ԿԳԱՃ – ն այսօր
Հայաստանի սուբյեկտայնության թիրախավորումը․ տեղեկատվական-հիբրիդային գործիքակազմը և Ռուսաստանի ազդեցության վերականգնման փորձերը
Հետխորհրդային տարածաշրջանում աշխարհաքաղաքական մրցակցությունը չի ավարտվել Խորհրդային Միության փլուզմամբ։ Տարածաշրջանի պետությունների՝ ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու, ինչպես նաև սեփական անվտանգային ու զարգացման ուղին ընտրելու ձգտումը շարունակում է բախվել նախկին ազդեցության գոտում սեփական դիրքերը պահպանելու կամ վերականգնելու Ռուսաստանի քաղաքականությանը։ Այս համատեքստում տնտեսական ու ռազմական լծակները զուգակցվում են քաղաքական ճնշումների և տեղեկատվական–հոգեբանական ազդեցության գործիքակազմի հետ՝ ներգործելով ոչ միայն թիրախային պետությունների արտաքին քաղաքական վարքագծի, այլև դրանց ներքաղաքական դինամիկայի վրա։ Հայաստանը, ձգտելով դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունն ու նվազեցնել ռազմավարական կախվածությունը Ռուսաստանից, հայտնվել է այս աշխարհաքաղաքական հակասության առանցքում։ Ներքաղաքական տիրույթում իշխանության լեգիտիմությունը, պետական կառավարման արդյունավետությունն ու Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի իրատեսականությունը կասկածի տակ դնող նարատիվները զուգահեռաբար շրջանառվում են ռուսական լրատվամիջոցներում և քաղաքական խոսույթում։ Առանձին դեպքերում այդ ուղերձները ոչ միայն բովանդակային առումով են համընկնում, այլև տարածվում են այնպիսի սինխրոնությամբ, ինչը հիմնավոր հարցադրումներ է առաջացնում դրանց փոխկապակցվածության և ուղղորդված քաղաքական նպատակադրման վերաբերյալ։ Հենց այս համատեքստում էլ ձևավորվում է հոդվածի հիմնական հետազոտական հարցադրումը․ արդյո՞ք Ռուսաստանի և Հայաստանում վերջինիս շահերին համահունչ գործող դերակատարների ջանքերն ուղղված են Հայաստանի սուբյեկտայնության նկատմամբ համակարգային անվստահության ձևավորմանը, և արդյո՞ք պետական կառավարման թերությունների չափազանցումը, անվտանգային միջադեպերի քաղաքականացումը, խաղաղության գործընթացի վարկաբեկումը, ինչպես նաև Ռուսաստանի՝ որպես «անփոխարինելի երաշխավորի» կերպարի պարտադրումը ծառայում են հենց այս նպատակի իրագործմանը։
Նշված հարցադրման շրջանակում առանցքային է պարզել, թե ինչպես են Հայաստանի ներքաղաքական պայքարում շրջանառվող նարատիվները փոխկապակցվում Ռուսաստանի տեղեկատվական ու քաղաքական ազդեցության ավելի լայն մեխանիզմների հետ, ինչ դերակատարում ունեն դրանց տարածման գործում տեղական քաղաքական ուժերը, և թե ինչպես կարող է այդ փոխազդեցությունն անդրադառնալ ինքնուրույն ռազմավարական ընտրություն կատարելու Հայաստանի կարողության վրա։
Պետության անգործունակության նարատիվը և դրա տարածման ու առաջմղման մեխանիզմները
Պետության անգործունակության նարատիվի կառուցարկման առանցքային մեխանիզմներից մեկը առանձին իրադարձությունների քաղաքական ամպլիֆիկացիան է․ մասնավոր միջադեպը դուրս է բերվում իր անմիջական համատեքստից և ներկայացվում որպես պետական կառավարման համակարգային ձախողման, ինչպես նաև սեփական տարածքն ու քաղաքացիներին պաշտպանելու պետության անկարողության ակնհայտ ապացույց։ Այս մոտեցումը խիստ տեսանելի էր նաև 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձևավորված որոշ քաղաքական և տեղեկատվական արձագանքներում։
