ թե նոր, տատանվող ընտրողների ներգրավում, այլ արդեն իսկ գոյություն ունեցող, կայուն հակաիշխանական էլեկտորատի ներքին վերաբաշխում: Այս համատեքստում Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժի հարաբերական հաջողությունը տեղի ունեցավ այլ ընդդիմադիր դերակատարների հաշվին և չհանգեցրեց ընդհանուր ընդդիմադիր բազայի էական ընդլայնման, որի ծավալները, ըստ նախընտրական հարցումների, գրեթե անփոփոխ էին մնացել։

3. Ինստիտուցիոնալ կայունությունը և «հերթական» ընտրությունների գործոնը

Երրորդ և ինստիտուցիոնալ տեսանկյունից ամենակարևոր հանգամանքը քվեարկության բնույթն էր: 2026 թվականի գործընթացը հերթական խորհրդարանական ընտրություն էր, այլ ոչ թե ճգնաժամային արտահերթ քվեարկություն, ինչպիսին 2021 թվականինն էր: Ընտրությունները չանցան ներքաղաքական քաոտիկ և պատերազմական թեժ գործողությունների պայմաններում։ Գործող վարչակազմը հնգամյա կառավարման ցիկլում հնարավորություն էր ունեցել ոչ միայն հանրայնացնել իր քաղաքական օրակարգը, այլև ցուցադրել դրա իրականացման որոշակի արդյունքներ: Արդյունքում՝ ընտրողների զգալի մասը որոշում կայացրեց ոչ թե ապագայի վերացական խոստումների կամ էմոցիոնալ մանիպուլյացիաների, այլ առկա կառավարման փորձի պրագմատիկ գնահատման հիման վրա։ Նման պայմաններում հիբրիդային ազդեցության գործիքներն ունենում են զգալիորեն ավելի սահմանափակ արդյունավետություն, քան սուր ճգնաժամերի փուլում:

Այս ամենն, անշուշտ, չի նշանակում, թե արտաքին միջամտության փորձերն ընդհանրապես ազդեցություն չեն ունեցել ընտրական լանդշաֆտի վրա: Սակայն 2026 թվականի վերջնարդյունքները հստակ ցույց տվեցին մեկ սկզբունքային օրինաչափությունՀայաստանի հասարակության մի ստվար հատված կարող է խորապես դժգոհ լինել ներքին խնդիրներից կամ չկիսել կառավարության առանձին որոշումները, բայց այդ դժգոհությունը մեխանիկորեն չի վերածվում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության և սուվերենության զիջման հանրային պահանջի։

Լեգիտիմության միջազգային ճանաչումը և արտաքին ապալեգիտիմացման ճիգերը

Թեև ընտրությունների միջոցով ցանկալի քաղաքական արդյունքի հասնելու փորձերը ձախողվեցին, հետընտրական փուլում արտաքին ազդեցության հիմնական ուղղությունը դարձավ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դնելը։ Սակայն այդ նարատիվները չստացան միջազգային որևէ աջակցություն։ 

Բոլոր հեղինակավոր միջազգային և տեղական դիտորդական առաքելությունները միաձայն արձանագրեցին ՀՀ խորհրդարանական ընտրությունների անցկացման բարձր մակարդակը՝ դրանք որակելով ազատ, արդար և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Անգամ ԱՊՀ դիտորդական առաքելությունը, որի կազմում ընդգրկված էին նաև Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչներ, վավերացրեց ընտրությունների արդյունքները և չարձանագրեց համակարգային խախտումներ՝ ի հակադրություն ռուսաստանյան պաշտոնյաների և ռուսական մեդիադաշտի կողմից շրջանառվող գնահատականներին:

Չնայած միջազգային այս լայն կոնսենսուսին՝ հետընտրական շրջանում ընտրությունների ապալեգիտիմացման փորձերը շարունակվեցին՝ հիմնականում դուրս գալով ներքին իրավական բանավեճի շրջանակներից։ Այս գործընթացում տեղական հակաիշխանական ուժերի հիմնական ուղերձները գրեթե նույնականորեն կրկնում էին այն թեզերը, որոնք նախընտրական ողջ փուլում տիրաժավորվում էին ռուսական պետական մեդիահարթակների կողմից: Հետևաբար, ընտրությունների լեգիտիմությունը հարվածի տակ դնելու ճիգերը պետք է դիտարկել ոչ թե որպես զուտ ներքաղաքական մրցակցություն, այլ որպես ավելի լայն հիբրիդային օպերացիայի մաս: Արտաքին դերակատարների, մասնավորապես՝ Մոսկվայի ռազմավարական նպատակն էր թուլացնել հանրային վստահությունը ընտրական ինստիտուտի նկատմամբ, քանի որ դրա միջոցով ձևավորված կայուն և լեգիտիմ կառավարությունը զրկում է արտաքին ուժերին Հայաստանի նորընտիր իշխանությունների վրա քաղաքական ճնշումներ գործադրելու և ինքնիշխան որոշումների կայացումը կասեցնելու լծակներից:

