Հոդվածներ

Պատերազմի նոր աշխարհագրությունը․ ինչպես է Ուկրաինան փոխում ռազմավարական խորության նշանակությունը

Պատերազմների պատմության ընթացքում աշխարհագրությունը մշտապես եղել է ռազմական ուժի առանցքային բաղադրիչներից մեկը։ Լեռները, ծովերը, անապատներն ու պետությունների տարածքային խորությունը ոչ միայն գծել են քաղաքական սահմանները, այլև կանխորոշել բանակների տեղաշարժի ուղղությունները, մատակարարման ուղիներն ու երկրների պաշտպանունակությունը։ Ընդարձակ տարածքն ինքնին ռազմավարական առավելություն էր. այն հակառակորդին ստիպում էր երկարացնել թիկունքային ապահովման ուղիները, փոշիացնել ուժերը և կենսական կենտրոններին հասնելու համար վճարել հսկայական գին։

Այս տրամաբանության մեջ առանձնահատուկ դեր էր վերապահված խորը թիկունքին՝ ռազմաճակատից հեռու գտնվող այն տարածքին, որտեղ պետությունը կարող էր կենտրոնացնել իր արդյունաբերական, էներգետիկ և ռազմական կարողությունները՝ դրանք համարելով պաշտպանված հակառակորդի անմիջական հարվածներից։ Դարեր շարունակ հեռավորությունն ինքնին պաշտպանական լրջագույն գործոն էր հակառակորդի բանակը ստիպված էր քայլ առ քայլ առաջ շարժվել դեպի նպատակակետը, իսկ առաջխաղացման յուրաքանչյուր կիլոմետրը մեծացնում էր պատերազմի նյութական ու մարդկային կորուստները։

Սակայն ժամանակակից պատերազմը փոխում է այս հաշվարկը։ Հեռահար ճշգրիտ զինատեսակների, հարվածային անօդաչու համակարգերի և զանգվածային համակցված հարձակումների արագ զարգացումը նվազեցնում է աշխարհագրական հեռավորության պաշտպանական արժեքը։ Առաջնագծից հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվելն այլևս ինքնաբերաբար անվտանգություն չի երաշխավորում։ Աշխարհագրական խորությունը շարունակում է կարևոր ռազմավարական ռեսուրս մնալ, սակայն աստիճանաբար կորցնում է իր պատմական կարևորագույն առավելություններից մեկը՝ հեռավորության շնորհիվ հարաբերականորեն անվտանգ միջավայր ապահովելու կարողությունը։

Ռուսուկրաինական պատերազմի ընթացիկ փուլն այս փոփոխության թերևս ամենացայտուն օրինակներից է։ Չունենալով Ռուսաստանի հետ համադրելի մարդկային, արդյունաբերական և ռազմական ռեսուրսներ՝ Ուկրաինան հեռահար անօդաչու համակարգերի միջոցով վերաիմաստավորում Է ասիմետրիկ պատերազմի տրամաբանությունը՝ էապես նվազեցնելով Ռուսաստանի ռազմավարական խորության պաշտպանական արժեքը։

Նավթ արտահանող Ռուսաստանը բենզին է ներմուծում

Աշխարհի խոշորագույն նավթարդյունահանող պետություններից մեկը՝ Ռուսաստանը, ստիպված է բենզին ներկրել Հնդկաստանից։ Ուկրաինական հարվածների հետևանքով առաջացած վառելիքի դեֆիցիտի պատճառով ռուսական ներքին շուկան բախվել է վաճառքի սահմանափակումների, գների աճի և տարբեր շրջաններում մատակարարման լուրջ խափանումների։ Հնդկաստանից արդեն մոտ 60 հազար տոննա բենզին է ներկրվել, մինչդեռ Մոսկվան փորձում է արտաքին աղբյուրներից ապահովել ամսական մինչև 400 հազար տոննա վառելիքի ներմուծում։ Միևնույն ժամանակ, «Արգուս» գործակալության գնահատմամբ, հուլիսի սկզբին ռուսական հում նավթի հիմնական ապրանքանիշի՝ Urals-ի զեղչը արևմտյան նավահանգիստներում մեկ բարելի դիմաց 27 դոլարի է հասել։ Ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ Մոսկվան հսկայական զեղչով հում նավթ է վաճառում հնդկական նավթավերամշակման գործարաններին՝ այնտեղից ներկրվող պատրաստի բենզինով փորձելով մեղմել սեփական շուկայում ստեղծված վառելիքային ճգնաժամը։