Հայաստանի իրավապահ մարմինների հրապարակած տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայկական կողմին տեղեկացրել էր իր զինծառայողի անհետացման մասին՝ չբացառելով, որ նա կարող էր հատած լինել Հայաստանի պետական սահմանը։ Հոկտեմբերի 1-ին ադրբեջանցի զինծառայողը հայտնաբերվել էր Շաքիի բնակելի տներից մեկում։ Հայտնաբերվելուց հետո նա կրակոցներ էր արձակել՝ վիրավորելով տանտիրուհուն և մարմնական վնասվածքներ պատճառելով երեխաներին, ինչից հետո նույն օրը ձերբակալվել էր ՀՀ պատկան մարմինների կողմից։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։ Տեղի ունեցածն, անշուշտ, բազում հարցադրումներ է հարուցում սահմանային վերահսկողության, բնակչության անվտանգության, պետական մարմինների արձագանքման արդյունավետության, ինչպես նաև ռազմավարական հաղորդակցության կարողությունների վերաբերյալ։ Սակայն միջադեպին հաջորդած քաղաքական արձագանքի հիմնական մասը կենտրոնացավ ոչ թե այդ բովանդակային հարցերի քննության ու առկա խնդիրների վերհանմանը, այլ պատահարը՝ որպես Հայաստանի՝ սեփական սահմանները վերահսկելու անկարողության և խաղաղության գործընթացի ձախողման անվերապահապացույցներկայացնելուվրա։
Նախևառաջ հարկ է արձանագրել, որ աշխարհում չկա որևէ պետություն՝ անկախ իր ռազմական կարողություններից, տեխնոլոգիական հագեցվածությունից կամ սահմանային պաշտպանության մակարդակից, որն ունակ լինի լիովին բացառելու ապօրինի սահմանահատման բոլոր դեպքերը։ Պետական ինստիտուտների արդյունավետությունը որոշվում է ոչ թե նման միջադեպերի բացարձակ բացակայությամբ, այլ դրանք կանխարգելելու, հայտնաբերելու, համարժեք արձագանքելու և հետևանքները կառավարելու կարողությամբ։ Ըստ էության՝ Շաքիի միջադեպը կարող էր հիմք ծառայել սահմանային անվտանգության համակարգի կոնկրետ թերությունների վերհանման ու քննարկման համար, մինչդեռ այն խորհրդարանական ընդդիմության կողմից շահարկվեց սեփական սահմանները կառավարելու պետության անկարողության համատեքստում։
Այս նարատիվի քաղաքական նշանակությունը չի սահմանափակվում միայն սահմանային միջադեպի շահարկմամբ․ դրա հաջորդ տրամաբանական օղակը խաղաղության գործընթացի վարկաբեկումն է։ Երբ Հայաստանի սահմանի ապօրինի հատման և քաղաքացու նկատմամբ զինված բռնության կոնկրետ դեպքը ներկայացվում է որպես խաղաղության օրակարգի սնանկության անվերապահ ապացույց, դրանից բխող հաջորդ քայլը պետության՝ սեփական անվտանգությունն ապահովելու անկարողության, և հետևաբար՝ «արտաքին երաշխավորի» կարիք ունենալու նարատիվի ներդրումն է։ Այս նարատիվի աշխարհաքաղաքական նշանակությունը հատկապես առանցքային է տարածաշրջանում Ռուսաստանի՝ սեփական ազդեցության պահպանման ու վերականգնման քաղաքականության տեսանկյունից։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության շարունակականությունը Մոսկվային տասնամյակներ շարունակ հնարավորություն է ընձեռել հանդես գալու որպես անվտանգության անփոխարինելի երաշխավոր և միջնորդ՝ ապահովելով կառուցվածքային վերահսկողություն և ազդեցության լծակներ տարածաշրջանային գործընթացների նկատմամբ։ Խաղաղության օրակարգի հաստատումն ու խաղաղության պայմանագրի նախաստորագրումը էապես նվազեցրել են այդ լծակի արդյունավետությունը՝ մեծացնելով Երևանի և Բաքվի՝ սեփական ազգային շահերից բխող ինքնուրույն որոշումներով հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը։ Այս համատեքստում ներհայաստանյան ռուսամետ ուժերի կողմից հակամարտության հռետորաբանությունը վերակենդանացնելու փորձերը սոսկ խաղաղության գործընթացի քննադատություն չեն։ Երբ անվտանգային յուրաքանչյուր միջադեպ ներկայացվում է որպես խաղաղության անհնարինության ապացույց, իսկ խաղաղության «բացակայությունը»՝ արտաքին երաշխավորի անհրաժեշտության հիմնավորում, ձևավորվում են նախադրյալներ վերականգնելու այն քաղաքական միջավայրը, որտեղ Ռուսաստանը կարող է կրկին ստանձնել տարածաշրջանային անվտանգության միակ ու անփոխարինելի երաշխավորի դերը։ Այդպիսով՝ փորձ է արվում Հայաստանի և Ադրբեջանի միջև չկարգավորված հարաբերությունները ծառայեցնել Հայաստանում Մոսկվայի ազդեցության վերականգնմանը՝ միաժամանակ թիրախավորելով ու սահմանափակելով արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի նկատմամբ հանրային վստահությունը։