Դասեր ապագայի համար և ժողովրդավարական դիմակայունության  ամրապնդում

2026 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան Հայաստանի նորագույն պատմության մեջ որպես մի կարևորագույն հանգրվան, երբ երկրի ընտրական համակարգն ու հանրային տոկունությունը հաջողությամբ դիմակայեցին արտաքին տեղեկատվական մանիպուլյացիային, միջամտությանը և ներքին կոռուպցիոն ռիսկերի համակցված ճնշմանը: Քվեարկության արդյունքներով ձևավորված կայուն մեծամասնությունը վերահաստատեց Հայաստանի ինքնիշխանության պահպանման և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման հանրային մանդատը: Այնուամենայնիվ, ժողովրդավարական ինստիտուտների հաջողված դիմակայունությունը չպետք է հանգեցնի զգոնության թուլացման։ Ընտրարշավի ընթացքում ի հայտ եկած բացերը պահանջում են հրատապ ռազմավարական քայլերի իրականացում հետևյալ ուղղություններով:

  1. Տեղեկատվական անվտանգության հայեցակարգի արդիականացում. Ապատեղեկատվական արշավներին և արտաքին քայքայիչ նարատիվների սինխրոնիզացմանը դիմակայելու համար ՀՀ կառավարությունը պետք է ընդունի տեղեկատվական անվտանգության արդիականացված ռազմավարություն, որը կմիավորի ռազմավարական հաղորդակցությունը, ապատեղեկատվության արագ արձագանքման մեխանիզմները և անկախ փաստերի ստուգման հարթակների ինստիտուցիոնալ աջակցությունը:
  1. «Կուսակցությունների մասին» օրենքի վերանայում և կուսակցական համակարգի դիմակայունության ամրապնդում. Անհրաժեշտ է վերանայել «Կուսակցությունների մասին» օրենքը՝ ուժեղացնելով կուսակցությունների գրանցման, ֆինանսավորման թափանցիկության, իրական շահառուների բացահայտման և ընտրություններին մասնակցության նկատմամբ վերահսկողության մեխանիզմները։ Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել այնպիսի իրավական երաշխիքների ներդրմանը, որոնք կկանխեն արտաքին դերակատարների կամ տեղական օլիգարխիկ շրջանակների կողմից նախաձեռնվող, կարճաժամկետ քաղաքական նպատակներ սպասարկող (քաղաքական pop-up) կուսակցությունների ի հայտ գալը։ Օրենսդրական զսպման մեխանիզմները պետք է սահմանափակեն նաև օտարերկրյա կապիտալի և արտաքին ազդեցության քաղաքական կապիտալիզացման հնարավորությունները ընտրական գործընթացում։
  1. Ընտրական օրենսգրքի հետագա կատարելագործում և բնակության ցենզի ներդրման արդյունավետ կիրարկում։ «Ընտրական տուրիզմի» ռիսկերը նվազեցնելու նպատակով Հայաստանի Ազգային ժողովն արդեն ընդունել է օրենսդրական փոփոխություններ՝ սահմանելով ընտրական իրավունքի իրացման համար բնակության ցենզի պահանջ։ Սա կարևոր քայլ է արտաքին դերակատարների կողմից միգրացիոն հոսքերի քաղաքական շահագործման հնարավորությունները սահմանափակելու ուղղությամբ։ Առաջիկա ընտրական ցիկլերից առաջ անհրաժեշտ կլինի իրականացնել բնակության ցենզի կիրառման անկախ գնահատում՝ պարզելու, թե որքանով է այն նվազեցրել «ընտրական տուրիզմի» ռիսկերը և որքանով է համապատասխանում համընդհանուր ընտրական իրավունքի սկզբունքներին։

Ի վերջո, 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում ժողովրդավարությունը վաղուց դադարել է սոսկ արժեքային կամ հռետորական կատեգորիա լինելուց։ Այն աստիճանաբար վերածվում է պետական ինքնիշխանության պաշտպանության, արտաքին ճնշումներին դիմակայելու և ինքնուրույն ռազմավարական որոշումներ կայացնելու առանցքային ինստիտուցիոնալ գործիքի։

Այս առումով ընտրությունների գլխավոր դասը միայն արտաքին ազդեցության բազմաշերտ փորձերին հաջողությամբ դիմակայելը չէ. ՀՀ քաղաքացիները ներքաղաքական դժգոհությունը երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումից հստակորեն տարանջատելու քաղաքական հասունություն դրսևորեցին՝ թույլ չտալով, որ առաջինը կանխորոշի վերջինս։

Միևնույն ժամանակ, այս ձեռքբերումը պահանջում է շարունակական ինստիտուցիոնալ ամրապնդում, ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության պահպանում և արտաքին միջամտության նոր մեխանիզմներին համարժեք քաղաքական արձագանք։ Հակառակ դեպքում, 2026 թվականին արձանագրված հաջողությունը կարող է սահմանափակվել միայն այս ընտրություններով, այդպես էլ չվերածվելով ժողովրդավարական կայուն ձեռքբերման:

Հետևաբար, Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու արտաքին քաղաքական ճկունությունը պայմանավորված կլինեն ոչ միայն աշխարհաքաղաքական զարգացումներով կամ միջազգային գործընկերների աջակցությամբ, այլ առաջին հերթին այն հանգամանքով՝ թե որքան հետևողականորեն կկարողանա պետությունը պահպանել ընտրական գործընթացների ամբողջականությունը, ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները և պաշտպանել սեփական ինքնիշխանությունը հիբրիդային սպառնալիքներից։

Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ։ Հոդվածի բովանդակության համար պատասխանավություն է կրում  «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» (ԿԳԱՃ) մտակենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտացոլի ԺԶՀ պաշտոնական դիրքորոշումը

Հեղինակ՝ Էլեն Հոխիկյան