Այս իրավիճակի անմիջական պատճառներից մեկը Ռուսաստանի նավթավերամշակման ենթակառուցվածքներին Ուկրաինայի հասցրած թիրախային հարվածներն են։ Վերջին ամիսներին ուկրաինական հեռահար անօդաչուները թիրախավորել են նավթավերամշակման գործարաններ, նավթային տերմինալներ, վառելիքի պահեստարաններ, պոմպակայաններ և լոգիստիկ հանգույցներ։ Ընդ որում, հարվածների աշխարհագրությունն աստիճանաբար ընդլայնվել է՝ սահմանամերձ շրջաններից տեղափոխվելով երկրի խորքերը։ Հուլիսի սկզբին ուկրաինական ԱԹՍների հարվածները Ռուսաստանի խոշորագույն՝ Օմսկի նավթավերամշակման գործարանին, պատերազմի ընթացքում իրականացված ամենահեռահար գործողություններից մեկը դարձան։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ միայն հունիսին երկրի պաշտպանական ուժերը խոցել են ռուսական 11 նավթավերամշակման և ութ ռազմարդյունաբերական օբյեկտ, ընդ որում՝ հաստատված հարվածների առավելագույն հեռավորությունը գերազանցել է 2700 կիլոմետրը։ Հետևաբար, Ռուսաստանի վառելիքային ճգնաժամը սոսկ տնտեսական կամ էներգետիկ խնդիր չէ. այն ռուսուկրաինական պատերազմի ընթացիկ փուլում տեղի ունեցող խորքային ռազմավարական փոփոխության ամենատեսանելի հետևանքներից է։

Տարածությունը՝ որպես պաշտպանական ռեսուրս

Քիչ պետությունների ռազմավարական պատմության մեջ է տարածքային խորությունն ունեցել այնքան վճռորոշ դեր, որքան Ռուսաստանի պարագայում։ Հենրի Քիսինջերն իր «Դիվանագիտություն» աշխատությունում, նկարագրելով ռուսական անվտանգության ընկալման հիմնարար պարադոքսը, նշում է, որ Մոսկովյան մեծ իշխանության շուրջ ձևավորված պետությունը, աստիճանաբար ընդարձակվելով դեպի Եվրոպայի կենտրոն, Խաղաղ օվկիանոս և Կենտրոնական Ասիա, սեփական անվտանգությունը փնտրում էր նոր տարածքների մեջ։ Սակայն, ըստ հեղինակի, այդ «որոնումը վերածվեց ընդարձակման՝ հանուն ընդարձակման» յուրաքանչյուր նոր տարածքային ձեռքբերում, թեև հեռացնում էր հակառակորդին Ռուսաստանի կենսական կենտրոններից, միևնույն ժամանակ ձևավորում էր նոր սահմաններ ու նոր խոցելիություններ։ Ըստ Քիսինջերի՝ բացարձակ անվտանգության այս երկարատև որոնումներում քիչ պետություններ են այնքան պատերազմներ սկսել կամ այնքան անկայունություն ստեղծել, որքան Ռուսաստանը։

Այս մտածողության հիմքում, սակայն, ընկած էր պարզ աշխարհագրական հաշվարկ որքան մեծ էր հակառակորդին երկրի քաղաքական ու տնտեսական կենտրոններից բաժանող տարածությունը, այնքան բարդ էր դրանց հասնելը։ 1812 թվականի Նապոլեոնի արշավանքը և 1941 թվականի նացիստական Գերմանիայի ներխուժումը ռուսական ռազմավարական հիշողության դասական օրինակներ են։ Երկու դեպքում էլ աշխարհագրական խորությունը հակառակորդին ստիպեց երկարացնել հաղորդակցության ուղիները, ցրել սեփական ուժերը և պատերազմ վարել նախնական հաշվարկներն անհամեմատ գերազանցող տարածություններում։ Տարածությունը ռուսական կողմին ժամանակ էր տալիս վերախմբավորելու ուժերը և համալրելու պահուստները՝ պատերազմի նյութական ու մարդկային ծանրությունը աստիճանաբար դնելով հակառակորդի վրա։ Այսօր, սակայն անօդաչու ավիացիայի և հեռահար հարվածային համակարգերի կատարելագործումը սկզբունքորեն փոխում է այս հաշվարկը՝ էապես նվազեցնելով խոր թիկունքի պաշտպանական առավելությունը։