Այս մեխանիզմի ամբողջական ընկալման հաջորդ փուլը հայաստանյան և ռուսաստանյան տեղեկատվական տիրույթներում նույնական թեզերի շրջանառության, ինչպես նաև դրանց փոխադարձ ամպլիֆիկացիայի օրինաչափությունների ուսումնասիրությունն է:
Տեղեկատվական էկոհամակարգը․ փոխկապակցված ցանցերն ու ռուսաստանյան ազդեցության գործիքակազմը
Հայաստանի պետական կարողությունները, արտաքին քաղաքական ինքնուրույնությունն ու խաղաղության օրակարգը կասկածի տակ դնող նարատիվները շրջանառվում են ինչպես ներքաղաքական, այնպես էլ ռուսաստանյան տեղեկատվական–քաղաքական տիրույթներում։ Դրանց տարածման մեխանիզմը միշտ չէ, որ ենթադրում է նույնական ձևակերպումների բառացի կրկնություն։ Առավել հաճախ առանցքային նույն ուղերձը տարբեր աղբյուրներում շրջանառվում է տարբեր շեշտադրումներով՝ հարմարեցվելով թիրախային լսարանի քաղաքական նախասիրություններին ու մտահոգություններին կամ տարածող կողմի տվյալ պահի քաղաքական նպատակահարմարությանը։ Այս մեխանիզմի առավել համապարփակ փաստագրումներից մեկը ներկայացվել է 2026 թվականի հոկտեմբերի 12-ին՝ DFRLab-ի, FIP.am-ի, LetsData-ի և գործընկերների համատեղ հետազոտության մեջ: Ուսումնասիրությունը բացահայտել է համակարգված գործող չորս ցանց՝ ավելի քան հարյուր ֆեյսբուքյան էջերի, փոխկապակցված կայքերի և տելեգրամյան ալիքների ներգրավմամբ։ Դրանք տարածել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ տագնապներ հարուցող ուղերձներ՝ մասնավորապես պնդելով, թե Հայաստանը համաձայնել է ընդունել շուրջ 300 հազար ադրբեջանցիների, վերածվում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի», իսկ ընտրություններում գործող իշխանության վերընտրությունը կարող է հանգեցնել նոր պատերազմի։ Հետազոտության հեղինակներն արձանագրել են, որ ցանցերի բովանդակությունը հիմնականում ամպլիֆիկացրել և առաջ է մղել ընդդիմադիր և ռուսամետ դիրքորոշումները։ Վերոհիշյալ էջերից որոշները դադարեցրել են ակտիվությունը ընտրություններից ընդամենը երկու օր անց, ինչը վկայում է, որ դրանց գործունեության հիմնական նպատակը նախընտրական շրջանում հանրային ընկալումների վրա ուղղորդված ազդեցությունն էր։
Այս հետազոտության առանցքային արժեքը ոչ միայն կեղծ կամ մոլորեցնող հրապարակումների բացահայտումն է, այլև առանձին քաղաքական ուղերձների արհեստական ամպլիֆիկացիայի մեխանիզմների վերհանումը։ Ավելի քան երեսուն էջից բաղկացած ցանցերից մեկը տարածել է ընդդիմադիր գործիչների հայտարարությունները՝ հանդես գալով ժամանցային, ապաքաղաքական հարթակի քողի ներքո։ Մեկ այլ՝ ավելի քան հիսուն էջ ընդգրկող ցանց համակարգված կերպով վերարտադրել է պրոռուսական ուղղվածության Past.am-ի նյութերը, իսկ մի շարք այլ էջեր նմանակել են վստահություն վայելող տարբեր լրատվամիջոցների անվանումներն ու արտաքին տեսքը։ Այս հարթակների միջև փոխկապակցվածությունը բացահայտվել է ոչ միայն բովանդակային նմանությամբ, այլև տեխնիկական տվյալներով՝ նույնական հրապարակումներով, ընդհանուր ենթակառուցվածքային ցուցիչներով և նյութերի տարածման րոպեների կամ վայրկյանների սինխրոնացմամբ։ Այս տվյալները հիմք են տալիս պնդելու ոչ թե պարզապես նման դիրքորոշումներ ունեցող աղբյուրների բովանդակային զուգադիպության, այլ համակարգված ամպլիֆիկացիայի մեխանիզմների մասին։