Ռուսուկրաինական պատերազմում Ուկրաինայի կողմից կիրառվող նոր սերնդի հեռահար անօդաչու համակարգերը այս ռազմավարական փոփոխության ամենատեսանելի դրսևորումներից են։ Դրանք չեն չեղարկում աշխարհագրական կամ տարածքային խորության ռազմավարական նշանակությունը, սակայն էապես նվազեցնում են հեռավորության՝ որպես առանձին պաշտպանական գործոնի դերը։ Առաջնագծից 500, 1 000 կամ 2 000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող նավթավերամշակման գործարանը նախկինում կարող էր հարաբերականորեն պաշտպանված համարվել՝ հենց իր աշխարհագրական դիրքի շնորհիվ։ Այն խոցելու համար հակառակորդին անհրաժեշտ էին ռազմավարական ավիացիա, թանկարժեք հեռահար հրթիռներ կամ լայնածավալ ցամաքային առաջխաղացում։ Անօդաչու տեխնոլոգիաների զարգացումը կտրուկ իջեցրեց այդ խոցելիության շեմը՝ հնարավորություն ստեղծելով անհամեմատ սահմանափակ ռեսուրսներով խոցել ռազմավարական նշանակության թիրախներ։ Սակայն այս համակարգերի բերած բեկումը չի սահմանափակվում միայն հեռահարությամբ։

ՀՕՊի հագեցումը և պաշտպանության նոր տնտեսագիտությունը

Ռուսուկրաինական պատերազմը բացահայտել է ժամանակակից հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ևս մեկ հիմնարար սահմանափակում՝ զանգվածային անօդաչու հարձակումների պայմաններում այդ համակարգերի արագ գերբեռնման վտանգը։ Տասնյակ կամ հարյուրավոր ԱԹՍների համաժամանակյա կիրառումը հանգեցնում է ռադարների ու հրամանատարական օղակների գերբեռնմանը՝ պաշտպանվող կողմին ստիպելով սահմանափակ ժամանակում չեզոքացնել մեծ քանակությամբ օդային թիրախներ։ Այս պայմաններում հարձակվողի խնդիրը չէ, որ բոլոր ԱԹՍները հասնեն նպատակակետին. զանգվածային հարձակման ռազմավարությունն ի սկզբանե ենթադրում է դրանց մի մասի կորուստ։ Եթե արձակված անօդաչուների նույնիսկ փոքր մասին հաջողվում է հաղթահարել ՀՕՊ համակարգը և հարվածել էներգետիկ հանգույցներին, ռազմական օդանավակայաններին կամ նավթավերամշակման գործարաններին, ապա հարձակումը կարելի է ռազմավարական առումով հաջողված համարել։

Այստեղ ի հայտ է գալիս ժամանակակից պաշտպանության պարադոքսը ԱԹՍների 80–90%-ի չեզոքացումը մարտավարական մակարդակում բարձր արդյունավետության ցուցանիշ է, սակայն եթե պաշտպանական գոտին շրջանցած մի քանի անօդաչուի հաջողվում է շարքից հանել կենսական ենթակառուցվածքների հանգույցները, մարտավարական հաջողությունը վերածվում է ռազմավարական ձախողման։ Մեծ տարածք ունեցող պետությունների դեպքում այս խնդիրը բազմապատկվում է նույն խտությամբ ու արդյունավետությամբ անհնար է միաժամանակ պաշտպանել և՛ առաջնագիծը, և՛ հազարավոր կիլոմետրերով սփռված մատակարարման ու էներգետիկ ենթակառուցվածքները։ Թեև հեռավորությունը երկարացնում է ԱԹՍների թռիչքի ժամանակը, այն այլևս ի զորու չէ կանխել հարձակումը, իսկ ընդարձակ տարածքներում անթափանց պաշտպանական «վահան» կառուցելը դառնում է չափազանց ծախսատար և գործնականում անիրագործելի։ Այս պայմաններում վճռորոշ նշանակություն է ստանում ոչ թե լոկ տեխնոլոգիաների առկայությունը, այլ դրանց կիրառման ռազմավարությունը։

Ուկրաինան չի փորձում դառնալ «փոքր Ռուսաստան»

Չունենալով Ռուսաստանին համարժեք մարդկային, արդյունաբերական և ավանդական ռազմական կարողություններ՝ Ուկրաինան չէր կարող երկարաժամկետ պատերազմի իր ռազմավարությունը կառուցել ռեսուրսների ուղղակի մրցակցության վրա։ Սիմետրիկ դիմակայությունը Կիևին կստիպեր պայքարել մի դաշտում, որտեղ Մոսկվան ունի թվային ու նյութական ակնհայտ առավելություն։ Հետևաբար, Կիևը չի փորձում համահավասարվել Ռուսաստանի ռազմական հզորությանը, այլ նոր տեխնոլոգիաների միջոցով փոխում է պատերազմի պայմանները՝ հակառակորդի ավանդական առավելությունները վերածելով խոցելիությունների։