Նույն օրինաչափությունն արձանագրվել է նաև Տելեգրամում։ Մի շարք ալիքների հրապարակումների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկու ալիքներ 2026 թվականի մայիսի 8-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում մեկ րոպեի (բազմաթիվ դեպքերում՝ նույն վայրկյանի) ընթացքում 572 և 530 անգամ տարածել են նույն բովանդակությունը։ Դրանք ներառել են նույնական հղումներ, պատկերներ, վերահրապարակումներ և այլ նույնաբովանդակ նյութեր։ Հետազոտության հեղինակները սա գնահատում են որպես գործողությունների համակարգման կամ ընդհանուր կառավարման ակնհայտ ցուցիչ: Հատկանշական է նաև, որ նույն ալիքները ներգրավված են եղել տարբեր նարատիվների տարածման գործում՝ շրջանառելով «Արևմտյան Ադրբեջանի», 300 հազար ադրբեջանցիների ենթադրյալ վերաբնակեցման և պատերազմի վերսկսման թեմաները։ Այսպիսով, խոսքը ոչ թե մեկ առանձին թեմայի շուրջ ձևավորված պատահական նախաձեռնությունների, այլ բազմազան թեմաների տարածումը սպասարկող կազմակերպված էկոհամակարգի մասին է։
Հետազոտությունը նաև ցույց է տալիս, որ տեղական քաղաքական խոսույթն ու ռուսաստանյան տեղեկատվական միջավայրը փոխլրացնում են միմյանց։ Օրինակ՝ ուսումնասիրված ցանցերից մեկում գերիշխել են Ռուսաստանի՝ որպես Հայաստանի համար տնտեսապես ու ռազմավարական առումով անփոխարինելի գործընկերոջ կերպարն ամրապնդող նարատիվները, մինչդեռ Եվրոպական միության հետ մերձեցումը թիրախավորվել է որպես գոյութենական սպառնալիքներ պարունակող ընտրություն։ Մեկ այլ ցանցում հայաստանյան քաղաքական բովանդակությունն ամպլիֆիկացվել է նաև ռուսաստանյան կայքերի և ռուսալեզու օպերատորի հետ կապի տեխնիկական հետքեր կրող հարթակների միջոցով։ Այդպիսով՝ հետազոտությունը փաստագրում է ռուսամետ նարատիվների համակարգված տարածման և հայաստանյան ընդդիմադիր խոսույթի ուղղորդված ամպլիֆիկացիայի կոնկրետ մեխանիզմներ։
Այս տվյալները փոխում են խնդրի գնահատման ռազմավարական շրջանակը։ Եթե առանձին հրապարակումը կարելի է դիտարկել որպես լոկալ քաղաքական դիրքորոշում կամ տեղեկատվական մանիպուլյացիայի մասնակի դեպք, ապա նույնական բովանդակության տարածումը փոխկապակցված էջերի ու ալիքների միջոցով՝ կարճ ժամանակային միջակայքերում և տարբեր հարթակներում, վկայում է հանրային ընկալումների վրա համակարգված ազդեցության թիրախային արշավի մասին։ Նման մեխանիզմների կիրառումը հանրության շրջանում կարող է նպաստել խաղաղության գործընթացի շուրջ առկա տագնապների խորացմանը և Հայաստանի անվտանգային ու արտաքին քաղաքական ընտրության վերաբերյալ անտագոնիստական տրամադրությունների ձևավորմանը։ Ներքաղաքական քննադատությունը, միահյուսվելով նմանօրինակ տարածման ենթակառուցվածքների հետ, ստանում է իր սկզբնական լսարանից անհամեմատ ավելի լայն տեսանելիություն՝ ձևավորելով կեղծ ընկալում, թե տվյալ նարատիվը հասարակության մեջ գերիշխող կամ համընդհանուր ընդունված դիրքորոշում է։
Ռուսաստանի ազդեցության պահպանման քաղաքական տրամաբանությունը
Հայաստանում Ռուսաստանի տեղեկատվական ազդեցության ամբողջական պատկերի ընկալման համար առանցքային է դիտարկել ոչ միայն առանձին նարատիվների տարածման տեխնիկական մեխանիզմները, այլև դրանց հետապնդած ռազմավարական–քաղաքական նպատակները։ Երբ տարբեր իրադարձություններ, ներքաղաքական հակասություններ և արտաքին քաղաքական մարտահրավերներ ներկայացվում են փոխկապակցված ձևով և միավորվում մեկ ընդհանուր նարատիվի շուրջ, դրանց հիմքում ընկած ուղերձները կարող են ավելի ազդեցիկ դառնալ։
Նման մանիպուլյացիոն կոնստրուկտների ձևավորման համար ամենևին պարտադիր չէ, որ շրջանառվող թեզերը կեղծ լինեն։ Առավել արդյունավետ է գործում իրական խնդիրների ընտրովի մատուցումը, դրանց չափազանցումն ու միտումնավոր շաղկապումը՝ միաժամանակ անտեսելով պետական արձագանքը, մարտահրավերների իրական մասշտաբներն ու դրանց հաղթահարմանն ուղղված համակարգային քայլերը։ Այդպիսով՝ առանձին միջադեպը ներկայացվում է որպես պետական կառավարման համակարգային ձախողման ապացույց, տնտեսական մարտահրավերները՝ արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայի անհնարինության հիմնավորում, իսկ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացն ուղեկցող ռիսկերը՝ սեփական անվտանգությունն ինքնուրույն ապահովելու Հայաստանի անկարողության փաստարկ։ Արդյունքում այս ուղերձները նպաստում են այն նարատիվի ամրապնդմանը, թե Հայաստանն ունակ չէ ինքնուրույն կառավարել սեփական որոշումների հետևանքները։
Նման մեխանիզմներ կիրառվել են նաև այլ երկրներում իրականացված ռուսական տեղեկատվական գործողությունների համատեքստում։ Մասնավորապես, Եվգենի Պրիգոժինի հետ փոխկապակցված «տրոլների ֆաբրիկայի», ինչպես նաև Storm-1516-ի և Operation Overload–ի նման արշավները ցույց են տալիս, թե ինչպես է կեղծ կամ նմանակված (Doppelgänger) աղբյուրների, ավտոմատացված տարածման և տեղական քաղաքական հակասությունների շահարկման միջոցով խարխլվում հանրային վստահությունը պետական ինստիտուտների ու քաղաքական գործընթացների նկատմամբ։ Մոլդովայի ընտրությունների շուրջ փաստագրված դեպքերը ևս վկայում են, որ նմանօրինակ մեթոդաբանությունը լայնորեն գործադրվում է հատկապես այնպիսի միջավայրերում, որտեղ հասարակության քաղաքական ընտրությունն ու երկրի արտաքին քաղաքական ուղղվածությունը դարձել են աշխարհաքաղաքական ազդեցության պայքարի առանցքային առարկա։
Պետության անկարողության նարատիվը Հայաստանի դեպքում միաժամանակ թիրախավորում է հանրային վստահությունը թե՛ գործող իշխանության, թե՛ առհասարակ պետական ինստիտուտների ֆունկցիոնալության նկատմամբ։ Երբ իշխանությունների բացթողումներն ու սխալները ներկայացվում են ոչ թե որպես քաղաքական պատասխանատվության, քաղաքացիական վերահսկողության և ինստիտուցիոնալ բարեփոխումների ենթակա խնդիրներ, այլ որպես Հայաստանի ինքնուրույն գոյության անհնարինության ապացույց, քաղաքական քննադատությունը վերածվում է պետական կենսունակությունը ժխտող հայեցակարգային փաստարկի։ Նման մոտեցումն էապես սահմանափակում է նաև քաղաքական այլընտրանքների շրջանակը․ եթե հանրությանը շարունակաբար համոզում են, որ Հայաստանը չի կարող ինքնուրույն հաղթահարել իր առջև ծառացած խնդիրները, ապա արտաքին անվտանգության «երաշխավորի» անհրաժեշտությունը սկսում է ընկալվել ոչ թե որպես քաղաքական ընտրություն, այլ որպես անխուսափելիություն։
Հետևաբար, Ռուսաստանի տեղեկատվական ազդեցության գնահատման առանցքային չափանիշը չպետք է սահմանափակվի կեղծ օգտահաշիվների, կայքերի կամ տարածված հաղորդագրությունների քանակական ցուցանիշներով։ Ավելի կարևոր է հասկանալ, թե քաղաքական ինչ ընկալումներ են դրանք ձևավորում, և թե ինչպես են տարաբնույթ նարատիվները համակարգված կերպով շաղկապվում պետության անկարողության ու «արտաքին երաշխավորի» անփոխարինելիության կենտրոնական թեզի շուրջ։