Հենց այս համատեքստում է պետք դիտարկել Ռուսաստանի խորը թիկունքում գտնվող էներգետիկ, ռազմական և լոգիստիկ ենթակառուցվածքների հետևողական թիրախավորումը։ Հեռահար անօդաչուների հասանելիության ընդլայնումը Մոսկվային կանգնեցնում է մշտական երկընտրանքի առջև՝ ստիպելով սահմանափակ ՀՕՊ միջոցները սփռել հսկայական տարածքները պաշտպանելու համար։ Դրանով իսկ Ուկրաինան պահպանում է հաջորդ թիրախներն ընտրելու և հարձակման նախաձեռնությունը։ Հեռահար հարվածների առանձին հրամանատարության ստեղծմամբ՝ Կիևն այս ուղղությունը վերածում է պատերազմի վարման ինքնուրույն, ինստիտուցիոնալ բաղադրիչի։ Տնտեսական և լոգիստիկ հանգույցների համակարգված թիրախավորման նպատակը միայն ֆիզիկական վնաս հասցնելը չէ, այլ Ռուսաստանի համար պատերազմի շարունակման տնտեսական ու պաշտպանական գնի կտրուկ բարձրացումը։ Ուկրաինայի ռազմավարական նորարարությունը ոչ միայն նոր տեխնոլոգիաների ներդրումն է, այլ դրանց համակարգված կիրառումը՝ Ռուսաստանի տարածքային խորությունը պաշտպանական առավելությունից վերածելով տնտեսական և ռազմական բեռի։

Խորը թիկունքի նոր ռազմավարական արժեքը

Ռուսուկրաինական պատերազմի ընթացիկ փուլից դեռևս վաղ է վերջնական ռազմական դոկտրիններ բխեցնել։ Ուկրաինական հեռահար հարվածները չեն չեզոքացրել Ռուսաստանի ընդհանուր ռազմական առավելությունը, չեն կազմալուծել նրա էներգետիկ համակարգը և չեն կանխորոշել հակամարտության ելքը։ Մոսկվան շարունակում է անհամեմատ մեծ մարդկային ու արդյունաբերական ռեսուրսներ տնօրինել՝ պահպանելով Ուկրաինայի քաղաքներին ու կենսական ենթակառուցվածքներին ավերիչ հարվածներ հասցնելու զգալի կարողություններ։ Սակայն այդ ավանդական առավելությունների պաշտպանական նշանակությունն այլևս նույնը չէ։

Աշխարհագրական խորությունը շարունակում է կարևոր ռազմավարական ռեսուրս մնալ՝ ժամանակ շահելու, արտադրական կարողությունների ապակենտրոնացման և պահուստների տեղաբաշխման տեսանկյունից։ Սակայն այն այլևս միանշանակ պաշտպանական առավելություն չէ որքան մեծ է պետության տարածքը, այնքան լայն է պաշտպանության կարիք ունեցող կենսական ենթակառուցվածքների աշխարհագրությունը։ Հեռահար, համեմատաբար էժան և զանգվածաբար կիրառվող հարվածային համակարգերի առկայության պայմաններում տարածքային խորությունը վերածվում է պաշտպանական բեռի։ Ուկրաինան թերևս առաջիններից է, որն այս փոփոխությունը հետևողականորեն վերածում է ասիմետրիկ պատերազմի գիտակցված ռազմավարության։ Ռուսաստանի ներկայիս վառելիքային ճգնաժամն այս փոփոխության ամենատեսանելի դրսևորումներից մեկն է։ Այն, որ նավթային հսկա հանդիսացող պետությունն իր ներքին դեֆիցիտը մեղմելու համար ստիպված է բենզին ներմուծել, առաջին հայացքից կարող է սոսկ էներգետիկ բնույթի խնդիր թվալ։ Սակայն դրա խորքում հեռավորության՝ որպես ռազմավարական գործոնի արժեզրկումն է։

Եթե այս միտումը շարունակվի, պատերազմի գլխավոր դասերից մեկը կլինի այն, որ խորը թիկունքն այլևս հեռավորության հաշվին անվտանգություն չի երաշխավորում։ Աշխարհագրական դիրքով պայմանավորված անդորրի դարաշրջանն ավարտված է։

Հեղինակ՝ Էլեն Հոխիկյան