Այս ազդեցության քաղաքական գործառույթը հասկանալու համար այն անհրաժեշտ է դիտարկել Ռուսաստանի՝ հետխորհրդային տարածքում ունեցած ավելի լայն ռազմավարական նպատակների համատեքստում։ Հետխորհրդային տարածքում Ռուսաստանի քաղաքականությունը տասնամյակներ շարունակ խարսխվել է այն տրամաբանության վրա, որ նախկին խորհրդային հանրապետությունների ինքնիշխանությունը չպետք է հակասի Մոսկվայի ռազմավարական շահերին, ավելին՝ պետք է սպասարկի դրանք։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած զավթողական պատերազմն այս մոտեցման առավել ծայրահեղ դրսևորումն է, սակայն դրա հիմքում ընկած տրամաբանությունը չի սահմանափակվում ռազմական ուժի կիրառմամբ։ Քաղաքական, տնտեսական և տեղեկատվական–հոգեբանական ազդեցության գործիքակազմով Ռուսաստանը ձգտում է պահպանել հարևան պետությունների ռազմավարական ընտրության վրա ներգործելու հնարավորությունը։
Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի հետխորհրդային պետություններիը որպես ինքնուրույն գոյության սահմանափակ կարողություն ունեցող քաղաքական միավորներ ներկայացնելու մոտեցումը։ Ռուսաստանյան քաղաքական խոսույթում շրջանառվող «недогосударство» («ոչ լիարժեք պետություն») բնորոշումը արտացոլում է այն գաղափարական տրամաբանությունը, ըստ որի՝ որոշ պետությունների ինքնիշխանությունը պայմանական բնույթ ունի, իսկ նրանց անվտանգությունն ու կայունությունը կախված են արտաքին՝ ռուսական հովանավորչությունից: Նման ընկալումը հնարավորություն է տալիս ազդեցության պահպանումը ներկայացնել ոչ թե որպես միջամտություն ինքնիշխան պետության ներքին գործերին, այլ որպես տվյալ պետության պետության անկայունությունը կանխելու անհրաժեշտություն։
Հայաստանի պարագայում այս տրամաբանությունը դրսևորվում է պետական կարողությունների նկատմամբ անվստահություն ձևավորող նարատիվների միջոցով։ ԱՄՆ–ի և ԵՄ–ի հետ հարաբերությունների խորացումը, տարածաշրջանային ապաշրջափակման նախագծերն ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը զգալիորեն թուլացրել են Ռուսաստանի՝ որպես անփոխարինելի միջնորդի և անվտանգային երաշխավորի դիրքերը։ Հետևաբար, Հայաստանի պետական ինստիտուտների նկատմամբ անվստահության խորացումը քաղաքականապես նպաստավոր է այն դերակատարների համար, որոնք ձգտում են վերականգնել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի Հանրապետությունում:
Այսպիսով՝ ներկայացված փաստարկները հիմք են տալիս Հայաստանի պետական կարողությունների նկատմամբ անվստահություն ձևավորող նարատիվները դիտարկել Ռուսաստանի ազդեցության վերականգնման ավելի լայն քաղաքական համատեքստում. պետական անկարողության, խաղաղության անհնարինության և «արտաքին երաշխավորի» անփոխարինելիության թեզերը միտված են այն ընկալման արմատավորմանը, թե Հայաստանը՝ որպես պետություն, կարող է կենսունակ լինել միայն ռուսաստանյան հովանավորչության ներքո։ Հետևաբար՝ Հայաստանի դիմակայունության բարձրացման կարևոր բաղադրիչը պետք է լինի ոչ միայն տեղեկատվական միջամտությունների ու դրանց տարածման մեխանիզմների բացահայտումն ու չեզոքացումը, այլև պետական ինստիտուտների շուրջ այնպիսի միջավայրի ձևավորումը, որտեղ հիմնավորված քննադատությունը չի վերածվում պետության ինքնուրույն գոյության ու սուբյեկտայնության ժխտման։
Հեղինակ՝ Էլեն Հոխիկյան
Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ։ Հոդվածի բովանդակության համար պատասխանավություն է կրում «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» (ԿԳԱՃ) մտակենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտացոլի ԺԶՀ պաշտոնական դիրքորոշումը: